Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չարենցի դեռեւս անտիպ ժառանգություն կա, իսկ պահպանված ձեռագրերը ծանր վիճակում են

Մարտ 12,2018 12:46

Եղիշե Չարենցի ստեղծագործությունների դեռեւս անտիպ ժառանգություն կա, որ պահվում է Գեւորգ Էմինի պահոցում: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: «Այդ ստեղծագործություններից հայտնի են ինչ-ինչ վերնագրեր, բայց այդ պահոցը չի վաճառվում: Չարենցի մեծ դստերը՝ Արփիկին, ասել եմ ՝հավաքենք, տպագրենք, բայց նա ասում էր՝ սա էլ թող մնա երեխաներին»,-պատմեց Դավիթ Գասպարյանը:

Նա նշեց, որ «Գիրք ճանապարհի» ժողովածուի տպագրությունը դեռեւս Չարենցի կենդանության օրոք կասեցվել է, այնուհետեւ՝ տպագրվել առանց որոշ ստեղծագործությունների, որոնք դուրեկան չէին սովետական «Գլավլիտ»-ին: «Ոմանք ասում են, թե ում է պետք անտիպ ժառանգությունը: Նման մարդիկ մոլորյալներ են: Այն, ինչ պահպանվել է Չարենցից, քիչ չէ, բայց տպագրվածն էլ դեռեւս ամբողջը չէ»,-համոզմունք հայտնեց գրականագետը:

Դավիթ Գասպարյանը նաեւ նշեց, որ Չարենցի պահպանված ձեռագրերը բավականին ծանր վիճակում են. «Ժամանակին, երբ դրանք հանվեցին հողի տակից, թուղթը ածխացել էր, ձեռքիդ մեջ փշրվում էր: Դրանք ամրացվեցին լուծույթով, բայց թանաքը «լուծվեց» թղթին ու դարձավ անընթեռնելի»:

Հիշեցնենք, որ վաղը Եղիշե Չարենցի 121-ամյակն է. «Չարենցի շուրջ հետաքրքրությունը վերջին 20 տարում բավականին մեծացել է: Չարենցյան հայտնագործությունների եւ ժառանգության ամփոփման աշխատանքները շարունակվում են»,-նշեց Դավիթ Գասպարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031