Լրահոս
Օրվա լրահոսը

«Որդուս սպանության հանգամանքները խեղաթյուրվել են հենց գլխավոր դատախազությունում». Ռուզաննա Ադանալյան

Մարտ 12,2018 17:58

Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ իր որդու սպանության հանգամանքների խեղաթյուրումը սկսվել է հենց գլխավոր դատախազությունից:

«Կեղծվել են փաստաթղթեր, վերացվել են իրեղեն ապացույցներ, որդուս սպանությունն իրականացվել է խմբի կողմից, եղել է պատվիրված, որի հետ կապված կան ապացույցներ ու փաստեր, ինչը թաքցվել է»,- այսօր Մեդիա կենտրոնում ասաց չորս տարի առաջ սպանված զինծառայող Արտյոմ Ադանալյանի մայրը:

Բանախոսը նկատեց, որ սպանության գործը քննող Շիրակի դատավոր Աշոտ Մանուկյանը թույլ է տվել մի շարք ապօրինություններ. «Դատաքննությունն ավարտվել է, վաղն իմ ճառի հերթն է, մինչեւ ճառի հերթ հասնելը նշեմ, որ քրեական գործում առկա են բազմաթիվ ապօրինություններ, որոնք դատավորը փորձում է շրջանցել: Կան վկաների ցուցմունքների հակասություններ, օրինակ՝ թե ժամը քանիսին է որդիս սպանվել, նույնիսկ նրա՝ Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխելու տեսանյութով արձանագրված փաստն է աղավաղված, բայց դատարանում հնարավոր չեղավ այլ միջոցներով հասնել վկաների ցուցմունքների հակասության վերաբերյալ արդարության»:

Բանախոսը նկատեց, որ որդին վնասվածքներ էր ստացել թոքերի ու սրտի հատվածում, ինչի վերաբերյալ գործը քննող քննիչը մի շարք հարցեր էր առաջադրել դատաբժշկին, այդ հարցերին, ըստ տիկին Ռուզաննայի, դատաբժիշկը միտումնավոր չի պատասխանել. «Հարց է տրվել, թե ինչքան են սրտի, թոքերի հատվածում հասցված վնասվածքների վերքային խողովակների չափսերը, կրկին չի պատասխանվել, սրանց պատասխանն էլ դատարանում չստացանք, չկա նաեւ այն հարցի պատասխանը, թե որդուս հասցված վնասվածքները տարբեր, թե միեւնույն գործիքներով են հասցվել, այս հարցը եւս մնաց բաց»:

Ըստ նրա՝ փորձագետները սխալ եզրակացություն են տվել, որդու հագուստի վրա առկա ութ վնասվածքները համադրելով մարմնի վրա առկա երկու վնասվածքների հետ. «Գիտական մեթոդներով որեւէ կերպ չեն կարողացել ապացուցել, թե ինչու հագուստի ութ վնասվածքներից մարմնի վրա առաջացել են երկու վնասվածք, հիմք են ընդունել, թե գուցե հագուստը ծալված է եղել, առանց կարողանալու ապացուցել, որ իրոք հագուստը ծալված է եղել: Հետքաբաններն ասացին, որ դատաբժիշկները պետք է այդ հարցերի պատասխանը տային»:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031