Մարտի 19-25-ը Միլանում կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը: Մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանի անունը եւս նշված է հայտացուցակում:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի խոսքով` ներկայումս Սլավիկ Հայրապետյանը մարզիչ Ալեքսանդր Ուրմանովի գլխավորությամբ մարզվում է Ադլերում, բայց Միլան կժամանի հոր` Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Հայրապետյանի հետ: Իսկ մինչ այդ Սլավիկը հանդես կգա Լյուքսեմբուրգում կայանալիք «Coupe de Printemps» միջազգային մրցաշարում:
Թինան եւ Սիմոնը Եվրոպայի առաջնությունից հետո մրցաշարերի չեն մասնակցել: Նրանք մարզվում են Կանադայում իրենց անհատական մարզիչների գլխավորությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ