«Իտալիայում մի շարք հայտնի եւ ոչ հայտնի ընկերություններ իրենց արտադրանքի որակը չեն գցի, որովհետեւ իրենց անունը, վարկանիշն իրենց այնքան է հետաքրքրում, որ նրանք հաստատ անվտանգության համակարգը չեն ներդնում իրենց երկրում պետական վերահսկողություն իրականացնողի համար»,- ասում է ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը` մտահոգություն հայտնելով, որ այդպես էլ մեր երկրում չի ներդրվում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգը:
Մինչդեռ այս համակարգի ներդրմամբ է, որ մեր երկրում հնարավոր կլինի ռիսկերը նվազագույնի հասցնել եւ ազգաբնակչությանը լավորակ սննդամթերք մատակարարել: «Եթե տնտեսվարող սուբյեկտներն այս համակարգը չեն ներդրել, ուզում է՝ ամեն օր մտնեն նրանց մոտ ստուգման, միեւնույն է` ռիսկերն առկա են լինելու»,- վստահեցնում է պարոն Պիպոյանը: Նրա խոսքով՝ եթե Իտալիայի տեսչությունը գնա տուն, նրանց մոտ սննդի անվտանգության վիճակը չի փոխվի, քանի որ նախ` համակարգն անխափան գործում է, եւ հետո` տնտեսվարողներն իրենց վարկանիշի վրա դողում են: Սննդաբանության մասնագետը հավաստիացնում է, որ այդ համակարգի ներդրումը հենց տնտեսվարողին է օգտակար լինելու, եւ որոշ ժամանակ անց նրա եկամուտներն ավելանալու են. «Բարեխիղճ մրցակցություն ունենալու համար իրենք բոլորը պետք է լավ արտադրողներ դառնան: Եթե դուք անվտանգության կառավարման համակարգ ունեք, իսկ ես չունեմ, եւ մենք նույն մակնշումներով շուկայում իրար հետ մրցում ենք, այսինքն` սպառողը չգիտի, որ դուք լավ արտադրող եք, իսկ ես` վատ, նա առաջնորդվելու է բացառապես գովազդներով, որովհետեւ, ինչ ուզում եք ասեք, միեւնույն է՝ գովազդի ազդեցությունը շատ բարձր է սպառողի համար»:
Պարոն Պիպոյանին խնդրեցինք ամփոփել կառավարության գործունեության մեկուկես տարին` կոնկրետ սննդամթերքի անվտանգության ոլորտում կատարված աշխատանքների առումով: Մեր այն հարցին, թե նոր կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, ի սկզբանե բավականին բուռն բարձրացրեց սննդի անվտանգության խնդիրները, Դավիթ Պիպոյանը պատասխանեց. «Երբ նշանակվեց նոր կառավարությունը, բավականին լայն կերպով խոսվեց սննդի անվտանգության խնդիրների հետ կապված, նաեւ այն հայտարարությունները, համաձայն որոնց՝ ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ իրականացնել, բոլորի համար շատ հուսադրող էին:
Եթե ուսումնասիրենք մեկուկես տարվա աշխատանքը, ապա մի շարք խնդիրներ լուծվել են հանրային ճնշման տակ: Սա եւս դրական է, քանի որ ի վերջո՝ զանգվածային լրատվության միջոցները պետք է ունենան իրենց կարեւոր դերակատարումը, բայց ես պետք է բարձրաձայնեմ մի շատ կարեւոր խնդրի մասին: Մի շարք խնդիրներ բարձրաձայնվել են դրսի դրամաշնորհի հաշվին, որովհետեւ դուք գիտեք, որ այն հետազոտությունները, որոնք իրականացվել են, եւ այն հրապարակումները, իրականացվել են արտերկրի դրամաշնորհի միջոցներով: Սա ի՞նչ է նշանակում, որ կարող էր այդ գրանտը չլինել, այսինքն` այս խնդիրները պետք է սեփական նախաձեռնություններով բարձրաձայնվեն, եւ կարծում եմ, որ այս առումով բոլորի համար շատ կարեւոր ազդակ է նաեւ անաչառ փորձաքննության կարեւորությունը»:
Դավիթ Պիպոյանի խոսքով՝ ինքը դեռեւս 2015 թվականից սկսած՝ շարունակ բարձրաձայնել է, որ անաչառ, օբյեկտիվ տեղեկատվությունը միշտ պետք է ապահովի գիտական կազմակերպությունը. «Ամբողջ աշխարհը, որն այսօր ներդրել է ռիսկի վրա հիմնված սննդամթերքի անվտանգության համակարգ, հաստատ մի բան գիտի, այնտեղ բնականաբար կա նաեւ ԶԼՄ-ների դերը, եւ ես դեռեւս 2015 թվականին ասում էի, որ հավասար պետք է լինի պատասխանատվությունը ե՛ւ գիտական կառույցի, ե՛ւ սպառողների, ե՛ւ զանգվածային լրատվության միջոցի, ե՛ւ գիտական կազմակերպությունների: Բայց այս առումով պետք է ասեմ, որ ռիսկի վրա հիմնված սննդամթերքի անվտանգության եւ մոնիտորինգային ծրագրերի առումով 2018 թվականին նոր է պլանավորվում այս աշխատանքների իրականացումը: Մի կողմից՝ սա, իհարկե, դրական քայլ է, բայց մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով, որ մենք իսկապես վատ վիճակում ենք, այսինքն` բազային վիճակը քանի որ վատ է եղել, մեզ ավելի կոշտ ծրագիր է պետք, որպեսզի գործողությունները լինեն շատ ավելի արագ, եւ ակնկալվող արդյունքը տեսնենք շատ ավելի արագ»:
Դավիթ Պիպոյանը հայտնեց, որ ներկայումս քննարկվում է համապատասխան գիտական կենտրոնների նշանակման հարցը, եւ կառավարությունում առաջիկա 2-3 ամիսների ընթացքում կքննարկվի նաեւ այդ հարցը. «Բայց եթե հաշվի առնենք այս տեւողությունը, պետք է շեշտել, որ մենք այդքան ժամանակ չունենք, մենք շատ ավելի արագ գործողություններով պիտի գնանք եւ չսպասենք ԶԼՄ-ների կողմից մոնիտորինգների տվյալների, որից հետո նոր արձագանքենք, որ տնտեսվարող սուբյեկտները համակարգի նկատմամբ լավ վերահսկողություն չեն իրականացնում: Մենք միշտ ենք ասել դա, երբ որ 2014 թվականին նույն ԶԼՄ-ն դա բարձրաձայնում էր, պատկան մարմինը հերքում էր, հիմա, բարեբախտաբար, ունենք վիճակի էական բարելավում, որ պատկան մարմինն ինքն էլ է արձագանքում, որ կա խնդիր, բայց արձագանքելը մի բան է, դա շատ արագ պետք է դարձնել գործողությունների ծրագիր եւ այդ ծրագիրը կյանքի կոչել, որպեսզի շահի եւ սպառողը, եւ, իհարկե, մեր պետության վարկանիշը»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
10.03.2018