Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մասնավորապես խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակներին՝ նշելով, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել վարորդներից առ այն, որ տվյալ ցուցանակների լույսերը հատկապես երեկոյան և գիշերային ժամերին թյուրիմացության մեջ են գցում նրանց՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակ:
«Իրականում սա հիմնավոր դժգոհություն է, ու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Հաճախ տեսնում ենք, որ կանաչ լուսավորությամբ այդ ցուցանակներն այնքան մոտ են խաչմերուկներին, որ վարորդներին իսկապես շփոթության մեջ են գցում ու շեղում են ուշադրությունը լուսացույցից՝ ստիպելով մարդկանց ակամայից խախտել ճանապարհային կանոնները: Սա իսկապես անթույլատրելի է, ըստ այդմ, ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով ու դեղատների սեփականատերերի հետ բանակցելով քայլեր ձեռնարկեք սեղմ ժամկետում տվյալ ցուցանակների խնդիրը կարգավորելու ուղղությամբ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն