Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իր որդու սպանության հետ որեւէ կապ չունեմ». Լուսինե Գինոսյանը հերքում է, որ սպանության պատվիրատուն ինքն է

Մարտ 12,2018 19:12

Այսօր ի պաշտպանություն 25-ամյա որդուն՝ Արտյոմ Ադանալյանին կորցրած մոր՝ Ռուզաննա Ադանալյանի, ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ցույց էր կազմակերպվել, որին մասնակցում էին իրավապաշտպան ՀԿ-ներ:

Ցույցի ժամանակ Ռուզաննա Ադանալյանը հրապարակային հայտարարեց, որ իր որդու սպանությունը պատվիրված է եղել եւ պատվիրատուն Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է:

Aravot.am-ի հետ զրույցում վերջինս հերքեց, որ ինքը կապ ունի Արտյոմ Ադանալյանի սպանության հետ, ավելին՝ ասաց, որ տարիներ շարունակ Ադանալյանը մամուլում իրեն զրպարտում է, այլեւս չի էլ ուզում արձագանքել դրանց՝ մտածելով, որ թող Ադանալյանն իր լուտանքները թափի. «Ռուզան Ադանալյանին ես շատ վաղուց եմ ճանաչում, 9 տարի առաջ ուրիշ 7 տուժողների անունից նաեւ եղել է իր դեմ բողոք՝ խարդախության, առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակման հոդվածով:

Ռուզան Ադանալյանի նկատմամբ հարուցվել է 3 քրեական գործ, հետագայում երեք գործերը միավորվել են: 4 տարի շարունակ այդ գործը կարճվել է, ես եւ մյուս տուժողը բողոքարկել ենք տարբեր ատյաններում: Ռուզան Ադանալյանն ինձ է ասում համակարգում ծանոթներ ունեմ, բայց միայն համակարգում ծանոթներ ունեցողը կարող էր 8-10 տարվա երեք հոդվածի տակից դուրս գար կարճված: Հիմա էլի կա մեր միջեւ քաղհայց՝ գումարի բռնագանձման պահանջով:

Ես նույնիսկ իր գրած նամակը խնդրել եմ, որ ուղարկեն ոստիկանություն, որ իր ասածների հետ կապված նյութեր պատրաստեն, ստուգեն, որ վերջապես ինքը լռի: Բայց էս մարդը լռել չունի: Իսկ ինչ մնում է սպանելուն, փողոցում տուժողին ծեծելուն, տուժողի աղջկան պարտքի տեղ ուզելուն, դա միայն Ռուզան Ադանալյանին է հատուկ: Ես իր որդու սպանության հետ որեւէ կապ չունեմ: Ճիշտ է, ինքը ինձ մեծ վնաս է պատճառել, բայց ես չեմ համարում իրեն ինձ թշնամի: Այս պահին ինքը վրեժ է լուծում, այն էլ ինչ ձեւով: Դա իր հերթական զառանցանքն է, հերթական զրպարտությունը: Ես ընդհանրապես ոչ իր տղային եմ ճանաչում, ոչ իր ամուսնուն, ես ճանաչել եմ միայն իրեն ու իր աղջկան: Ես այդ ամենի հետ ոչ մի կապ չունեմ, սա հերթական զրպարտությունն է: Ես ցավում եմ իր տղայի համար, երիտասարդ էր, շատ եմ ցավում, բայց որ մարդ կարող է ստորանալ ու իրար հետ կապ չունեցող երկու բան կապել իրար…»:

Լուսինե Գինոսյանն ասաց, որ իր որդու սպանության պատվերի մեջ Ադանալյանն իրեն մեղադրել է նաեւ ոստիկանությունում, իրեն հրավիրել են ոստիկանություն, ինքը պատասխանել է բոլոր հարցերին. «Զրպարտանք է այդ բոլորը, սուտ մատնություն»:

Մենք ճշտեցինք՝ դուք շտապօգնության հետ չե՞ք համագործակցել եւ թույն ներարկել Արտյոմ Ադանալյանին՝ Լուսինե Գինոսյանը քմծիծաղ տվեց. «Շտապօգնության հետ ես ի՞նչ կապ ունեմ, ես ճանաչո՞ւմ եմ շտապօգնության մարդկանց»:

Որպես իր խոսքերի ապացույց՝ տիկին Գինոսյանը խմբագրությանն ուղարկեց Ռուզաննա Ադանալյանի քրգործի նյութերից, որոնք հրապարակում ենք ստորեւ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031