Այսօր «Բլից ինֆո» ակումբում ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ չի տեսնում այն քայլերը, որով հնարավոր լինի կանխել, որ ՀՀԿ-ն չառաջադրի այս կամ այն թեկնածուին. «Քաղաքական որոշ ուժեր ուզում են վարչապետի թեմայի շուրջ պրոցեսներ տանել: Ես ողջունում եմ այն ակտիվությունը, որ կա քաղաքական ընդդիմադիր դաշտում, միասնական օրակարգ չկա, որի շուրջ կարելի է հանդես գալ, սա ինչ-որ չափով համախմբում է քաղաքական ուժերին: Մենք ունեցանք հանրահավաք, որը մեղմ ասած, մարդաշատ չէր, ամեն դեպքում մարդիկ ջանքեր են գործադրում, որ ակտիվացնեն ընդդիմադիր դաշտը: Թեեւ, անկեղծ ասած, այն կարգախոսները, որ հնչում են, այն առաջնահերթության կետերը, որ նշում են, ես իրատեսական չեմ համարում»:
Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ քաղաքական ընդդիմադիր դաշտը չի համախմբվում եւ այն ուժերն էլ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հանրության վրա, նրանք եւս ակտիվություն չեն ցուցաբերում եւ որեւէ կերպ չեն կարող ազդել ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանի առաջադրվելու դեմ: Ըստ նրա, երբ Ազատության հրապարակի հարթակը հարստանա նոր մտքերով, նոր իդեաներով, ընդդիմությունը կարողանա միասնական հանդես գալ, գուցե արդյունք լինի, այսօր դրա հնարավորությունը չի տեսնում, վկայությունը՝ օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքն էր. «Միայն հայտարարությամբ եւ համախմբման կոչով դա իրականություն չի դառնա, պետք է բանակցել քաղաքական ուժերի հետ, փորձել քաղաքական ուժերի օրակարգերի հետ հարմարեցնել, փորձել կոնսենսուսի գնալ»:
Թե ինչու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը ոտքի չի հանի հանրության լայն զանգվածների, Լյուդմիլա Սարգսյանն այսպես բացատրեց. «Դրա վրա ներազդելու որեւէ հնարավորություն չկա, քաղաքացին տվեց իր ձայնը ՀՀԿ-ին, գիտենք ինչ ձեւով տվեց, ինչպես մարդիկ 10 հազարով իրենց ձայնը տվեցին այս կամ այն ռեյտինգային թեկնածուին, կարողացան իրենց ձայներով մեծացնել ՀՀԿ-ի ձայները եւ այսօր ակնկալել, որ ժողովուրդն ակտիվ կտքնի քաղաքական պրոցեսների մեջ իրատեսական չի: Չէ՞ որ մարդը արդեն փողը վերցրել է եւ ներքին խնդիր ունի, ինքը ծախել է իր ձայնը: Որքան էլ մտածում ենք, որ իշխանությունից դժգոհ լինելով՝ դուրս կգան փողոց, բայց նա արդեն ինքը իր հետ խնդիր ունի, փող է վերցրել եւ ձայն է տվել»:
Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ փող վերցնող քաղաքացին այն ակտիվությամբ չի գնա Ազատության հրապարակ, ինչպես այն դեպքում, եթե ազատ քվեարկեր. «Եթե ինքն արդեն գործարքի է գնացել, հիմա ինքն իր խղճի հետ խնդիրներ ունի: Հետո նախկին հանրահավաքային պայքարի փորձերը հաշվի չեն առնում, ժողովուրդը հիասթափություն է ապրում ամբողջ քաղաքական դաշտից: Եթե չի սիրում իշխանությանը, որոշ չափով չի վստահում նաեւ ընդդիմությանը: Եթե անընդհատ կանչում ես հրապարակ, խոստումներ ես տալիս ու չես կարողանում խոստումները կյանքի կոչել, մարդը մտածում է՝ իմաստ ունի՞ գալ հրապարակ եւ փորձել պայքարել»:
Aravot.am-ի հարցին՝ երբ խոսում եք ընդդիմադիր դաշտի համախմբման մասին, ո՞ր ուժերին նկատի ունեք, որովհետեւ հանրահավաքում կարծիքներ հնչեցին, որ քաղաքական ուժերի 99 տոկոսը կառավարվում է Բաղրամյան 26-ի կողմից, հետեւաբար նրա՞նք պետք է պայքարեն Սերժ Սարգսյանի դեմ: Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ եթե այնպիսի ուժ տեսներ, որ հարյուր տոկոսանոց ընդդիմադիր է, այնտեղ կլիներ. «Ոչ թե համամիտ եմ հնչեցված կարծիքի հետ, ուղղակի հասկանում եմ, որ լրջագույն փորձ ունեցող քաղաքական ուժերն այսօր իրենց անելիքը քաղաքական դաշտում այս հարցի շուրջ չեն տեսնում, որովհետեւ հասկանում են՝ վարչապետ նշանակելը մի պրոցես է, որի դեմ իրենք չեն կարող պայքարել: Երբ ասում են՝ մենք պայքարում ենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ինչո՞ւ այդ դեպքում չեն հնչեցնում՝ իսկ ո՞ւմ են ուզում տեսնել նրա փոխարեն: Դա շատ կարեւոր հարց է: Եթե պայքարում ես մի մարդու դեմ եւ չես առաջարկում, կամ չես հնչեցնում այն մարդու անունը, որը նույնպես այսպես թե այնպես պետք է լինի ՀՀԿ-ից, ես այդ պայքարում իրական ազդեցություն չեմ տեսնում: Անձի դեմ պայքարում ես, բայց մեկ այլ անձ չե՞ս առաջարկում: Շատ կարեւոր է, որ մարդիկ լսեն՝ իսկ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ, ո՞ւմ եք ուզում դուք տեսնել»:
Ըստ տիկին Սարգսյանի, մարդկանց համար անորոշ է այդ հարցը, ուստի դա բավարար չի, որ նրանք դուրս գան փողոց. «Մարդիկ կարծիքների համար փողոց դուրս չեն գա: Նրանք կոնկրետ խոսքեր են ուզում լսել, թող առաջարկեն այն, ինչ կարող են անել»: Ըստ նրա, եթե հստակ բան չեն առաջարկում, քաղաքական ուժի ինքնադրսեւորման փորձ է դառնում այդ պայքարը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ