Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ վարչապետը չի ուզում բաց աշխատել, ինչպես աշխատել է որպես նախագահ». Աշոտ Մելիքյան

Մարտ 12,2018 14:23

«Դեմ եմ ցանկացած քննարկումների և զիջումների: Վստահ եմ, եթե մեկ միլիմետր զիջեցինք, իրենք մեկ մետր առաջ են գալու խոսքի ազատության սահմանափակման հարցում»,- «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Տիկին Օհանյանը մտահոգություն հայտնեց, որ տարեցտարի սահմանափակումներն ավելանում են. «Այն, որ լրատվամիջոցները և իշխանությունները հակադիր ճամբարներում են, դա նորություն չէ, ուղղակի այժմ իշխանություններն ավելի են հմտացել տեղեկատվությունը փակ պահելու գործում: Եթե առաջ այդ սահմանափակումներն արվում էին փոքրիկ խորամանկությունների, զեղծարարությունների ճանապարհով, հիմա իշխանություններն ավելի հմտացել են այդ գործունեության մեջ. ավելի շատ օրենքների, կարգերի ընդունման մեթոդով են աշխատում»: Ըստ Արմինե Օհանյանի՝ լրագրությունը դառնում է էքստրեմալ սպորտի տեսակ:

Տիկին Օհանյանը վստահեցրեց՝ լրագրողի խնդիրը հասարակության համար իշխանական խոհանոցը բացելն է: Ըստ նրա՝ ցանկացած պաշտոնյա պետք է իմանա, որ ինքը չի կարող լրագրողի սրատես աչքից փախչել, որտեղ էլ լինի՝ կառավարության կաբինետներում և այլն:

«Հրապարակ»-ի խմբագիրը հիշատակեց միջազգային փորձը, երբ նույնիսկ, եթե արգելված գոտիներ են մտնում լրագրողները, բայց կա հանրային շահ, դա թույլատրված է բոլոր կոնվենցիաներով:

Հիշեցրեց, որ դեռ 1992-1993-ին լուսաբանել է քաղաքապետարանի աշխատանքը, և ոչ մի պահակ չկար, ու իրենք կարող էին անխոչընդոտ մտնել անգամ քաղաքապետի աշխատասենյակ և տեղեկություն ստանալ:

Արմինե Օհանյանը վստահ է՝ լրագրողների աշխատանքի ցանկացած կանոնակարգում խոչընդոտելու է նրանց գործունեությանը:

Տիկին Օհանյանը մտահոգություն հայտնեց, թե մամուլի խոսնակներն այժմ գրեթե բացառապես միայն հաղորդագրությունով են տալիս տեղեկատվություն, իսկ երբ լրագրողը ցանկանում է այցելել կալանավայր, հաճախ ուղղակի ցինիկորեն ասում են՝ զբաղված են:

Արմինե Օհանյանը դեմ է իշխանությունների հետ քննարկումների մեջ մտնելուն: Ըստ խմբագրի՝ չենք քննարկում, չենք զիջում գոնե այսօրվա ձեռքբերված դիրքերը: Միևնույն ժամանակ անհրաժեշտություն է տեսնում, որ ԶԼՄ-ները միասին քննարկեն նշված խնդիրները: Ըստ Արմինե Օհանյանի՝ այդ ժամանակ պարզ կդառնա, թե որ լրատվամիջոցներն են ծառայում հանրությանը, որոնք ծառայություն մատուցում իշխանությանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ այս շաբաթվա ընթացքում քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի հետ կապված իրենք լրագրողական այլ կազմակերպությունների հետ հանդես կգան առաջարկություններով: Պարոն Մելիքյանն առանձնապես լավատես չէ, թե այդ առաջարկները մեծ արդյունքներ կտան. «Սա, ցավոք, մեծ արդյունքներ դժվար թե տա, քանի որ քաղաքական վերնախավում ընդունվել է քաղաքական որոշում, որ այսուհետ իշխանական ատյանները փակ են աշխատելու լրագրողների հետ: Սա է խնդրի էությանը, թե չէ կարելի է առաջարկ, հայտարարություն տարածել, բայց դա կարող է ուղղակի պինգ պոնգի վերածվել, եթե քաղաքական կամք չլինի»:

Ըստ պարոն Մելիքյանի՝ բոլոր սահմանափակումները բխում են նույն մարդուց ու մտածելակերպից. «Քաղաքական վերնախավում ընդունված որոշում է փակ աշխատել: Մենք տեսնում ենք, որ հաջորդ վարչապետը չի ուզում բաց աշխատել: Ինչպես աշխատել է որպես նախագահ, այնպես էլ աշխատելու է վարչապետ: Նույնիսկ ՌԴ-ում ենք տեսնում նախագահի՝ մի քանի ժամանոց մամուլի ասուլիսներ, որտեղ նաև մարզային թղթակիցներ են հարցեր հղում, իսկ Հայաստանում մենք ականատես ենք լինում լրիվ այլ բանի՝ ընտրված մի քանի հեռուստաընկերությունների թղթակիցներ են մասնակցում նախագահի ասուլիսին»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մտահոգություն հայտնեց՝ մեր երկրում ամեն ինչ տանում է նրան, որ ոչ միայն իշխանավորները, այլև լրագրողներն իրենք մոռացել են՝ ինչի համար են, ինչ պետք է անեն, ինչպես աշխատեն. «Մեծամասամբ կա փայլուն փոխգործակցություն իշխանությունների և ԶԼՄ-ների միջև, ինչն էլ հանգեցնում է նման ողբերգական իրավիճակի: Եթե երկրում փակում են լրագրությունը, ամենավատը կարելի է սպասել: Ասում են ազգ-բանակ, բայց բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքը ազգը չպետք է իմանա: Ասում են ժողովրդավարություն ենք կառուցում, բայց լրատվամիջոցներին զրկում են աշխատելու տարրական իրավունքից: Եթե այսպես շարունակվի, ապա կունենանք սղագրողներ, ոչ թե լրագրողներ: Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում, ուստի դնել ու փակել ինֆորմացիան, հնարավոր չէ: Մեծ հաշվով տանուլ տված ճակատամարտ է հակառակ կողմի համար. միևնույն է, խոսքի և ինֆորմացիայի ազատությունը կհաղթի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031