Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նադյա» կեղծանունով ռուսական զորամասի աշխատակցուհի ներկայացած Անահիտին կհանձնվի «վարդագույն ծաղիկներով կտորից տաբատը»

Մարտ 12,2018 12:00

Անահիտ Ղազարյանն ամեն հանդիպման տարբեր հագուստով է եղել

Որքան շատ ես գրում վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու մեխանիզմների մասին, այնքան աճում են նման հանցագործությունները:
Մարդիկ հաճախ են հայտարարություններ տալիս իրենց ապրանքը վաճառելու կամ գնելու մտադրությունների մասին: Հանցագործներն արթուն են: Վերցնելով անձնական, հեռախոսային տվյալները, որոնք տպագրվում են այդ կայքերում, հայտարարությունների տակ, զանգում են հնարավոր զոհին, հերթական միամիտին: Ամեն ինչ կատարվում է ձայնի միջոցով, հաճախ չեն տեսնում միմյանց, պայմանավորվում է մեկը, հանդիպման գալիս է մեկ ուրիշը, իսկ երբ «առաջինին» ես զանգում, նա անհասանելի է:

Անահիտ Ղազարյանի նկատմամբ դատարանը վերջնական պատիժ էր նշանակել 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումն ու 900.000 ՀՀ դրամ գումարի չափով տուգանքը: Անահիտի նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված առգրավված պայուսակը, կարճաթեւ ամառային զգեստը, մոխրագույն բլուզը եւ վարդագույն ծաղիկներով կտորից տաբատը կհանձնվի ամբաստանյալ կնոջը: Չորս տուժողներից մեկի՝ քաղաքացիական հայցվոր Մնացական Մովսիսյանի հայցը` 1500 դոլարին համարժեք դրամ գումար բռնագանձելու մասով կարճվել է՝ հայցից հրաժարվելու հիմքով:

Անահիտի պաշտպանը գոհ չէ դատավճռից, պահանջում է մասնակի բեկանել 2 դրվագով 2 տարի 3 ամիս ժամկետով վերջնական ազատազրկում նշանակելու մասով կայացրած դատավճիռը եւ նրա նկատմամբ նշանակել տուգանք նշված հոդվածով նախատեսված պատժաչափի սահմաններում: Կամ՝ Ա. Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան մինչեւ 3 տարի ժամկետով:
Ըստ դատարանի՝ Անահիտը 2015 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով հափշտակություն է կատարել:

Դրվագներից մեկով, Անահիտը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, ոմն Կարենի հետ 2015 թվականի հունիսի 30-ին Երեւանի ռուսական եկեղեցու մոտ հանդիպել է վարդենիսցի Ա. Բարսեղյանին: Ներկայացել է որպես «Նադյա» անունով ռուսական զորամասի աշխատակցուհի եւ տրակտոր վաճառելու պատրվակով տուժողից վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 2.031.879 ՀՀ դրամին համարժեք 4300 ԱՄՆ դոլար գումար:

Ակնարկված երկրորդ դրվագով էլ, ըստ դատարանի, Անահիտը «Կարենի» հետ հուլիսի 8-ին դարձյալ ռուսական եկեղեցու մոտ հանդիպել է տուժող Ա. Խաչատրյանին: Նույն սցենարով, ներկայանալով «Նադյա», որն աշխատում է ռուսական զորամասում, որպես քարտուղարուհի, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան վաճառելու կեղծ պատրվակով տուժողից հափշտակել է 950.000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար:
Մեկ այլ դրվագով էլ, «ռուսական զորամասի աշխատակցուհին» բեռնատար ավտոմեքենայի անվադողեր վաճառելու պատրվակով տուժող Ռ. Պողոսյանից հափշտակել է 220.000 ՀՀ դրամ գումար, զոլաքարցի Ա. Մովսիսյանից հափշտակել է 1500 ԱՄՆ դոլար գումար:

Ի դեպ, վերջինս քաղհայցով դիմել էր դատարան, պահանջել էր ամբաստանյալից հօգուտ իրեն բռնագանձել 1500 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը` որպես հանցագործության հետեւանքով պատճառված վնասի հատուցում, ապա հրաժարվել ներկայացված հայցադիմումից, պատճառաբանելով, թե Անահիտը մասնակի հատուցել է պատճառված վնասը:

Դատական քննության ընթացքում զոլաքարցին ցուցմունք էր տվել, որ հայտարարությունը տեղադրել էր «Լist.am» ինտերնետային կայքում` «Գազել» մակնիշի ավտոմեքենա գնելու վերաբերյալ: Նրան զանգել է մի տղամարդ, ներկայացել Գեղամ անունով, հայտնել, որ վաճառում է «Գազել» մակնիշի ավտոմեքենա: Այդ մասին հայտնել է հորը: Պայմանավորվել են հանդիպել մեքենան տեսնելու եւ գնելու նպատակով: Գնացել են մեքենան տեսնելու, հանդիպել են Անահիտին, սակայն երբ վկայի հայրը զանգել է Գեղամին, հեռախոսահամարը անհասանելի էր: Վկան հայտնել էր, որ իր հորից գումար են վերցրել, սակայն դրա դիմաց մեքենան չեն տվել:

Ի դեպ, վկաներից Ա. Խաչատրյանը բացակայում էր Հայաստանի Հանրապետությունից՝ համաձայն ոստիկանության տված պաշտոնական փաստաթղթի: Դատարանը հրապարակել էր նախաքննության ժամանակ տված նրա ցուցմունքը:
Վկան «list.am» կայքում հայտարարություն էր տեղադրել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան վաճառելու մասին: Հայտարարությունից հետո նրան է զանգել Գեղամ անունով մեկը, հայտնելով, թե ծառայում է Գյումրիի «Սեւեռսկի զորամասում» եւ վաճառում է զորամասից դուրս գրված մեքենա 2000 ԱՄՆ դոլարով: Որոշել են գնել այդ մեքենան եւ պայմանավորվել են Գեղամի հետ Քանաքեռի ռուսական զորամասի մոտ:
Այնտեղ, ըստ Գեղամի, նրանց էր մոտենալու իր կողմից ուղարկած Նադյան, ում պետք է փոխանցեն գումարն ու անձնագիրը` ձեւակերպումը կատարելու համար, որից հետո միայն կստանան մեքենան: Ա. Խաչատրյանը ծրարով գումարն ու անձնագիրը փոխանցել է «Նադյային», ով վերցնելով ծրարը, հեռացել էր: Սպասել են Գեղամին, ապա զանգել նրան. նրա հեռախոսահամարները եղել են անհասանելի:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

10.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031