Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի համար պակաս վտանգավոր կլիներ, եթե Սերժ Սարգսյանը գնար Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի տարբերակով»

Մարտ 12,2018 13:30
Hovhannes Igityan

Նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` ներքաղաքական զարգացումների մասին

– «Հանուն Հայաստան պետության» ճակատը եւ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը համատեղ եռօրյա հանրահավաքներ են հրավիրում: Հանրահավաքները մեկնարկել են երեկ եվրոպական մի շարք քաղաքներում՝ Ստրասբուրգ, Լոնդոն, Փարիզ: Երեւանում հանրահավաքը տեղի կունենա այսօր` Ազատության հրապարակում: Հանրահավաքներն ընթանում են «Ընդդեմ ռեժիմի հավերժացման», «Հանուն քաղբանտարկյալների ազատության», «Հանուն Հայաստան պետության» խորագրով: Կազմակերպիչներն ակնկալում են կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը եւ տապալել իշխող համակարգը: Ձեր կարծիքով՝ այս գործընթացը հաջողություն կարո՞ղ է ունենալ:

– Պետք է հասկանալ, որ Հայաստանում ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն ժողովրդի մասսայական պահանջի դեպքում: Ցավոք, ներկայումս այնպիսի մի քաղաքական համակարգ է ստեղծված, որ առանձին վերցրած որեւիցե քաղաքական խումբ, կուսակցություն կամ շարժում, եթե չունի ժողովրդի մեծ աջակցությունը, որեւէ բան չի կարող փոխել Հայաստանում: Բայց անկախ նրանից, թե ինչքան է լինելու այդ ակցիայի մասսայականությունը, ես դրական եմ համարում ցանկացած նման տիպի բողոք, որովհետեւ, ցավոք, Հայաստանում կառավարության, իշխանության աշխատանքի վրա ազդելու այլ միջոցներ չկան: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ իշխանությունը գնում է փակ համակարգի` փակում է լրատվամիջոցների մասնակցությունը կառավարության նիստերին, հետեւաբար նաեւ հասարակության` տեղեկատվություն ստանալու իրավունքը:

– «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է` եթե Հայաստանում այժմ լինի քաղաքական ուժերի եւ հասարակության այնպիսի կոնսոլիդացիա, ինչպիսին 2008-ին էր, ապա ինքը երաշխավորում է, որ գործընթացն իշխանափոխությամբ կավարտվի: Հավանական համարո՞ւմ եք նման կոնսոլիդացիան հիմա:

– Իմ կարծիքով՝ իրավիճակը հիմա այնպիսին է, որ շատ մեծ տարբերություն չկա, թե ովքե՞ր են կանգնած հանրահավաքի բեմում: Ավելի կարեւոր է, թե ովքե՞ր են կանգնած ներքեւում, ինչքանո՞վ մասսայական է հավաքը: Սա է խնդիրը:

Իհարկե, լավ կլինի, որ ընդդիմությունը կոնսոլիդացվի, եւ վերջապես ընդդիմությունը ոչ թե ընդդիմության դեմ պայքարի, այլ իշխանության դեմ եւ համատեղ: Ցավոք, այդ երեւույթը Հայաստանում կա. հաճախ ընդդիմության թիրախը Հայաստանում մյուս ընդդիմությունն է, եւ պայքար է գնում, թե ո՞վ է ավելի շատ ընդդիմադր:
Սա, ամեն դեպքում, կարող է մի գործընթաց լինել, որ վերջապես Հայաստանում ստեղծվի երկրորդ բեւեռ` ընդդիմադիր բեւեռ, որ բացակայում է:

– Մեր հասարակությունն ամեն դեպքում անհատների ետեւից գնացող հասարակություն է: Համենայնդեպս, անցած տարիների փորձն է դա վկայում: Դուք ասացիք` կարեւոր չէ, թե հարթակում ովքեր են. տեսնո՞ւմ եք այն անհատներին, որոնց շուրջ մարդիկ կհամախմբվեն:

– Նախ` ես դրական եմ համարում «Ելք»-ի նախաձեռնությունները եւ գործունեությունը: Ապա` ցավոք, Հայաստանում կան այնպիսի լիդերներ, անհատներ, որոնց հետ ժամանակին հասարակությունը մեծ հույսեր էր կապում եւ հիասթափվել է: Այդ լիդերների ետեւից դժվար թե ժողովուրդը նորից գնա: Այս տեսակետից, կարեւորելով անհատների դերը, ամեն դեպքում շատ մեծ նշանակություն չեմ տալիս այն անհատներին, որոնք մի քանի անգամ վարկաբեկվել են ժողովրդի աչքում եւ հիասթափեցրել են իրենց քայլերով:

– Մեզ նոր լիդերնե՞ր են պետք: Ինչպե՞ս պետք է նրանք ծնվեն:

– Պետք է այնպիսի համակարգ լինի, որ լիդերները ծնվեն: Վերջին շրջանում չենք տեսնում, որ մեզ մոտ լիդեր է ծնվում: Իշխանության մասին չեմ ասում, ընդդիմության մեջ էլ չկան այդպիսի մարդիկ: Բայց գործող համակարգում դժվար է, որ նոր լիդերներ առաջ գան:
Ի տարբերություն քաղաքական դաշտի՝ քաղաքացիական հասարակության մեջ ստեղծվում են լիդերներ, որոնք բնական կերպով հայտնի են դառնում: Պարզապես հաջորդ քայլը, որով նրանք պետք է անցում կատարեն քաղաքական դաշտ եւ դառնան քաղաքական լիդերներ, Հայաստանում բացակայում է: Իսկ բացակայում է, քանի որ հասարակությունը զրկված է ընտրությամբ իշխանություն ձեւավորելու հնարավորությունից:

– Ժամանակին Դուք էլ էիք կարծում, որ Սահմանադրական փոփոխություններն արվում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարումն արդեն վարչապետի պաշտոնում ապահովելու համար: Հիմա այդ փոփոխությունները գործողության մեջ են մտնում: Շարունակո՞ւմ եք նույն կերպ մտածել:

– Ես մնում եմ այն կարծիքին, որ Սահմանադրական փոփոխությունները միտված չէին Հայաստանը ավելի «ժողովրդավար» դարձնելուն, այլ երրորդ եւ ավելի անգամ շարունակել պետությունը ղեկավարելուն: Դա շատ կործանարար եմ համարում: Ես ավելի քիչ վնաս կտեսնեի, եթե Սերժ Սարգսյանը տարբերակ գտներ երրորդ եւ ավելի անգամ նախագահ մնալ, ինչպես Լուկաշենկոն կամ Նազարբաեւը: Այդ դեպքում Հայաստանին ավելի քիչ վտանգ կհասներ, քան մի մարդու համար մի ամբողջ համակարգ փոխելու դեպքում, այն էլ՝ մի քաղաքական թիմի միջոցով, որը չի հասկանում, թե ինչ է նշանակում պետական մոդել:

– Սերժ Սարգսյանը դեռ լռում է, իսկ ՀՀԿ-ականները սկսել են թախանձագին խնդրել, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, եւ հիմնավորում են, որ միայն նա կարող է Արցախի հարցով բանակցություններ վարել: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

– Այդ բոլոր հայտարարությունները ես ուղղորդված եմ համարում, որովհետեւ այդպիսի հարցերն այդ մարդիկ ինքնուրույն չեն լուծում: Դա պետք է վերեւից գա: Ինչո՞ւ նույն մարդիկ նման հայտարարություններ չէին անում մի քանի ամիս առաջ կամ մեկ տարի առաջ: Հիմա կվերցնեն մի մոդել, ինչպես Սովետական Միության ժամանակ` կուսակցության հորդորով Սերժ Սարգսյանը կհամաձայնի դառնալ վարչապետ:
Եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ ընդդիմադիր որեւէ գործիչ, ասենք՝ Նիկոլ Փաշինյանը, կամ ես, կամ դուք, պետք է լինեք վարչապետ, այդ նույն մարդիկ վաղը մեկնաբանություններ կանեն, թե ինչպիսի լավագույն եւ ճիշտ թեկնածություն է ընտրված:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

10.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031