Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինձ սպառնում են, որ լեզուս կկտրեն, մեքենայի տակ կգցեն, որ ես լռեմ». Բողոքի ցույց՝ դատախազության մոտ (Ֆոտոշարք)

Մարտ 12,2018 16:18

Այսօր ի պաշտպանություն 25-ամյա որդուն՝ Արտյոմ Ադանալյանին կորցրած մոր՝ Ռուզաննա Ադանալյանի, ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ցույց էր կազմակերպվել, որին մասնակցում էին իրավապաշտպան ՀԿ-ներ:

Որդեկորույս մորը սպառնում են սպանել, լեզուն կտրել, փորձում են մեքենայի տակ գցել՝ ահաբեկելու համար. «Ինձ սպառնում են: Իմ նկատմամբ բազմաթիվ բռնություններ են եղել եւ Շիրակի մարզի դատարանում: Մարդասպանին թողել էին նիստերի դահլիճում՝ դատական ընդմիջման ժամանակ: Դուք տեսե՞լ եք նման բան՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալին թողնեն դահլիճում, ցատկեց նստարանների վրայից հարձակվեց ինձ վրա՝ սեռական բնույթի մի այլանդակ հայհոյանքներ անելով: Լսեցին եւ դատախազը, եւ դատավորը, երկուսն էլ ականջները թափ տալով կանգնած նայեցին: Երբ քրգործ հարուցվեց՝ ոչ մեկը չէր հարցաքննվել: Ինձ սպառնում են ամբաստանյալի համախոհները, որ իմ լեզուն կարող է կտրեն, մեքենայի տակ գցեն, որ ես լռեմ, ուզում են վախի մթնոլորտ տարածեն»:

Ռուզաննա Ադանալյանը դժգոհում է, որ իր որդուն սպանել են հենց իրենց տան մեջ ու դա պատվիրված սպանություն է եղել՝ իրեն լռեցնելու համար ու հիմա դատական ողջ համակարգը լծված է պարտակելու խմբակային հանցագործությունը: Գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է: Ըստ տիկին Ռուզաննայի, դա դատարան չէ, այլ մի կոշկակարանոց. «Դատավորին 25-30 անգամ բացարկ եմ հայտարարել, անգամ բացարկս քննության առարկա չի առնում: Նա այնքան արտոնյալ է, դատախազությունն այնքան է դոշը դեմ տվել դատավորի համար, որ նրա համար աջ ու ձախ մեկ է: Ի՞նչ դատարան, այ ժողովուրդ ջան, էս Բարձրագույն դատական խորհուրդը, որ ստեղծել են, ինչի՞ համար են ստեղծել, չկա՛ արդարադատություն, կոսմետիկ վերանորոգում են անում իրենց խայտառակված համակարգը, անունն են փոխել, բայց նույն կեղտը տարբեր կեղտամանների մեջ է: Իրենք այնքան են խայտառակվել, որ անուն-ազգանունն են փոխում ընդամենը, բայց միջինը նույն կոռումպացված կաշառակեր համակարգն է»:

Ռուզաննա Ադանալյանը վստահ է, որ որդու սպանությունը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից եւ դա եղել է պատվիրված. «Ակնհայտ երեւում է՝ որդուս սրտի եւ թոքի հատվածում հասցված վնասվածքները պատճառվել են տարբեր գործիքներով, ինչը փորձում է համառորեն թաքցնել ե՛ւ դատախազությունը, եւ նույն պատվերը կատարվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի վարույթում…Ներկա պահին կա գործում փախած անձ, թաքցրել են՝ Հովհաննես Թոփչյան մականունը՝ Կոփչի, նրա՝ գործին մասնակցելու վերաբերյալ կան փաստեր, որը դատախազությունը պարտակել է…Որդուս սպանությունը կատարվել է պատվիրված, պատվիրատուն Շիրակի մարզի կանանց, երեխաների եւ ընտանիքների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է, ում հետ ունեցել եմ քաղաքացիաիրավական վեճ: Նա է պատվիրել որդուս սպանությունը, որն իրականացրել են Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ Հրաչյա Սահակյանը, տեղակալ Արա Ազնավուրյանը, բնականաբար, մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որը նախկինում էր, ներկա պահին՝ Երեւանի դատախազ: Սպանելուց հետո որդուս մտցրել են վաննայի ջուրը՝ պարտակելու համար արյան հետքերը: Այս կապակցությամբ եւս կան փաստեր, կարող եմ ներկայացնել: Դրանից հետո շտապօգնության բրիգադն ուշացած է եկել, տեսել է արնաշաղախ տղայիս՝ արնահոսող վերքերով, որեւէ միջոց չի կազմակերպել՝ բացի արհեստական շնչառություն տալուց եւ ներարկումներ անելուց: Ներարկված սրվակը ներարկելուց հետո թողնվել է տանը: Կա դատաքիմիական փորձագիտական եզրակացություն, ըստ որի՝ որդուս սպանելուց հետո նաեւ ներարկել են թույն: Շտապօգնությունը մեկ ժամ մնացել է որդուս կողքին, որեւէ միջոց չի ձեռնարկել, չի տեղափոխել հիվանդանոց, որից հետո այլ անձինք են որդուս տեղափոխել: Ոչ մի ոստիկան դեպքի վայր չի մտել, որդուս ընկերներն են տարել հիվանդանոց՝ առանց ոստիկանների ուղեկցության: Ակնհայտ է ե՛ւ ոստիկանության, եւ բուժանձնակազմի փոխկապակցված գործողությունները…Խմբով կազմակերպել են, որդուս պատվիրված սպանել են»:

Թե ինչ է պահանջում բողոքի ցույցով՝ տիկին Ռուզաննան ասաց. «Եկել եմ բարձրաձայնելու, որ ՀՀ դատախազությունն անգործության է մատնված: Պաշտոնատար անձանց մասին տվել եմ հաղորդումներ, որ նրանք հանցագործներ են, բոլոր հաղորդումները կոծկված են, ոչ մի արձագանք չկա եւ ես բացահայտ կարող եմ ասել, որ սաֆարովյան ոճրագործություն է կատարվել: Սա կատարվել է պետական մակարդակով՝ բարձրաստիճան պաշտոնյա իրավապահ անձանց կողմից: Բոլորը պատասխան են տալու դրա համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031