Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծերատ լամպի լույսը (պատմվածք)

Մարտ 12,2018 16:38

Եվրոպական թափառիկ ուրվականի ավերից հետո շատերն էին լքել գավառական քաղաքն ու մեկնել: Ոմանք ՝ Վերին Երուսաղեմ, ոմանք՝ ուր կպատահի: Մնացյալն էլ ապրում էր՝ ինչպես կարող էր: Սակավամարդ փողոցներով անցնող-դարձողները ծանրախոհ էին, մռայլ:

Վաղ գարնանային ջերմաշունչ մի առավոտ էր, կանգնած էի աշխատատեղիս մուտքի մոտ, երբ խրոխտ ու ժիր մեկը գոչեց.

-Ի՞նչ կա-չկա:

-Ռուբե՞ն, արի՝ տեսնեմ, գործ կա:

Նա, որ դուրս էր գալիս թոնրատնից, պոլիէթիլենային տոպրակը լավաշով հանդերձ փեշի տակ խոթելով, մղվեց դեպի ինձ:

-Լսում եմ Ձեզ, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,-հնչեց նրա գինեբույր, բարեկիրթ խոսքը:

Նրան գիտեի հերվանից, երբ բանվոր էր աշխատում վերանորոգվող մեր հիմնարկում:

-Ի՞նչ գործ է, ե՞րբ անենք: Ինչ կտաս՝ կտաս: Դա խնդիր չէ,-փութով վրա տվեց նա:

Երեք հատ՝ չորս-հինգ տարեկան թթենի կա, պետք է փոխադրենք ու վերատնկենք: Պատասխանատու գործ է, վստահելի մարդ է պետք,-քմծիծաղելով կատակեցի:

-Պատասխանատու՜, վստահելի՜,-խորամանկ ժպտալով ասաց: -Դե, ծառ է , էլի՜, կպոկենք, կտնկենք: Տհենց գործեր ենք անու՞մ: Մի կես ժամից կգամ:

-Կա՛ց, լսիր՝ ինչ եմ պատմում: Գործը դեռ կհասցնենք: Քեզ նման մի ծանոթ ունեի, երկարաբոյ, շիտակ մի մարդ: Նա ծարավ էր, օղու ծարավ ու երբեք չէր հագենում: Կոնծում էր այնքան, մինչև կտապալվեր: Մի անգամ, աշնանամուտի պաղ մի օր, երեկոյան աղջամուղջին նրան տեսա թատրոնին մերձակա մայթին փառահեղ քնած: Թևից քաշքշելով՝ հազիվ արթնացրի: Հորդորեցի վեր կենալ, տուն գնալ: Հազիվ կանգնեցրի ու նստեցրի մերձակա նստարանին: Պղտոր հայացքում ժպիտ խաղացնելով՝ ասաց:

-Հեն էի քաղաքավարի քոն իլած, հո՞ր վեր կացրիր, ախպեր ջան:

-Ա՛յ խելոք,-ասացի,- մի օր էլ տապալվելու ես, դդումդ զարնես քարին՝ կոտրես: Ու Քեզ նման ընկեր ես էլ որտեղի՞ց եմ ունենալու:

Այդպես էլ եղել է:

-Էդ Երոն է ասե՞լ, հորեղբորս տղան: Անխելքը միշտ էլ մնում է անխելք,- քիչ սրտնեղած հարցրեց:

-Ինչը՞:

-Որ խմում եմ:

-Էդ Դու էլ ես ծարա՞վ:

-Ա չէ, է՜:

-Չէ, ես ուրիշ բան եմ պատմում, լսիր,-շարունակեցի.- էս ծանոթս հայտնի թթենի տնկող էր, խորացել էր այդ գործում: Ուրախանում էր, երբ տեսնում էր, որ շուկայում թթենի են վաճառում: Ծածուկ հետևում ու պարզում էր, թե ով էր գնել տնկին: Հաջորդ օրը տնկված ծառն անհետանում էր:Կամէլ քաղաքամերձ այգիներից երիտասարդ ծառեր թռցնելով՝ վաճառում էր: Հաճախ պատահում էր, որ միևնույն ծառը մի քանի անգամ վերավաճառում էր:

Ահա՛, սրա համար եմ ասում, որ էս գործը պատասխանատու և վստահելի մարդ պետք է կատարի:

-Բա ես էդ տղան ե՞մ,-սրտնեղած ասաց:-Ոսկի, ադամանդ փռիր՝ չեմ վերցնի: Ինձ պետք չէ ուրիշի ունեցածը: Լա՛վ, գնացի: Մի կես ժամից կգամ:

Ասաց ու օձիքն ազատածի պես հեռացավ:

Քիչ հետո վերադարձավ իրենից զգալիորեն տարիքով մեկի հետ:

-Ընկերս է՝ Արտաշը,-ասաց,-միասին ավելի արագ ու հեշտ կանենք գործը:

Նրանց երկչոտ ու տրտում հայացքից հասկացա, որ անոթի են: Ծխախոտ խնդրեցին: Առաջարկեցի տեղավորվել այգու տաղավարում ու քիչ սպասել: Ծանրախոհ քայլեցի դեպի մոտակա խանութ:

-Ի՞նչ նեղություն է,- թռուցիկն հայացք նետելով բերածս պրովիզիային՝ խոնարհաբար վրա բերեց Ռուբենն ու ավելացրեց,- գործը կպրծնեինք՝ նոր,-միաժամանակ ստացած ծխախոտատուփերից մեկն ընկերոջը մեկնելով:

Փոքր սեղան բացեցի՝ առաջարկելով մի բան ուտել:

Սիգարետի ծուխն ագահաբար կուլ տալով՝ երկչոտ ու ներողամտություն հայցող հայացքով նայեց աչքերիս մեջ ու քրթմնջաց.

-Բա մենք առանց օղի բան ենք ուտու՞մ:

Պռնկեպռունկ լցրեց երկու բաժակները, ողջություն մաղթեց ու առանց զարկելու ընկերոջ բաժակին, տոչոր շրթունքներով դանդաղորեն կլլեց հեղուկը:

Հորդորեցի կարգին հաց ուտել: Քիչ ուտելուց հետո, նա աղերսական դիմախաղով հասկացրեց՝ կրկին օղի լցնել ու ասաց.

-Լսել ե՞ս, շեֆ, որ ասում են՝ ավելի լավ է գլուխդ դատարկ լինի, քան՝ բաժակդ:

-Կարող է՞, այ ավազակ, մեկն էլ խմելուց հետո ասես, որ եթե աշխատանքը խանգարում է խմելուն, պետք է թողնել աշխատանքը: Մեկը բավարար է և ավելին: Մնացածը՝ ծառատունկից հետո,-վրա բերեցի առարկություն չհանդուրժող տոնով:

Օրվա վերջում, գործը բարեհաջող ավարտելուց հետո, վարձն առած, գոհացած Բարձրյալից՝ իրենց պարգևված հաց հանապազօրի համար, հրաժեշտ տվեցին և ուրախ հեռացան:

***

Մառախուղը կապարի ծանրությամբ նստել էր քաղաքի վրա, ու երկրորդ օրն էր՝ հեծում էր անդուլ: Գերխոնավությունից լիուլի հագեցած բնությունը տրտնջում էր կարծես: Զգալիորեն ցուրտ էր:

Դարպասի դուռը տխրամած ճռնչաց, և մի սիլուետ թափանցեց բակ: Նա էր՝ Ռուբենը: Կիսավեր, ողբալի մի հորինվածք: Շիկահեր, ցանցառ մազ-մորուքից ջուր էր կաթկթում: Ցեխակոլոլ կոշիկներից մեկի անհնազանդ քիթը շեղակի վեր ցցված էր և ցուցանում էր կարծես կողապատառ դեմքը: Միակ պատվարն, ի հեճուկս տարերքի, հնամաշ բաճկոնն էր:

Ռուբենի աչքերը կապու՜յտ-կապույտ էին՝ լեռնային պարզկա երկնքի նման: Ակնհայտորեն սլավոնական դիմագծեր ուներ:

-Ա՛յ տղա, էդ ի՞նչ հալի ես: Դու չես մրսու՞մ:

-Բա տղամարդը կմրսի՞,-վրա բերեց: Հը՞, ի՞նչ կա, գործ-մործ չկա՞ անելու:

Նա սթափ էր, անոթի, անծխախոտ ու ծարավ: Օղու ծարավ:

 

 

Մինչև աշուն կարիքն այլևս չհալածեց նրան: Այդ օրվանիցմեր այգեպանն ու նրա բնակիչների (փասիաններ, խայտահավեր ու բադեր) խնամակալը դարձավ: Ես էլ՝ իր խնմակալը:

Ամեն առավոտ, որոշակի ժամի նա տեղում էր՝ստանալու օրա մասնաբաժինը:

-Հը՜, Ռուբե՛ն, էսօր ի՞նչ անենք,-հարցնում եմ:

-Ո՛նց ասես,- գրեթե միշտ հնչում էր նույն պատասխանը:

Ստացած հանձնարարությունը կատարում էր խնամքով ու անթերի:

Կարճ ժամանակ անց նա դարձավ մեր պարտեզի արժանավոր պարտիզպանը. սածիլում էր, էտում, հնձում, ոռոգում ու փորում:

Սոսկ կատարող էր նա՝ զուրկ ինքնուրույն որոշում կայացնելու ընդունակությունից: Նախաձեռնողականություն չուներ:Ակնբախ էր՝ իր փոխարեն ուրիշներն էին մտածել, դարձրել անկենսունակ ու կամազուրկ: Իսկ անողոք կյանքն աննկարագրելի կատաղությամբ է քշում նմաններին, տրորում, ոտնատակ տալիս:

Ռուբենն ընթերցասեր էր, կարդացած: Երբ գինովցած էր, սկսում էր խոսել գրականությունից, քաղաքականությունից, մեջբերումներ էր անում այս և այն հեղինակից, վիճում ու վիճարկում:

-Հը՞, տեսնում ե՞ս՝ ինչ են անում մահմեդականները: Բա չէ՝ քրիստոնյաների նման՝ իրենց Աստծո գերեզմանն էլ չեն կարողացել պահել: Մուսուլմանը կքնի՞, եթե Մեքքան ու Մեդինան այլադավանների ձեռքին լինեն: Կարո՞ղ ես գտնել մի քրիստոնյա, որ ռումբը փորին կապի ու հանուն հավատի, հանուն խաչի զոհվի: Չէ՛, չես գտնի, Ալլահի հետևորդները մեզ ուտելու են,-վրդովված գոչեց մի օր, երբ գուժվեց Հին աշխարհամասում հերթական ահաբեկչության մասին:

Զուրկ չէր նաև վեհանձնությունից. բազմաթիվ անգամներ ակամա նրան էի վստահել ամեն ինչ՝ արժեքավոր պարագաներից մինչև այգու բերքը և ամեն անգամ համոզվել՝ ոսկի, ադամանդ փռիր, Ռուբենը չի վերցնի:

***

Նա հարազատ կենսաբանական ծնողների երեսը չէր տեսել: Դեռ մատ մի մանուկ էր, երբ բարուրի մեջ հայտնվեց այս կողմերում, որպես հույսի հյուլե, որպես որդեգիր: Ընտանիքը, որտեղ հայտնվել էր, վաղուց էր, որ կազմավորվել էր, բայց մանկան արարչածին ճիչը համառորեն խուսափել էր հնչել նրանց համեստ հարկի տակ: Խորթ հայրը ծնվել էր քարայրաբնակ բազմանդամ ընտանիքում, որ երջանիկ էր յուրովի: Երկրորդ աշխարհամարտից քիչ առաջ նրա հայրը քաղաքում փոքր տան ու հողամասի տեր էր դարձել, այնուհետև մեկնել ռազմաճակատ ու անհետ կորել: Իսկ երբ որդին՝ Արշակն էր մղվել հեռուներ՝ զինվորական պարտքը կատարելու, վերադարձել էլ կապուտաչյա ու կրակված Նատաշայի հետ: Արշակի մայրն ուսյալ ուսուցչուհի էր: Նրա հորդորով Արշակն էլ հեռակա մանկավարժական ինստիտուտ ընդունվեց: Ընտրյալն էլ մանկավարժ էր: Եվ այսպես, երջանիկ, հանդերձ ընտանյոք, լծված մանկակրթության պատվաբեր գործին, հույսով ապրեցին երկար, բայց զավակ չունեցան: Ամառային մի արձակուրդի ընթացքում հուսավառ, կապուտաչյա հարսը մեկնեց հյուսիսային հարազատ եզերքներ և մեկ ամիս հետո վերադարձավ հույսի աստղով. ճերմակ բարուրի մեջ ճերմակաթույր, կապուտաչյա մանկիկով: Բաղձալի երջանկությունը տիրաբար բազմեց Արշակի վհատ սնարին:

 

***

Որպես տարաշխարհիկ մի տունկ՝ պարարտ հողի մեջ, Ռուբենը մեծացավ գորովալից ծնողների ու տատի փեշի տակ: Նրա մանկությունն ու պատանեկությունը հոսել ենաչալուրջ հայացքներին ի տես, ու վայրկյան անգամ աչքաթող չի մնացել՝ ի հեճուկս իրենց բակի հրոսակ մանչուկների: Հաճախել է երաժշտական դպրոց, զանազան խմբակներ, սովորել բարձր առաջադիմությամբ: Դաստիարակության ու կենսամիջոցների պակաս չունեցած պատանին ապրել է բռան մեջ, բայց, ավաղ, դպրոցն ավարտելու նախաշեմին ծնողները ողբերգական ավտովթարի զոհ են դառնում: Այդ օրվանից նրա բախտի աստղը սկսեց մարել: Մնաց տատի ու հորեղբոր հույսին: Շուտով զորակոչվեց բանակ՝ բարձրագույն կրթություն ստանալու հույսը ուսած: Մնալով մենակ՝ տատը տեղափոխվել էր հորեղբոր՝ Սեդրակի՝ հայրական տան դիմաց իրենց հողամասում կառուցված լուսավոր երկհարկանի տուն:

Էն գլխից Սեդրակի սրտով չէր, որ եղբայրը ռուս կին էր առել, առավել ևս, որ որդեգրել էր ցեղակից մանուկի:

Երբ Ռուբենը վերադարձավ բանակից, տատին գտավ տկար ու հիվանդ: Ծեր կինը շատ էր սիրում նրան և փեշի տակ միշտ բան ուներ պահած նրա համար, իսկ երբ ավանդում է հոգին, պարզվում է, որ կտակով Ռուբենն էլ ուներ բաժին հայրական տնից:

Երեք տասնամյակ էր անցել այն օրից, ինչ նա զորացրվել էր, բայց կտուրն այդպես էլ մոխիր չէր գցել: Բնույթով աստանդական էր ու շրջմոլիկ. այդպես էլ չէր ամուսնացել ու չուներ մասնագիտություն: Որպես բանվոր, արտագնա աշխատանքի չվող խմբերի հետ հաճախ էր եղել հեռուներում, վաստակը սպառել օղու բաժակում:

-Ռուբե՛ն, ինչու՞ չես ամուսնանում,-հարցրի ուրախ մի պահի:

-Հո՞ր է՜, Հո՞ր: Ես ինձ կարացի պահե՜մ… Ստեղ էն ասել է՝ մուկը ծակը չի կարում մտնի, դեռ ցախավելն էլ պոչից են կապում:

-Բա մասնագիտությունդ ի՞նչ է:

-Ղեկավա՛ր:

-Պաշտոնդ չէ, է՜, պաշտոնդ գիտենք, մասնագիտությունդ:

-Դե, բանակում վարորդ եմ սովորել, էլի՜: Ուրեմն՝ ղեկ եմ վարում: Բա ղեկավար չեմ՝ ի՞նչ եմ,-կասեր ու ընդհատ-ընդհատ կծիծաղեր: Թեև կյանքում մեքենա չէր վարել, բայց և վարորդական վկայական ուներ:

Աշնան սկզբներին երկու օր չերևաց: Երրորդ օրը նրա տան սպառած էլէներգիայի վարձը տեղում գանձող աշխատակիցը կամ, ինչպես ինքն էր ասում՝ լույսի մարդը, ով իմ պահանջով վարձն ինձնից էր ստանում, տեղեկացրեց, որ նա տանն է, հիվանդ ընկերոջն է խնամում:

Առաջին անգամ գնացի նրա կացարան: Հանկարծակիի եկած անսպասելի այցից, ներս հրավիրեց: Մտա: Ապշահար սկսեցի աջուձախ նայել: Կատարյալ սոդոմ-գոմոր. սեղանին, պատուհանագոգին, գազօջախին խառնիճաղանջ թափթփված էին տևական ժամանակ անլվա ափսեներ, բաժակներ, սևացած կարասիներ, անկյունում էլ թափթփված էին թիթեղյա պահածոյատուփեր: Դեռ ձմեռվանից դրված փայտի վառարանի կիսաբաց դռնակից նշմարվում էր աղբով լցված ներսը: Երբեք չհարդարվող՝ տակնուվրա երկու անկողիններից մեկի վրա մարդ կար պառկած: Մյուս երկու սենյակների բաց դռներից ներս նույն խառնաշփոթությունն ու աղտեղությունն էր:

-Դե, քիթ սրբելու ժամանակ չկա,- ամոթով ասաց նա,-ստեղեր մի քիչ կարգավորելու, դե… դա ոչինչ, կանենք: Էս մարդը չի լավ՝ երկու օր է՝ բան-ման չի ուտում, տաքություն է տալիս: Դրա համար չեմ երևացել: Հա՛, ի՞նչ կա-չկա,-սրտապնդված հարցրեց:

Որսալով հիվանդի հանդեպ կարեկցական հայացքս՝ շարունակեց.

-Հը՞, չճանաչեցի՞ր, Արտաշն է: Հիշում ե՞ս, ծառերը միասին տնկեցինք:

Իսկ Արտաշը՝ կեղտոտ լաթից գլխաշորով հիվանդը, խուլ տնքում էր:

-Կրակն ընկած եմ: Ինքը կողքը՝ նկուղումն է ապրում, առաջին հարկում, հարևանս է: Մենակ է, կնիկ, ժառանգ չունի: Երկրորդ հարկում եղբայրն էր ապրում՝ ընտանիքով: Թողել, գնացել են Ռուսաստան. Վարկ-մարկ ունեն, պարտք-մարտք, չեն կարողանում ապրել: Դռներ-մռներ փակել են, գնացել: Սա էլ մեռնում է, ի՞նչ անեմ: Բայց՝ ոնց որ դեպի լավն է գնում: Հը՞, փող-մող կա՞, մի քանի մանեթ տուր:

Այնքան արագ վրա տվեց, ասես ինձնից շատ էր ուզում, որ դուրս գայի տուն կոչվածից:

Դուրսեկանք: Ջրից դուրս ելածի պես ագահորեն խորը շնչեցի ու ասացի.

-Լսի՛ր, այ կակաֆոնիա, ոչ միայն հոգիդ, այլ նաև շուրջդ պիտի լինի մաքուր ու ներդաշնակ: Քեզ երեք օր ժամանակ, գալու եմ ստուգելու,-ասացի ու մի որոշ գումար թողնելով, հեռացա: Երբեմնի շեն տունը վերածված էր ավերակի:

Մի քանի օր հոսեց:Նա հայտնվեց անսովոր ուրախ: Աչքերը փայլում էին գանձ պեղածի պես:Նոր ածիլված դեմքին տեղ-տեղ չորացած արյան հետքեր էին նշմարվում:Հագ ու կապը տեղն էր:

Ա՜, բարի օր ձեզ: Ի՞նչ կա-չկա,-որոտաց նա:

Ա՛ կրակը չընկած,խե՞ր լինի,հո չե՞ս պսակվել,-ուրախ արձագանքեց մեր հիմնարկի տարեց հավաքարարը,ով լավ գիտեր նրան:

-Ստեղիմ ռեխին ո՞վ ա նայում է, որ պսակվեմ,տիկին,գնամ` տեսնեմ, էլի՜:

-Ու՞ր էս գնում,ա’յ մեռած:

-Ռուսաստա՛ն:

-Դու էլ գնացի՞ր, գնա,՜ գնա՜,իսկական քո տեղն էնտեղ է:

Ինձ տեսնելով ՝ավելի պայծառացավ,ընդառաջ ելավ,ձեռքը մեկնեց:

Եկել եմ հրաժեշտ տալու:Լավ է՞, որ բոլորը գնում են:Ես էլ եմ գնում:Գուցե բախտս բացվի, է՛ս անգամ:Ավտոբուսը հրեն՝ կանգնած է:Շաբաթը մեկ գնում է: Էստեղ մնացի՝ պիշի պրապալ:

Նախօրեին պատահաբար հանդիպել էր մի ծանոթի, ում ճանաչում էր Ռուսաստանից: Սա աշխատուժ հավաքագրող էր,լավ գիտեր նրան ու չէր կարող իրեն թույլ տալ անտեսել Ռուբենին:

Բաղձալի ճանապարհածախսն արդեն կար:

Ամուր սեղմեցիձեռքը,հորդորեցի խելքը գլխին պահել ու ի միջայլոց հարցրի.

-Ռուբեն տղա,խոստումդ կատարեցի՞ր:

-Ո՞ր մեկը:

-Տունը հավաքեցի՞ր:

Մեղավոր ժպտաց ու վրա բերեց.

Փախչելու է՞,կանենք, էլի՜:

-Իսկ Արտաշն ին՞չ եղավ:

-Լավացել է,իրեն էլ են կանչել Ռուսաստան,սպասում է փողի,ուղարկեն՝ կգնա:

Դե, մեր գործերը լավ են,է՜ ,ոչինչ, Էն անխելքի գործերը չեն լավ, ասաց՝ գլուխը քորելով:

-Անխելքն ո՞վ է:

-Երո՛ն:

-Ի՞նչ է եղել:

-Էլ ի՞նչ լինի, էն՝Վիվարո են ասու՜մ, ինչ են ասում,ահագին տանուլ է տվել դրան:Խեղճ հորեղբայրս անցած տարի էն Երևանի տունը ծախեց, պարտքերը տվեց:Հիմա էլի նորից…Որ ապրում եմ, է՜, էն տան կողքի մի մասն էլ, որ իր անունով է: Երեկ նա էլ ծախեցին: Ասել եմ ու ասում եմ՝տավարը միշտ էլ մնում է տավար,-ասաց , կարծես ուսից ծանր մի բեռ նետեց, թեթևացած հրաժեշտ տվեց ու հեռացավ:Մինչև գարուն չերևաց:

***

Մռայլ էր երկնակամարը, օրը՝ մթամած:Թվում էր թե արևն էր խավարել,քաղաքը հեղել չարագուշակ շնչով:Վաճառվում է՜,վաճառվում է՜՝գույժ էին արտաշնչում կարծես երթևեկող մեքենաների հողմապակիներին ու դարպասներին դաջված գրերը:

Մտամոլոր քայլում էի խորթուբորդ մայթեզրով,երբ խաչմերուկի կեռմանում անսպասելի տեղատարափի նման դեմս ելավ նա:Ռուբենն էր՝ ինքնավստահ,ծիրան-ծիրան:Հարազատի նման  ողջագուրվեցու թևս մտավ՝ փութով հարցուփորձ անելով:

-Այ՜մարդ,դե պատմիր տեսնեմ՝ ո՜նց ես,որտե՜ղ ես,ի՞նչ ծրագրեր ունես,-հարցրի՝ հայացքս չկտրելով նրա կոշտացած ու ճաքճքած ձեռքերից:

-Ծրագիր-մրագիր չկա:Մի քանի օրով եկել եմ ու նորից գնում եմ:Անձնագիրս պիտի փոխեմ ու մի քանի ստորագրություն-մորագրություն կա,դնեմ՝գնամ:

-Ի՞նչ ստորագրություն,հո պետական,ռազմական գաղտնիք չէ՞,-հեգնեցի:

-Ին՞չ գաղտնիք,սաղ քաղաքը գիտի,դուք՝չէ՞:Էն անխելքը՝Երոն, մեծ փողեր է կրվելնորից:Կնիկը երեխաներինվերցրել, գնացել է հոր տուն: Մի խոսքով, տունը ծախում են:Հողամասի հետ կապված հարց-մարց կա:Կեսն իմն է, չէ՞,թեև իրենք են վարել-ցանել:Բայց ոնց որ ձգձգվում է, գուխ չունեմ,լիազորագիր եմ թողնում՝գնամ:Ինչ ուզում են՝անեն:

-Բա վերջն ի՞նչէ դառնալու,Ռուբե՛ն:

-Ի՞նչ պիտի դառնա, արդեն դառե՜լ, պրծե՛լ է,-ասաց և ուրախ քրքջաց: Էս քաղաքն, ազնիվ խոսք, խելքը թռցրել, պրծել է: Դե լսիր՝ մի բան պատմեմ՝ տես:

Արդեն հասել էինք երբեմնի ծաղկուն զբոսայգու մատույցներին, որտեղից պարզորոշ երևում էին նստարանները՝գունաթափ ու զառամ:

-Էդ գործը հանգիստ է սիրում,-ասացի,-արի նստենք՝նոր:

-Էս Ռուսաստանում մեր քաղաքում ծնված ու մեծացած մի տղամարդու ճանաչեցի: Նա վաղուց էր բնակություն հաստատել այնտեղ և ուներ լավ ընտանիք: Մայրը,ով ութսունն անց կին է, նախընտրում է ապրել այստեղ՝ մեր քաղաքում:Ամուսինը վաղուց էր մահացել: Ձմեռները հաճախ մեկնում էր որդու մոտ, իսկ գարնանը վերադառնում ամուսնու կառուցած գեղեցիկ երկհարկանի տուն: Ծանոթս ինձ լավություն շատ էր արել ու երբ իմացավ, որ գալիս եմ, խնդրեց ինձ նրան փոխանցել փոքրիկ մի ծանրոց և փոքր-ինչ խնամել այգին: Հասցեով գտա տունը, բայց դուռը բացող չեղավ: Մի քանի անգամ գնացի, եկա, բայց՝ ապարդյուն: Հաջորդ օրը, երբ նորից ծեծում էի դարպասի թիթեղյա դուռն արդեն քիչ ավելի ուժգին, դուրս եկավ հարևանը՝ 70-ին մոտ հաղթանդամ մի տղամարդ:Նա ձեռքով արեց: Մոտեցա: Իմանալով նպատակս՝ասաց.

-Է՜,մատաղ, դա էսօրվա գործ չի:Տատիկը սիրահարվե՜լ է ու սիրեկանն էլ մոտն է: Վաղ առավոտյան արի, գուցե մենակ լինի ու բացի դուռը: Նրա ընկերուհին, ում հեռախոսազանգին պատասխանում է, ազգականուհիս է: Կասեմ ՝տեղյակ կպահի: Հենց նրան էլ խոստովանել է,-չարախնդաց ու շարունակեց.-մեկ-մեկ էլ, անգամ, սիրեկանի մեքենայով ամուսնու շիրիմին այցի է գնում:Հե՜,բալա, երգիրս փուչացե՜լ ա:

-Երբ այս ամենը պատմեցի մեր անխելք Երոյին, սա փղձկաց ու սկսեց անզուսպ քրքջալ:       -Սիրեկա՜նը , հաստատ նա է՝ Շարյանը: Դու ճանաչում ես նրան: Վերջերս էլ պարծեցել է, որ կենակցում է 80-նն անց բաբուլյայի հետ:Բաբուլյան էլ նրան լավ նայում է փողով,-ասաց ու հռհռաց: -Ռուսաստանաբնակ ծանոթդ լավ էլ հարուստ է, բանից դուրս է գալիս:

Հայտնագործություն արածի նման Ռուբենն աշխույժ շարունակեց.

-Էդ Շարյանին հիշեցի՝ նախկինումղեկավարել էր մի շարք հիմնարկներ: Անցյալում հայտնի դեմք է եղել մեր քաղաքում էդ պրծածը:Այժմ էլ, ասում են, աղբարկղերից դատարկ շշերի հավաքման գործն է մենաշնորհել: Այո, ով ինչպես կարողանում, ապրում է, բա՜: Երկիրը չորանա, որ չորացել, դատարկվել, պրծել է: Թե վերջն ինչ է դառնալու՝դու կիմանաս,-ասաց ու տրտում հայացքով նայեց աչքերիս մեջ:

Երկինքը թնդաց: Տեղատարափի ահից ելանք շտապով,հրաժեշտ տվինք իրար ու բաժանվեցինք:

Անցան ամիսներ: Աշնան վերջերին Ռուբենը հեռուներից հայտնվեց կրկին հարազատ քաղաքում ու հայրենի տան իր մասը վաճառված գտավ: Հորեղբայրը, իր տան հետ, ըստ լիազորագրի, վաճառել էր նաև նրա տունն ու բաժին հողամասը: Ապրուստը խառնիփնթոր լցված գտավ կից սենյակում, որ Երոյի բաժինն էր եղել՝ վաղուց վաճառված, բայց ՝ անտերուչ, պարտքի փոխարեն տրված: Որպես մխիթարություն՝ գտավ նաև Արտաշին՝ ներքնահարկում՝կից տանը, իր նման վերադարձած: Բայց ի տարբերություն իրեն, նա ամեն ինչ ուներ՝ տանիք, լույս,վառարան,վառելափայտ: Իսկ ինքը…Նրան նկատել էի հեռվից, մեքենայով անցնելիս: Սպասում էի՝այցի կգա, բայց չկար ու չկար: Ասում էին՝ բանվորություն է անում իր ու հորեղբոր տների նոր տերերի մոտ: Ինչու չկար՝ տարօրինակ էր: Գուցե չունե՞ր սպասվող հարցերի պատասխանները…Ով գիտե:

***

Արդեն ձմեռ էր, բայց դեռևս աշնանային ջերմ շնչով: Ծանրորեն մղկտաց մեր հիմնարկի կամար դարբասի դուռը. տխրությունը կարծես ծուփ-ծուփ ալիքվեց ներս: Նա էր՝սարսուռ հույսով, ամեն ինչ կորցրածի պես: Անլվա, թափթփված, խամրած աչքերով, տկար ու նկուն՝ ասես զնդանից փախած:Ինձ տեսնելով՝ թախծոտ աչքերն առկայծեցին:

-Ռուբեն տղա՞,վերջապես երևացիր,-աշխույժ ասացի,-խաբարդ վաղուց է եկել, ինչու՞ չէս երևում, մեզ մոռացել ես:

-Ա չէ է՜,-թույլ նվվաց ու ձեռքը մեկնեց երկչոտ: Սեղմեցի ձեռքը:

-Դե, պատմիր տեսնեմ, ի՞նչ կա-չկա էդ դանայան տակառ Ռուսաստանում, ե՞րբ էս եկել, ե՞րբ ես գնում,-ասացի ու պատասխանի սպասող հայացքս անզիջում մեխեցի աչքերի մեջ: Փախցրեց հայացքն ու կարկամ, դողդոջ ասաց.

-Ինչ գնամ է՜, դեպորտ են արել՝մի քանի տարով:Էն տունն էլ էնտեղ են ծախել՝ հանգստացել,-որպես բոթ գուժեց նա:

-Ի՞նչ տուն, այ տղա:

-Ի՛մ տունը:

-Ո՞վ ծախեց:

– Հորեղբայրս՝ էն տավարի պատճառով:

-Բա քեզ ի՞նչ են տվել:

-Ի՞նչ պիտի տան, ոչ մի բան: Իրենց տունն էլ են ծախել, հրեն՝ վարձով են ապրում: Էն անխելքն էլ գնացել է մայրաքաղաք՝ գլուխը պահի,-ասաց ՝ ճյուղակոտոր ու թևաթափ:

Լսել էի, որ նրա հետ ինչ-որ մեկն էլ է մնում՝ իր նման մեկը: Անողոք հետաքրքրասիրությունս տեղի չէր տալիս, ու հարցրի:

-Ասում են, Ռուբեն տղա, մենակ չես, հետդ ինչ-որ մարդ է գիշերում, խե՞ր լինի, հո կողակից չե՞ս ընտրել:

-Ա չէ է՜,տղա է:

-Այ մարդ, ինչ իմանաս՝ հիմա խառնակ ժամանակներ են, ամեն ինչ էլ մեր օրերում պատահում է: Հրեն՝ էն վերին ժայռատակի թաղից մեկը վերջերս գնացել է արտասահման՝ որդուն ամուսնության առթիվ շնորհավորելու: Եվ ինչ է պարզվել՝ կռահիր ինքդ: Մարդը, ինչպես ասում են, քոռուփոշման հետ է եկել,-վրա տվի ես:

-Ա չէ է՜, դասընկերս է: Երոյի նման լուսնոտ է, եղած-չեղածը տանուլ է տվել, լքել Պիտերում գտնվող ընտանիքն ու եկել: Ուսուցիչ էր էստեղ:Մի քանի օր մնացել է բարեկամների մոտ,մի քանի օր էլ՝ իմ: Ինչ անեմ՝ մարդ է, էլի: Երեկվանից չի երևում, երևի գնացել է:

-Իսկ հորեղբայրդ ի՞նչ է ասում, հարցերդ ո՞նց են լուծվելու, Ռուբեն տղա,-հարցրի:

-Տեսնում ե՞մ, որ իմանամ:Մի քանի անգամ գնացել եմ, ջոկել են ես եմ՝ դուռը չէն բացել: Անհամբեր սպասում են, որ գնամ կորչեմ: Ուր ա՝ կարում ե՞մ գնամ՝ երեսները չտեսնեմ,-հուսաբեկ շշնջաց, հրաժեշտ տվեց ու ոտքերը ծանրորեն քարշ տալով, հեռացավ տխրամած:

***

Խիղճս սկսեց խռովել ինձնից. նրա ձայնին չանսալն անհնար էր:

Մթերքներով տոպրակը ձեռքիս՝ մտա նրա դարպասից ներս, ելա քարե աստիճաններով և դռան տեղը հոծ նորաշար պատի դեմ առա: Ձախակողմին մի այլ դուռ կար: Ծեծեցի՝պատասխան չեղավ: Հրեցի: Նվաղ հառաչով բացվեց:Ձայնելով՝ ներս մտա: Ընդարձակ սենյակում ոչ ոք չկար: Ցածր սեղանիկի վրա նավթալամպ էր՝ ծերատ, սևացած ապակիով, ծխախոտի մնացորդներով լեցուն մոխրաման և այլ թափթփվածք:Պատից կախված էր համրացած ճոճանակավոր մի ժամացույց, դիմացին՝դժգույն հագուստապահարան, մահճակալ, կափարիչավոր փայտարկղ մեծ պահարան՝ բացբերան ու լաթակոխ և այլ հնոտիներ՝ ցիրուցան: Տոպրակը դրեցի սեղանին ու հետ քայլեցի: Շեմքին չհասած,կարծես գետնի տակից՝փայտարկղից ծառս ելավ նա, դեն նետեց վերմակի կույտը և կոշիկներով ու հագուստով- գլխարկով հանդերձ, կանգնեց դեմս:

-Ա՛յ տղա, հո խենթ չե՞ս, լեղաճաք եղա: Էստեղ են ասել՝քնածը վեր է կենում, արթունին վախեցնում:

-Հա, էլի,-ժպիտով ասաց ու շարունակեց,-ի՞նչ կա-չկա:

-Մի երկու բան եմ բերել, համ էլ ասի՝ տեսնեմ ոնց ես:

-Ոնց պիտի լինեմ՝ հրես տեսնում եք: Երկու-երեք օր է՝ տնից դուրս չեմ գալիս: Դուրս գամ որ ի՞նչ: Էն չեմ: Էն Արտաշն էլ,-շարունակեց նվաղուն ձայնով,-իմ օրին է ու հիվանդ: Տեսնենք վերջն ինչ կլինի: Հոգոց հանեց ու ասաց.

-Արդեն հույսն էլ է մարում. կամ հույսս, կամ էս լույսը,-ասաց՝ խորը շնչելով և ցույց տալով կիսամութ սենյակը հազիվ լուսավորող նավթալամպը:

-Լավ կլինի, Ռուբեն ջան, գարունը յոթ սարի ետևում չէ, լավ կլինի՝պինդ կաց: Մեկ-մեկ դեպի մեզ երևա,-ասացի ու հրաժեշտ տվի:

Չարագուշակ մի կանխազգացում սկսեց ճմլել, տրորել հոգիս: Ներսս տագնապ խուժեց:

Հաջորդ օրը ծերատ լամպի աղոտ լույսով ողողուն սենյակում հայտնաբերեցին ջահատակի կեռից խոտահակի ճերմակ թելով կախված Ռուբենին: Նույն պատկերն էր նաևԱրտաշի սենյակում: Երկուսի մահն էլ վրա էր հասել ճիշտ նույն ժամին:Նրանք խոսքները մեկ էին արել:

Վարդան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. samvel says:

    Ողբերգական պատմություն էր, բայց հետաքրքիր կարդացվող էր:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031