Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ով էլ լինի նախագծի հեղինակը՝ մասնագիտական էթիկան խախտել է, պետք է զրկվի լիցենզիայից»

Մարտ 12,2018 12:30

Դեռ 2015 թվականին ԵՊՀ տնօրինությունը նամակ էր գրել ՀՀ կառավարությանը, խնդրել իրեն նվիրաբերել Մաշտոցի 52 հասցեում գտնվող անշարժ գույքը, այն ԵՊՀ-ի հայտնի «Հյուրերի տունն է»: Կառավարությունը չէր մերժել այս խնդրանքը, եւ նույն տարում էլ որոշեց այն նվիրել մայր բուհին: Այս շենքի սկզբնական արժեքը, ինչպես Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն էր կառավարության նիստին վստահեցրել, 1 միլիարդ 899 միլիոն 686 հազար դրամ էր, շենքի մակերեսը՝ 3140.6 քառակուսի մետր: Ընդ որում, կառավարությունն այս շենքը ԵՊՀ-ին նվիրելու իր որոշումը հիմնավորել էր, թե՝ «Ելնելով ԵՊՀ-ի զարգացման ծրագրերում դրված նպատակների իրականացման անհրաժեշտությունից»:

Կարճ ժամանակ անց այս գեղեցիկ շենքը 2,2 միլիարդ դրամով ձեռք բերեց «Էս Էռ Հոթել» ընկերությունը, այն պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) հորը՝ Ստանիսլավ Համբարձումյանին: Այս ընկերությունը պայմանագիր է կնքել «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի հետ, եւ այստեղ կառուցվում է «Քրոուն պլազա» հյուրանոցը: Ըստ պայմանագրի՝ Մաշտոցի 52 հասցեի շենքը հանձնվել է «Քրոուն Պլազա» ապրանքանիշի հավատարմագրային ղեկավարմանը:

Շենքի նախագիծը դժգոհություն է առաջացրել մի խումբ ճարտարապետների մոտ, նրանք ցավով են արձագանքում, թե ԵՊՀ-ի «Հյուրերի տունն» ինչի է վերածվում:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանն ասում է. «Սա այն շենքերից էր, որ բոլորը հանգիստ ընդունում էին, մեկին չգիտեմ, որ ասի՝ լավը չէր, սա ո՛չ 20-ականների կոնստրուկտիվիզմ էր, որը անհոգի մարդիկ չեն սիրում, ո՛չ սովետական մոդեռնիզմ, որը անխելքները չեն հասկանում։ Ես չեմ սիրում քննադատել կամ հանրային կարծիք հայտնել անմիջապես նախագծերի մասին: Միշտ քաղաքաշինական կամ գլոբալ տեսակետից եմ մեկնաբանում, ոչ էլ հեղինակներին անձամբ եմ անդրադառնում։ Բայց ես չգիտեմ՝ ով է սրա հեղինակը: Ով էլ լինի՝ մասնագիտական էթիկան խախտել է, իմ պատկերացմամբ, պետք է զրկվի լիցենզիայից, սա անբարոյական է պրոֆեսիոնալ տեսակետից։

Մի՞թե չէր կարելի հրաժարվել»: Կարապետյանի՝ սոցիալական ցանցում արտահայտած այս մտահոգությանն ու օգտատերերի կարծիքին արձագանքել է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, որը կարեւորելով քաղաքի գոտիավորումը՝ նկատում է. «Այստեղ մենք գործ ունենք նաեւ ժառանգության պահպանման հետ, որոնց ցուցակագրման կարգերն ու մեթոդներն են նաեւ խնդրահարույց։ Գոտիավորումը չի որոշում՝ որ շենքն է պահվում, այլ որոշում է՝ ոնց է պահվում։ Այստեղ մենք ունենք խնդիր՝ այս շենքը չի համարվում հուշարձան, եթե համարվեր էլ, ապա պետք է հստակ ռեժիմ ունենար, թե որ թույլատրելի միջամտության չափով։ Բայց Հայաստանի նման կենտրոնացված երկրում պետք է հաշվի առնել ինստիտուցիոնալ հավասարակշռման խնդիրն ու ամեն ինչ չդնել գոտիավորման վրա»: Սարհատ Պետրոսյանը նաեւ նշում է. «Սխալվում են այն մարդիկ, որոնք համարում են, որ քաղաքը քառակուսի մետր է, եւ այդ տրամաբանությամբ են առաջնորդվում: Կարելի էր շենքը շատ լավ պահպանել ու ստանալ մի քանի անգամ ավելի շատ քառակուսի մետր։ Իրականում շենքի իրական արժեքի չգնահատման ու որակյալ միջավայրի վերաբերյալ հնացած պատկերացումներն են։ Այս շենքն ինչով է զիջում նախորդ 15 տարիներին կառուցված նման նախագծերին։ Ոչ մի բանով»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

10.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031