Այսօր համայնքի ղեկավարի ընտրություններ են ընթանում նաեւ Լոռու մարզի Դեբետ համայնքում։ Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ՝ անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ֊ն ներկայացնող Յուրիկ Նազլուխանյանը, ՀՀԿ֊ական Կամո Պետրոսյանը եւ ՀՅԴ֊ն ներկայացնող Արայիկ Սարգսյանը։ Թեկնածուները բոլորն էլ ինքնաառաջադրվել են։
Գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված 24/01 ընտրատեղամասի նախագահ Լիանա Նիկոյանի խոսքով՝ մինչ ժամը 15։30֊ը որեւէ խնդիրներ չեն արձանագրվել։ Մինչ այդ ժամը գյուղի բնակիչները մեծ ակտիվությսմբ են եկել ընտրության. «Գյուղի աշխատանքների ժամին մի քիչ պասիվ են, բայց հիմա ակտիվ գալիս են։ Օգնողներն էլ բավականին շատ են։ Հիմնականում ծեր մարդիկ են եւ տեսողության խնդիրներ ունեն, մի կերպ են գալիս։ Դրա համար իրենց օգնել է պետք»:
65֊ամյա Արփիկ Պետրոսյանն այս ընտրությունների հետ հույսեր է կապում։ Ասում է գյուղում իրավիճակը վատ է, գուցե փոփոխություն լինի. «Գյուղում լուսավորություն չկա, ջուր չկա, փողոցները լավը չեն։ Երեկոյան մի տեղ ես գնում, ընկնում ես։ Կարող է այս ընտրություններից հետո մի բան փոխվի, լավ լինի»:
Ի տարբերություն համագյուղացու, Լիպարիտ պապն այս ընտրություններից այս անգամ եւ ակնկսլիք չունի. «Պարտականություն է, կատարում եմ էլի։ Ոչ մի բան էլ չի փոխվելու, քանի գնում «զադնի» ենք գնում»:
Ժամը 16։00֊ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 380-ը։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ