Այսօր 900 բնակիչ ունեցող Դեբետ համայնքում ղեկավար են ընտրում: Գյուղապետի պաշտոնի համար 4 թեկնածուներ են պայքարում: Անկուսակցական Աշոտ Ղազարյանը վստահ է, որ 655 ընտրողների 40 տոկոսն իրեն է ձայն տալու: Ասում է քարոզարշավի ընթացքում էլ խոչընդոտներ գրեթե չեն եղել. «Ընտրողի ձայնի վրա ազդող խնդիրներ չեն եղել: Իմ անձին ինչ-որ կուսակցությունների հետ կապող խոսակցություններ են եղել, բայց դա ընտրողի ձայնի վրա չի ազդելու»:
Աշոտի հետ համակարծիք է նաեւ ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը: Նա եւս խնդիրների չի հանդիպել. «Խնդիրներ ու խոչընդոտներ չեն եղել: Կարծում եմ մարդկանց մի մասն ընտրության չի գալու, մի մասն էլ ծերեր են: Ժողովուրդը հույսը կտրել է ամեն ինչից, դրա համար էլ չեն գալիս ընտրության»:
ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանն արդեն 5-րդ անգամն է համայնքապետի թեկնածություն դնում: Ասում է՝ կիսատ թողած գործեր ունի, պետք է ավարտին հասցնի.«Իմ կիսատ թողած գործերը կավարտեմ ու կանցնեմ այլ հարցերի: Շատ բան ունենք անելու: Ժողովրդի հետ շփվում ենք, խոստանում, խաբել պետք չէ»:
Արայիկ Սարգսյանն էլ ՀՅԴ կուսակցության անդամ է: Ասում է՝ քարոզարշավ չի իրականացրել, կարիքը չի եղել.« Փոքր գյուղ է, բոլորս էլ իրար ճանաչում ենք: Քարոզարշավ իրականացնելու կարիք չկար»:
Բոլոր 4 թեկնածուների ծրագրերի թիվ 1 խնդիրը՝ գյուղում գիշերային լուսավորություն, խմելու ջուր ունենալն ու ճանապարհի վերանորոգումն է:
Գործող գյուղապետ Արարատ Քոչարյանն այս ընտրությունների թեկնածությունը չի դրել մի քանի պատճառներով. «Առաջինը առողջական խնդիրներ ունեմ, որոնք ձեռք եմ բերել քառօրյա պատերազմին մասնակցելուց հետո: Երկրորդն էլ, որ պետք է համայնքները խոշորացվեն, դրա համար էլ որոշեցի թեկնածություն չդնեմ: Էս 6 ամսվա համար կարիք չկար թեկնածություն դնել: Իսկ խոշորացումից հետո չգիտես կընտրվես ղեկավար, թե ոչ: Չեմ ցանկանում, որպես ներկայացուցիչ աշխատել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ