Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՌԴ նախագահի ընտրությունը կանխատեսելի է. Վլադիմիր Պուտինը մրցակից չունի. Սուրեն Սարգսյան

Մարտ 12,2018 16:29

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի համար ՌԴ նախագահի ընտրությունը կանխատեսելի է. Վլադիմիր Պուտինը մրցակից չունի:

«Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանը բացառեց այն սցենարը, որ Պուտինը կարող է չվերընտրվել: Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց, թե ԱՄՆ-ում պնդում են, որ պատժամիջոցներն ուղղված են ոչ այնքան Ռուսաստանի, որքան Պուտինի դեմ, և այդ առումով ԱՄՆ-ում կա որոշակի հույս, որ ՌԴ-ում տեղի կունենան փոփոխություններ, և նախագահի պաշտոնում Պուտինը չի վերընտրվի: Այս առիթով Սուրեն Սարգսյանը մանրամասնեց. «ՌԴ նախագահի վարկանիշը բարձր է, և տոկոսային հարաբերակցությամբ ավելի մեծ մրցակից նրան չկա: ՌԴ նախագահի ընտրությունը կանխատեսելի է: Պուտինը չունի մրցակից, և ստացվում է, որ ՌԴ քաղաքացիները բարձր են գնահատում այն աշխատանքը, որ նա կատարում է ՌԴ նախագահի, դրանից առաջ էլ վարչապետի պաշտոնում»:

Սուրեն Սարգսյանը չի կարծում, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժ լինի. սանկցիաների ռեժիմը շարունակվելու է պահպանվել և խորանալ:

Անդրադառնալով ՌԴ նախագահի ընտրությունից հետո ՀՀ-ի հետ հարաբերություններին՝ պարոն Սարգսյանն ասաց. «ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդային ալիքը տարածվելու է նաև ՀՀ տնտեսության վրա: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ն ՌԴ թիվ մեկ տնտեսական գործընկերն ու ռազմավարական դաշնակիցն է: Այլ խնդիր է նաև այն թեման, որ ամերիկյան պատժամիջոցները, որոնք կիրառվելու են ռուսական ռազմաարդյունաբերական ոլորտի վրա, կարո՞ղ են վտանգ ներկայացնել ՀՀ համար: Եթե ՀՀ-ն ընդամենը մեկ հնարավոր շուկա ունի, որ կարող է զենք, զինամթերք ձեռք բերել, քանի որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է ու միայն նրանից ենք զենք ձեռք բերում, ապա Ադրբեջանն այլ երկրներից ևս կարող է զենք ձեռք բերել: Սանկցիաները ռուսական կազմակերպության դեմ եթե կիրառվեն, կկիրառվեն նաև ՀՀ-ի դեմ, իսկ դա կնշանակի, որ տարածաշրջանում զենքի և զինված ուժերի հավասարակշռվածությունը կխախտվի, ինչը ծանր հետևանքներ կունենա մեզ համար, իսկ մեր հարևանները կօգտվեն այդ իրավիճակից»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հետագա զարգացումներին՝ պարոն Սարգսյանը վստահեցրեց՝ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չկա. «Եթե այն վերանա էլ, դրա փոխարեն հնարավոր չի լինի հավաքել որևէ այլ ձևաչափ, քանի որ Ադրբեջանը դեմ է ցանկացած տեսակի բանակցային գործընթացի: Պատկերացրեք՝ Ադրբեջանը խնդիրը փորձի տեղափոխել ՄԱԿ, մեզ կատարյալ ֆիասկո է սպասվում, քանի որ գիտեք, իսլամական կոնֆերանսի պետությունները Ադրբեջանին աջակցել են միջազգային բոլոր կառույցներում, ՄԱԿ-ն էլ բացառություն չի եղել: Ցանկացած բանաձև, երբ ՄԱԿ է մտնում, ունի աջակիցներ»: Ուստի ըստ Սուրեն Սարգսյանի՝ ամեն ինչ պիտի անենք, որպեսզի աջակցենք Մինսկի խմբի աշխատանքներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031