Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լիարժեք սնունդը՝ առողջ ու անվտանգ մանկության գրավական

Մարտ 12,2018 11:00

Լիարժեք ու հավասարակշռված սնունդը մշտական խնդիր է հայաստանյան շատ ընտանիքների համար: Մակարոնեղեն, հաց, կարտոֆիլ. սրանք սննդի հիմնական բաղադրիչներն են, իսկ սոցիալական ծանր պայմանների ու աղքատության բարձր ցուցանիշի պատճառով մրգերը, բանջարեղենն ու մսեղենը շքեղության պես մի բան են դառնում: Մինչդեռ ոչ լիարժեք սնունդը կարող է առաջացնել մի շարք ծանր հիվանդություններ երեխաների մոտ եւ հարցականի տակ դնել նրանց կայուն զարգացումը:

Աղքատությունը՝ թվերով

Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում 2016թ.-ին աղքատությունը կազմել է 29.4%: Սա նշանակում է, որ բնակչության շուրջ 880 հազարն աղքատ է:
Նրանցից շատ աղքատների թիվը կազմում է 295 հազար (ներառյալ ծայրահեղ աղքատները):

Իսկ 54 հազար մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում:
Աղքատության հետեւանքով առաջացող լրջագուն խնդիրներից է դառնում լիարժեք սնունդ ստանալու անհնարինությունը: Հարցը էլ ավելի է սրվում, երբ խոսքը երեխաներին է վերաբերում, ու լիարժեք սննդի բացակայությունը դառնում է նրանց կայուն զարգացման խոչընդոտ:

Լիարժեք սնունդ՝ կայուն զարգացում

Լիարժեք սնունդն առողջ երեխաներ ու առհասարակ առողջ սերունդ ունենալու առաջնային պայմաններից մեկն է, քանի որ թերսնվածությունը կարող է երեխայի ֆիզիկական ու մտավոր զարգացման վրա լուրջ ազդեցություն թողնել:
Մանկաբույժ Նոնա Եղոյանը նշում է, որ պրակտիկայում հաճախակի են դարձել թերսնվածության հետ կապված հիվանդություններով երեխաների դեպքերը. «Թերսնվածությունը կարեւոր ու լուրջ խնդիր է երեխաների համար: Դրա պատճառով մի շարք ծանր հիվանդություններ կարող են առաջանալ՝ կապված նյութափոխանակության, իմունային համակարգի հետ: Իսկ թուլացած իմունային համակարգը հանգեցնում է դիմադրողականության կտրուկ իջեցմանը, եւ երեխան ավելի հաճախ է հիվանդանում»:
Թերսնուցման արդյունքում աշխարհի զարգացող երկրներում յուրաքանչյուր օր մինչեւ 5 տարեկան մահանում է 7500 երեխա՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2012 թ. տվյալների։

Նույն այդ տվյալներով՝ աշխարհում մահացած շուրջ 8 մլն երեխաներից 48%-ի մոտ մահվան պատճառները զուգակցվել են թերսնուցման խնդիրներով: Իսկ 2013թ. աշխարհի մոտ 51 միլիոն երեխաներ տառապում էին սուր թերսնվածությամբ:

Հայաստանյան իրականություն. թերսնվածության հետեւանքներն ու թերաճության բարձր ցուցանիշը

Հայաստանում իրավիճակը խիստ մտահոգիչ է: Մինչեւ 5 տարեկան երեխաների 4%-ի մոտ գրանցվել է թերսնվածություն, շուրջ 2%-ի շրջանում՝ խիստ թերսնվածություն՝ APR Group հ/կ-ի եւ Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ Հայաստանի բնակչության սնուցման վիճակի ուսումնասիրության շրջանակներում:

Պարզվել է, որ վերջին 10 տարիների ընթացքում թերսնվածության ցուցանիշը աճի ակնհայտ միտում է արձանագրել` 2000թ. 2%-ի փոխարեն 2010-ին կազմելով 4%:
Երեխաների թերսնվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արարատի մարզում՝ 12%:

Թերսնվածության պատճառով առաջացող թերաճություն հիվանդությունը եւս բարձր ցուցանիշ է գրանցել երեխաների շրջանում: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ եւ դրսեւորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ:

Ըստ Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության 2010թ. տվյալների՝ Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների 19%-ը թերաճ է, իսկ 8%-ը` խիստ թերաճ (շատ կարճահասակ):

Խնդիրը, ցավոք, չի սահմանափակվում միայն աղքատության ու կյանքի վատ պայմանների բարձր ցուցանիշով: Երեխաների թերսնվածության հիմնական պատճառներից է նաեւ ծնողների ցածր կրթական մակարդակը եւ երեխաների սնուցման ու տարիքային առանձնահատկությունների մասին գիտելիքների պակասը:

Մանկաբույժ Նոնա Եղոյանը պատմում է, որ շատ են նաեւ այնպիսի դեպքերը, երբ սննդի խնդիր առանձնապես չկա, պարզապես ծնողները չգիտեն, թե ինչպես պետք է կազմել երեխաների ճիշտ սննդակարգը. «Կան տարիքային առանձնահատկություններ, որոնց շատ հաճախ ծնողները չեն տիրապետում: Նորածիններին կարող են տալ շաքարաջուր կամ կովի կաթ, մինչեւ մեկ տարեկան երեխաներին կերակրեն ծանր մսային ուտելիքով կամ կազմեն սննդի ընդունման սխալ չափաբաժիններ: Երեխայի կյանքում առանձնապես կարեւոր են առաջին երեք տարիները, երբ ձեւավորվում են օրգաններն ու համակարգերը: Կրծքով կերակրման անհրաժեշտությունից սկսած մինչեւ մյուս տարիքում երեխայի ճիշտ սնուցումը ապահովելու մասին գիտելիքները խիստ կարեւոր են ծնողների համար»:
ՀՀ բնակչության սնուցման վիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դպրոցահասակ երեխաների դեպքում եւս կան սնուցման հետ կապված խնդիրներ ու մտահոգիչ ցուցանիշներ: Պարզվել է, որ դպրոցական տարիքի երեխաների շրջանում դեռահասներից 10-ից 8-ը առավոտյան չի նախաճաշում: Նրանց մոտ 20%-ը նախաճաշում է դպրոցում: Այդ պատճառով էլ երեխաները հաճախ են օգտվում արագ սննդից ու գազավորված ըմպելիքներից, ինչն էլ կարող է հանգեցնել թերսնվածության հակառակ, բայց ոչ պակաս վտանգավոր երեւույթին՝ գերքաշությանը:

Ըստ նույն հետազոտության՝ գերքաշ երեխաների թիվը 11%-ից (2005թ.) աճել է մինչեւ 15% (2010թ.):

Նոնա Եղոյանը նշում է, որ ճիշտ սնուցումը ենթադրում է բալանսավորված սնունդ, որով երեխան կստանա օրգանիզմին անհրաժեշտ հիմնական տարրերը. «Վաղ մանկությունից հետո երեխան կարող է ուտել ամեն ինչ, պետք է պահպանել միայն չափաբաժիններն ու բալանսը: Նախընտրելի է օրական 3-4 անգամ փոքր չափաբաժիններով կերակրել երեխաներին: Սնունդը պետք է պարունակի սպիտակուցներ, հանքային նյութեր, ածխաջրեր ու միկրոտարրեր: Միսը, կաթնամթերքը, մրգերն ու բանջարեղենը պետք է լինեն երեխայի սննդակարգում, որպեսզի այն համարվի բալանսավորված ու լիարժեք»:
Թերսնուցումը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում լուրջ մարտահրավեր է նոր սերնդի ու տարբեր տարիքային խմբերի երեխաների համար: Երկրում առկա աղքատության բարձր ցուցանիշը, բնակչության ծանր ֆինանսական դրությունն ու ճիշտ ու բալանսավորված սնվելու մասին գիտելիքների ու տեղեկացվածության ցածր մակարդակը թերսնուցման հիմնական պատճառներն են: Թերսնվածությունը տարբեր վտանգներ է առաջացնում երեխաների մոտ հիվանդությունների աճի տեսքով, որոնցից խիստ մտահոգիչը Հայաստանի համար թերաճության մեծ թվերն են:

Հետեւաբար առողջ երեխաներ մեծացնելը պիտի դառնա առաջնահերթ նպատակ մեր պետության համար, ու պետք է արագ եւ նպատակային քայլեր ձեռնարկվեն սոցիալական բարենպաստ պայմաններն ու երեխաների առողջ ու անվտանգ մանկությունը ապահովելու համար:

 

ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Առավոտ»

10.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031