«Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը մտահոգված է՝ տոնավաճառներում դատարկություն է, առեւտուր չկա: Ըստ նրա՝ այս տարի եղանակն էլ առեւտրականների օգտին չէր ու եւս մի հանգամանք վատ առեւտուրին նպաստող:
«Ձմեռային հագուստի 30 տոկոսը վաճառվեց, մնացածը մնաց առեւտրականին, առեւտուրն այսօր շատ վատ է նաեւ արտագաղթով պայմանավորված: Այս տոնական օրերին մեծ ակնկալիքներ ունեինք, որ լավ առեւտուր է լինելու, բայց չարդարացան մեր սպասելիքները, պատճառն էլի մարդկանց արտագաղթն է, մարդ չկա, դատարկություն է տոնավաճառներում, բացի այդ տեղերի վարձակալության խնդիրն է լուրջ, տոնավաճառներում մեկ մետրի համար վարձակալությունն արժե 5 000-12.000 դրամ: Գոնե, եթե առեւտուր չկա, վարձակալության գներն իջեցնեն, վիճակն իրոք վատ է»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Դանիելյանը:
Դանիելյանը չի կարծում, որ վատ առեւտուրը պայմանավորված է ապրանքների թանկ գներով, պնդում է՝ կարող է ցանկացած տոնավաճառով պտտվել, գները ցույց տալ.
«Չկա թանկացում, թանկացել են միայն Թուրքիայից բերվող ապրանքները, որովհետեւ թանկացումը հենց Թուրքիայում է ՝ մոտ 20 տոկոսով: Մեզ մոտ շատ թույլ է թանկացումը դրսեւորվել, ապրանքը լճացել է, դրա համար չի կարող թանկացում լինել, գուցե հացն է թանկացել»:
Նա նաեւ ասաց, որ քանի որ առեւտրականների մեծամասնությունը բարձրագույն կրթություն չունեցողներ են, իրենց կազմակերպությունը ծրագրել է իրավական խորհրդատվություն տրամադրել բոլորին, որոնք դրա կարիքն ունեն. «Մենք պետության դեմ չենք դուրս գալիս, ուզում ենք, որ մեր ժողովուրդն օրենքն իմանա, վստահ լինի իր վրա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ