Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը Առափի գյուղի ջրերի ուղղությունը փոխել է

Մարտ 12,2018 17:16

Առափի գյուղի բնակիչները ջրերի ձեռքը կրակն են ընկել: Շիրակի մարզի այս գյուղում ստորգետնյա ջրերն այնքան շատ են, որ ոռոգման նպատակով հարեւան գյուղերին էլ կբավարարի, սակայն խնդիրն այն է, որ ջրերը հոսում են մարդկանց տների տակով` ժամանակի ընթացքում խարխլելով հիմքերը: Առափիում շատ տների պատեր արդեն նկատելի ճաքեր ունեն, մի քանի գյուղացու տուն էլ պարզապես փլուզվելու վտանգի տակ է եղել եւ կառավարությունը նրանց փոխհատուցել է:

Առափի համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանի խոսքով, րոպեում 40 լիտր ջուր է դուրս տալիս, օրեկան գյուղապետարանը 64 տոննա ջուր է հեռացնում ու այն խողովակներով ուղղում Ախուրյան գետը: Գյուղապետարանը ջրի քանակի վերաբերյալ հաշվարկներն ու պատկերացումները կազմել է այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Ճապոնիայի կառավարության միջոցներով գյուղում ջրահեռացման համակարգ է կառուցվել: Այդ օրվանից ջուրը գյուղացիների տների տակից էականորեն նվազել է: Այս մասին հաստատել են նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, որոնք այդ գյուղում պարբերաբար հետազոտություն են իրականացնում:
Համակարգը ներդնելու համար Առափին 114 հազար դոլար դրամաշնորհ է ստացել:

Ճապոնիայի կառավարությունից ստացած միջոցներով ջեռուցման համակարգ կանցկացվի Սպիտակ քաղաքի թիվ 8 դպրոցում: Այն կաշխատի արեւային էներգիայով: Այս դպրոցը երկրաշարժից հետո է կառուցվել: Տնօրենի խոսքով, էլեկտրամատակարարման համակարգը ֆիզիկապես մաշվել է եւ անկախ այն բանից, որ 4,5-ից 5 միլիոն դրամ են ծախսում միայն ջեռուցման նպատակով, միեւնույն է, երեխաները չեն տաքանում, միջանցքներում, զուգարաններում, սպորտդահլիճում ցուրտ է, դասասենյակներն էլ էլեկտրական սալիկներով են ջեռուցում, սակայն պահանջվող ջերմաստիճանը չի ապահովում: Տնօրենը հաշվարկել էր ու պարզել, որ նոր ջեռուցման համակարգը հնարավորություն կտա 1,5-ից երկու միլիոն դրամ տնտեսել, երեխաներն էլ չեն մրսի: Սպիտակի այս դպրոցն արդեն երեք տարի է ներառական է. այստեղ սովորում են հատուկ կարիքներով 28 երեխա:

Երեկ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին այցելեց այս դպրոց` ջեռուցման ծրագրի պայմանագիրը կնքելու: Դեսպանը եղավ դասասենյակներում: Դպրոցն ունի նաեւ լողավազան, որը նույնպես ցրտի պատճառով չեն կարողանում աշխատեցնել:

Սպիտակի մեկ այլ դպրոցի էլ դեսպանատունը գույք էր նվիրաբերել, դռներն ու պատուհանները փոխել, սպորտդահլիճի տանիքը բարեկարգել:
Պարոն Էյջի Տագուչին այցելեց նաեւ Սպիտակի հուշարձանների պուրակ: Այստեղ Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին խաչքար է կանգնեցվել:
ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը նշեց, որ ցունամիի հետեւանքները աշխարհում գնահատվել է տնտեսական ամենամեծ վնասը հասցված աղետը, որի տնտեսական վնասը կազմել է 300 միլիարդ դոլար: Պարոն Կարապետյանը նաեւ ասաց, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին Ճապոնիան այն երկրներից էր, որը կանգնած էր Հայաստանի կողքին:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031