Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինս Մերսին քաղաքում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ ցույց է տվել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» նշանը։
Նշենք, որ «Գորշ գայլերի»-ի քաղաքական թևը հանդիսանում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, որն այժմ համագործակցում է Էրդողանի կուսակցության հետ։
«Մի՛ բարկացեք ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի վրա։ Մենք զգուշացնում էինք։ Էրդողանը այսօր հայտարարեց այն, ինչը արդեն հայտնի էր։ Որտեղից ո՞ւր ենք հասել»,-գրել է Փայլանը։
Էրդողանը, վերոնշյալ ժողովի ժամանակ «Գորշ գայլերի» նշանը ցույց տալով, վանկարկել է. «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ պետություն, մեկ հայրենիք»։
Աղբյուր` Twitter
Արեւմտահայերէնում հնչիւնական համակարգը երկաստիճան է՝ ի տարբերութիւն գրաբարի եւ արեւելահայերէնի: Բառերի գրութիւնը (ուղղագրութիւնը) նոյնն է, մինչդեռ արտասանութիւնը՝ այլ:
Գ-Կ-Ք եռեակում՝ Գ-ն արտասանում ենք Ք, իսկ Կ-ն արտասանում ենք՝ Գ: Լատինատառ տառադարձելիս՝ հիմք է ընդունւում արտասանուող տարբերակը:
Հիմա օրինակներ բերեմ, որ պարզ լինի՝
Կաթողոկոս Վազգէն Ա-ի էջը Վիքիպեդիայում՝ https://en.wikipedia.org/wiki/Vazgen_I
Թէ՛ արեմտահայերէն, թէ՛ արեւելահայերէն եւ թէ՛ գրաբար գրում ենք ՎԱԶԳԷՆ, բայց արեւմտահայերէն արտասանում ենք «վազՔէն», դրա համար էլ լատինատառ տառադարձում ենք vazKen:
Նոյն տրամաբանութեամբ Վեհափառի աւազանի անունն է Լեւոն-Կարապետ: Արեւմտահայերէն գրւում է ԿԱՐԱՊԵՏ, բայց երկաստիճան համակարգի պատճառով կարդացւում է «ԳարաԲեԴ», դրա համար էլ լատինատառ տառադարձում ենք GaraBeD:
Այսքանը գրում եմ ցոյց տալու, որ ՓԱՅԼԱՆԻ անունը Կարապետ է, կրճատ՝ ԿԱՐՈ: Իսկ ԿԱՐՈ անունը արեմտահայերնում արտասանւում է (կրկնում եմ՝ արտասանւում է) «Գարօ», դրա համար էլ լատինատառը դառնում է GARO:
Իսկ դուք հայերէնը գրել էք ԳԱՐՈ, որը ճիշտ կը լինէր, եթէ Փայլանի անունը ԳԱՐԵԳԻՆ լինէր: Բայց Գարեգին չէ, Կարապետ է:
Ուրեմն ճիշտ տարբերակն է՝ հայ. ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆ, լատ. Garo Paylan: Ինչ վերաբերում է արտասանութեանը՝ արեւելահայն ասելու է «կ-ա-ր-ո», իսկ արեւմտահայն արտասանելու է «գ-ա-ր-ո»: