Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եկել եմ դատախազություն ասելու, որ եկեք ինձ սպանեք». Որդեկորույս մայրը պահանջում է հանդիպում դատախազի հետ

Մարտ 12,2018 17:07

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ի պաշտպանություն 25-ամյա որդուն՝ Արտյոմ Ադանալյանին կորցրած մոր՝ Ռուզաննա Ադանալյանի, ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ցույց էր կազմակերպվել:

Ռուզաննա Ադանալյանի որդու սպանության գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է: Մայրը պնդում է, որ դատավորը կաշառք է վերցրել, բազմաթիվ ապացույցներ պարտակում է եւ խայտառակ դատական նիստեր անցկացնում:

Ռուզաննա Ադանալյանը պահանջում էր հանդիպում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նրան եւ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին դատախազությունում ընդունեցին, բայց Դավթյանի հետ հանդիպում չխոստացան: Դատախազությունից ասել էին, որ ամսի 15-ին հանդիպում է նշանակված դատախազի տեղակալի հետ:

Ի պատասխան՝ Ռուզաննա Ադանալյանն էլ պնդել է, որ կուշտ է տեղակալների հետ հանդիպումից, իր նպատակը դատախազի հետ հանդիպումն է. «Բավ է արդեն, 3 տարի ես բոլորի հետ հանդիպել եմ, որեւէ տեղաշարժ չկա: Այլասերված դատաքննություն է, մի կաշառակեր դատավոր Աշոտ Մանուկյանի հետ…Ես ամսի 15-ին կգամ, բայց որեւէ հույս չեմ կապում, սուտ են, էս դատախազությունը պետք է փակել: Կհանդիպեմ տեղակալի հետ, ի՞նչ է փոխվելու դրանից, արհեստական ձեւ է՝ քաղաքացուն խաբելու: Կաշառք են վերցրել, հիմա ի՞նչ են անելու՝ կաշա՞ռքն են հետ տալու, իրենք իրենց վրա քրգո՞րծ են հարուցելու, ո՞ր մեկն են անելու, իրենք փակուղու առաջ են կանգնած, ուզում են հրեն, այս գործը գնա առաջ»:

Ռուզաննա Ադանալյանը վստահեցնում է, որ ամբաստանյալի համախոհներն իրեն ահաբեկում են, սպառնում են լեզուն կտրել, մեքենայի տակ գցել: Նա ասաց, որ դատախազին եկել է ասելու, որ իրեն չեն կարող ահաբեկել ու վախեցնել. «Ես չեմ վախենում ոչ մեկից: Եկել եմ դատախազություն ասելու, որ եկեք ինձ սպանեք: Եթե պատվեր եք ընդունել ու տղայիս սպանել, հաջորդը ես եմ: Եկել եմ ասեմ՝ սաֆարովներ, դո՛ւրս եկեք, ինձ էլ սպանեք, պրծնեմ»:

«Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռուզաննա Ադանալյանի որդու սպանությունը շարքային հանցագործություն չէ, ակնհայտ է, որ այստեղ շատ լուրջ խնդիրներ կան, պարտակվել են ապացույցներ, խեղաթյուրվել են, չեն բացահայտվել անձինք, չեն հարցաքննվել այն անձինք, որոնք պարտադիր պետք է հարցաքննվեին. «Դատավորն այնպիսի իրավիճակ էր ստեղծում դատարանում, որ հնարավոր չլինի նորմալ նիստ անցկացնել: Տիկին Ռուզաննայի զգացմունքային ելույթները կարող է տպավորություն թողնեն, որ նա որդեկորույս մայր է, ուղղակի էմոցիոնալ պոռթկումներ է ունենում, ես ամեն բառի տակ տիկին Ռուզաննայի կարող եմ ստորագրել: Նրա ասածների տակ կան ապացույցներ թե՛ թույնի հետ կապված, սրվակում եղել է թույն, թե՛ ժամանակին հիվանդանոց չեն հասցրել տղային: Տիկին Ռուզաննային բռնության են ենթարկում դատարանի դահլիճում եւ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ՀՔԾ շենքում է նա բռնության ենթարկվել, մեքենայի տակ են գցել ու որեւէ մեկը մինչեւ այսօր պատասխանատվության չի ենթարկվել, ամենայն հավանականությամբ ծածկադմփոց է արվում նաեւ այդ գործը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031