Լրահոս
Օրվա լրահոսը

Ունկնդիր լինենք հանճարներին և ապրենք ու գործենք հայեցի

Մարտ 11,2018 14:53

«Ամեն բառ մի զինվոր է»` Մուշեղ Գալշոյան

Հայկական, գուսանական, ժողովրդական երգերն այնքան հոգեթով են յուրաքանչյուր հայի համար, որ ամեն անգամ ունկնդրելիս, ասես մի առողջարար հոսանք է թափանցում, ներխուժում սրտիդ ու հոգուդ խորքերը, փարատում հոգս ու հոգնություն: Հայ գուսանները դեռ հեթանոսական, նախաքրիստոնեական հազարամյակներում գողթան երգերում փառաբանում էին հայ հերոսներին` վիշապազուն Վահագնին` Աստղիկ աստվածուհու սիրելիին.

Նա հուր հեր ունէր,

Բոց ունէր մորուս,

ԵՎ աչքունքն էին արեգակունք:

Մեծագործ, շինարար, հայրենատեր արքաներին` գանգրահեր, քաջակորով Հայկ նահապետին, հայրենի սահմանները ընդարձակող քաջարի Արամ նահապետին, հզորագույն արքաներ Արտաշեսին, Տիգրան Մեծին.

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Եկ հավանեաց բանից աչագեղոյ

Դստերս ալանաց` տալ զպատանիդ,

Զի վասն միոյ քինու

Ոչ է օրէն դիուցազանց`

Զայլոց դիուցազանց զարմից

Բառնալ զկենդանութիուն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

ԵՎ թշնամութիուն յավիտենական

Ի մէջ երկոցունց  ազգաց քաջաց հաստատել:

Այո, հայ գուսանները երգում էին Արա Գեղեցիկի ու Նվարդի, Վահագնի ու Աստղիկի, Արտաշեսի ու Սաթենիկի  ասպետական սիրո մասին. և տարօրինակ է մեր օրերում հնչող այն թյուր կարծիքը, թե նախաքրիստոնեական գուսանները սեր չեն երգել, որ նորագույն ժամանակների աշուղներն են սեր երգել, զի «աշուղ»` նշանակում է սիրահար:

Հայ գուսանները սիրո մասին երգում էին քրիստոնեությունն ընդունելուց մեկ դար հետո էլ. դրա վկայությունն է 5-րդ դարի Գյուտ կաթողիկոսի թշնամական վերաբերմունքը հայ գուսանների կողմից դեռևս կատարվող սիրո տաղերի նկատմամբ, որոնք նա պիղծ էր համարում:

Ցավոք, մեր հոգևոր այրերը` քրիստոնեություն որդեգրած Տրդատ արքայի գլխավորությամբ, հրով ու սրով հիմնահատակ ջնջեցին հազարամյակների հեթանոսական մեր անցյալը, և մնաց անանցյալ անցյալը: Եթե մեծն Խորենացին իր հանճարեղ «Հայոց պատմություն»-ում, ի հեճուկս հայ եկեղեցու, չարձանագրեր հեթանոսական շրջանի պատմության ու մշակույթի դրվագները, ապա չէինք իմանա մեր ժողովրդի նախաքրիստոնեական անցյալի մասին ընդհանրապես ոչինչ: Եկեղեցին դաժան հալածանքի ենթարկեց մեծն Խորենացուն, ով համարձակվել էր մեր ժողովրդի հեթանոսական անցյալն արձանագրել. իսկ թե ինչ կկորցներ մարդկային քաղաքակրթությունը, եթե նման ոչնչացման, ժխտման  քաղաքականություն վարեին հույն և հռոմեացի քրիստոնյաները, երևակայելն անգամ սարսափելի է…

Միջնադարյան կրոնական մոլեռանդության արդյունքն եղավ այն, որ միջնադարում հայ միտքը աշխարհիկ մտածողությամբ քիչ բան ստեղծեց, ինչպիսին ազատորեն ստեղծում էր պարսիկ ժողովուրդը` ի դեմս հանճարներ Ֆիրդուսու, Խայամի, Խաքանիի, Ռուդաքիի,  Սաադիի, Նիզամիի, շատ-շատերի:

Միջնադարյան հայ մշակույթում շատ բան շղարշված էր, սքողված էր կրոնական միստիցիզմով. գրիչները մեծամասամբ զբաղված էին հազարավոր Ավետարաններ արտագրելով և մանրանկարչությամբ ծաղկեցնելով:

Այո, մի շարք հանճարեղ անհատներ` Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Երզնկացին, Քուչակը, Ֆրիկը, նաև ուրիշներ, 18-րդ դարում Նաղաշ Հովնաթանը համարձակվեցին բանաստեղծել և երգել աշխարհիկ տաղեր:

Հայ գուսանները /աշուղները դեռ ասպարեզում չէին/ բանաստեղծում և երգում էին աշխարհիկ սիրո, կանացի հմայքի ու գեղեցկության մասին: Ամենատաղանդավորը, թերևս, Քուչակն էր, որն, ի հեճուկս միջնադարյան կրոնական մոլեռանդության, համարձակորեն փառաբանում էր աշխարհիկ սերը, կանացի հմայքն ու գեղեցկությունը.

Ծոցդ է ճերմակ տաճար,

Ծծերդ են կանթեղ ի վառ,

Երթամ ես ժամկոչ ըլլամ,

Գամ լինիմ տաճրիդ լուսարար

Գնա, ծո, տղայ տխմար,

Չի վայելիս տաճրիս լուսարար,

Երթաս դու խաղով կիյնաս

ԵՎ թողուս տաճարս ի խավար:

Հապա այս հրաշք քերթվածը`

Լուսին, պարծենաս, ասես.

Լուս կուտամ ես աստընվորիս,

Ահա  հողեղեն լուսին ի ծոցիս

ԵՎ երեսն երեսիս,

Թէ չես ավտալ այս գերուս,

Յետ տանեմ զփեշ կապայիս,

Վախէմ սիրոյ տէր լինիս,

Լուս պակաս տաս աստընվորիս:

Դժվար է ասել այլ լեզուներով ինչ որակով են թարգմանվել Քուչակի հանճարեղ տաղերը, բայց թե Խայամն ու Գյոթեն, թե Պուշկինն ու Լերմոնտովը թերևս կարտագրեին այս հրաշք տաղերը իրենց ծոցատետրերում:

Հայ գուսանները հորինում և մայրենի լեզվով կատարում էին աշխարհիկ սիրերգեր, մինչդեռ աշուղները ասպարեզ եկան 17-18-րդ դարերում, որոնք հիմնականում երգում էին թուրքերեն, պարսկերեն, արաբերեն` փաշաների, խաների, ամիրաների պալատներում, նրանց դարպասների առջև:

Մինչև 1453 թ., այսինքն` թուրքական լայնածավալ տիրապետության հաստատումը, հայ բանաստեղծ-երգիչները, կամ երգիչ-բանաստեղծները` Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Երզանկացին, ապա 18-րդ դարում` Նաղաշ Հոնաթանը թուրքերեն չէին երգում և հայ նախնական գուսանական երգարվեստի ժառանգորդներն էին:

Այո, միջնադարի քերթողներից շատերը բանաստեղծ-գուսաններ էին, որն ակնհայտ է նրանց բանաստեղծությունների բովանդակությունից ու տաղաչափությունից. օրինակ` Կոստանդին Երզնկացի`«Տաղ սիրոյ» բանաստեղծության վերջին քառատողը`

Զնա երբ ի խաղ տեսնում նազով,

Լուսին սուրաթ, սիահ մազով,

Ես յուր դէմն ելնեմ սազով,

ԵՎ թէ ծառայ լինիմ կամով:

Նաղաշ Հովնաթան`

Լուսնի նման պայծառ երես բոլորած,

Ես մնացի կարոտ` համբուրիդ համար.

Վարսերդ ոսկե թելե նման ոլորած,

Ես մնացի կարոտ` ետ տալոյ համար.

Աչքերդ վառել է պայծառ ճրագով,

Ափսոս, որ ծածկել ես բարակ լաչակով,

Ես մնացի կարոտ` տեսնելոյ համար.

Ծոցիդ շամամներն խիստ է նորահաս,

Վախէմ, թէ  թառամե, շատ մի կենար պաս,

Թէ ինձ նշանց չտաս` կընկնես պատուհաս,

Ես մնացի կարոտ` ձեռք տալոյ համար:

Այո, «ամեն բառ մի զինվոր է»` Գալշոյան, այո, «ամեն բառ, թե մշակույթ է, թե պատմություն, թե քաղաքականություն»` լեզվաբան Հովհաննես Զաքարյան:

Երբ անդրադառնում ենք, թե Անկարայի, Բաքվի թրքությունը ինչպիսի~ մոլագարությամբ է ջնջում հայի հետքերը վաղնջական մեր հայրենիքում /ցավոք, նույնիսկ, այսպես ասած, բարեկամ Վրաստանում/, համոզվում ես, թե որքան ճշմարիտ են, թե լեզվաբանը, թե տաղանդավոր գրողը:

Ցավալի է, թերևս, ազգային ու մարդկային անարժանապատվություն. թուրքը մոլագարի կատաղությամբ ջնջում է մեր հետքերը հինավուրց հայրենիքում, իսկ մենք անարժանապատվորեն հանդուրժում ենք նույնիսկ թուրք ավարառու, ցեղասպան ցեղապետերի անվամբ  քաղաքներ, գյուղեր` Ալավերդի, Ախթալա, Ավշար: Հայ իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող զանազան հայտնի ու անհայտ այլազգի, նաև հայ անարժան բոլշևիկների, կոմունիստների անուն-ազգանուններով գյուղեր, փողոցներ, կրթադաստիրակչական օջախներ.  այսպես` այլազգի կոմունիստ Դիմիտրովի անվամբ գյուղ Արտաշատի տարածաշրջանում, նույնիսկ մանկապարտեզ Երևանում, հայատյաց բոլշևիկ Միխայիլ Ֆրունզեի անվամբ փողոց. վերջինս հայ բոլշևիկների /նաև մերօրյա/ պաշտելի առաջնորդի հրանգով  քեմալական ջարդարարներին մի ամբողջ շոգենավ զենք, պարկերով ոսկի փոխադրեց թուրքական սևծովյան նավահանգիստ` լենինյան-բոլշևիկյան զենքով բնաջնջելու Կիլիկիայի, Կարսի, Ալեքսանդրապոլի հայ բնակչությանը, կանանց, մանուկներին: Թրքամոլը բոլշևիկյան շքանշաններ էր ամրացնում արյունարբու փաշաների կրծքներին` հանուն ցնորամիտ համաշխարհային հեղափոխության:

Այո, զավեշտալի է. ինչ-որ կոմունիստ Դիմիտրովի անունով գյուղ, նույնիսկ մանկապարտեզ. ինչպիսի~ երախտամոռություն. չէ որ թե գյուղի բնակիչները, թե մանկապարտեզի մանուկների պապերն ու տատերը, նաև բազմաթիվ այլ բնակավայրերի, նաև սփյուռքի հարյուրհազարավոր հայ դուստրեր ու որդիներ իրենց կյանքով պարտական են զարմանալիորեն անձնազոհ ու խիզախ, անհավատալիորեն մարդասեր, ամենաիսկական սրբուհիներին ու սրբերին. Դանիայի դուստր Քարեն Եփփե` հազարավոր հայ մանուկների Քարեն մայրիկ. Էստոնիայի դուստր Աննա Էդվիգ Բյուլ` հազարավոր հայ մանուկների Բյուլ մայրիկ. Շվեդիայի դուստր Ալմա Յոհանսոն, Ֆրանսիայի դուստր, աներևակայելիորեն խիզախ տիկին Մեյրիեն, Նորվեգիայի մեծագույն զավակ, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսեն, ռուս ժողովրդի տաղանդավոր զավակ, հայ ժողովրդի նվիրյալ Սերգեյ Գորոդեցկի, շատ-շատերը:

Հայրենակիցներ, երախտամոռությունը մարդկային ամենամեծ մեղքերից մեկն է. Առաջիկա ապրիլի 24-ին Երևանում  դարձյալ կայանալու է Ավրորա Մարդիգանյան մրցանակաբաշխությունը. ահա վերոհիշյալ իրական սրբերի անուններով բնակավայրեր, դպրոցներ, մանկապարտեզներ անվանակոչեք, հայրենի հողը մաքրելով դահիճների, պատահական անուն-ազգանուններից:

Ցավալի է նաև, որ  անարժանապատվորեն հանդուրժում ենք նվաստացուցիչ ամենաբազմազան թուրքական ազգանուններ. չէ որ դրանք գոնե կարելի է թարգմանել, հայեցի գեղեցիկ իմաստով` տվյալ տոհմի վրայից մաքրելով դարերով պարտադրված թուրքական ախտը, որ ստրկության այդ խարանը չփոխանցվի դարեդարը: Հապա հազարավոր օտար անձնանունները:  Այսպես. 2001 թ. ծնված աղջիկներից  858-ը անվանակոչվել է Մելինե, 2011 թ. ծնված աղջիկներից` 789-ը Էլեն է և այսպես շարունակ:  իսկ ոչ հայեցի տղաների անունները` ամենուրեք ականջ են սղոցում օտարահունչ Ալեքսանդր, Ալեքս, Արթուր, Էրիկ, Համլետ, Լեո, Ռոբերտ, Սերժ և հազարներով ոչ հայաշունչ անձնանուններ: Ինչո՞ւ ենք  այսքան ապազգային, ազգուրաց, անարժանապատիվ, չէ որ հայեցի թե արական, թե մանավանդ աղջիկների չքնաղ անձնանուններ ունենք, որոնք արտտասանելիս անգամ մարդու բերանը քաղցրանում է:

Տարիներ առաջ լեզվաբան Հովհաննես Զաքարյանը «Ոչ թե աշուղ, այլ գուսան» հոդվածում հանգամանորեն հիմնավորել է, որ պետք է շռջանառության մեջ թողնել  գուսան հայեցի անվանումը:

Հոդվածում նշվում է. մեծն լեզվաբան Աբեղյանը գրել է` «աշուղ» բառը վերջին 200-300 տարում է հայտնվել մեր բառապաշարում` արաբերենից փոխանցվել է թուրքերենի միջոցով:

Հանճարեղ Աճառյանը հանգամանորեն հիմնավորել է, որ հայերեն «գովասան» բառը անցել է պարսկերենին, ապա մեզ վերադարձել «գուսան» բառաձևով, այսինքն` զուտ հայկական-հնդեվրոպական արմատ է և մեզ համար ընդունելին գուսանն է: Մեծն Կոմիտասը Պոլսում ստեղծած իր երգչախումբն անվանել է «Գուսան»` ընդծելով բառի հայեցի լինելը: Նա իր ժամանակի բանաստեղծ-երգիչներին գուսան է անվանել:

Գևորգ Հախվերդյանը Սայաթ-Նովայի խաղերի ժողվածուն հրատարակել է «Գուսանք» խորագրով: 30 տարի` մինչև 1969 թ., Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ գործող պետական վաստակավոր համույթը կոչվել է «Սայաթ-Նովայի անվան գուսանական անսամբլ»:

«Գուսան» հայեցի բառը թուրք-արաբական բառով փոխարինելը հիմնավորվում է անհամոզիչ բացատրությամբ. իբր մեր ժամանակների աշուղները արևելյան տաղաչափությամբ են բանաստեղծում ու երգում, հետևաբար, տարբերվում են հին ժամանակների գուսաններից. հարցադրումը պարզապես անընդունելի է: Եթե 20-րդ դարում բանաստեղծները ստեղծագործել են նոր ժամանակների տաղաչափությամբ, միջնադարում այլ տաղաչափությամբ, գուցե միջնադարի քերթողներին բանաստե՞ղծ կոչենք, իսկ մեր ժամանակների ստեղծագործողներին էլ` պոե՞տ: Մի խոսքով, բառաձևն ինչ կապ ունի տաղաչափության հետ:

Հայցելով հարգելի լեզվաբան Հովհաննես Զաքարյանի ներողամտությունը, նրա հոդվածից  բառացիորեն ներկայացնում եմ  ուշագրավ մի հատված. ««Աշուղը»` սիրահարը, բառացիորեն յարին գովերգողն է: Գուսանը` գովասանը, գովերգում է ոչ միայն սիրած էակին,  այլև իր ազգի քաջորդիներին, հերոսներին, հայրենիքը, բնությունը, Աստծուն: Ուրեմն, գուսանը ավելի խորիմաստ, ընդգրկուն բառ է: Փոխանակ ի մի բերենք մեր ունեցածը, արժևորենք ու մեծարենք մեր ազգային մշակույթը, ցույց տանք նրա ակունքները, զարգացման ընթացքն ու հզորությունը, դրանով իսկ ազգային արժանապատվություն ներարկենք ժողովրդին, անում ենք ճիշտ հակառակը. մասնատում ենք մեր մշակույթը, նրա առանձին հատվածներ նվիրում օտարին, ստորացնում, նվաստացնում և այդպիսով ժողովրդի մեջ առաջ բերում թերարժեքության բարդույթ իր մշակույթի հանդեպ: Տպավորություն ենք ստեղծում, թե մենք կարգին ազգային մշակույթ չունենք` ամեն ինչ կամ մեռած է, կամ օտարամուտ, սա յուրատեսակ ուրացություն է: Այդպես, հայոց պատմության մի ամբողջ շրջան` ուրարտական անվանումով, հայտարարվել է ոչ հայկական, օտարվել մեզնից: Սա պարզապես սխալ մշակութային քաղաքականություն է: Մեր ընդունած ամեն մի օտար անուն օտարի խարանն է մեր ճակատին: Նորանոր թուքերեն բառեր մեր լեզվի մեջ խցկելով` ջուր ենք լցնում թշնամոււ  ջրաղացին: Աշուղ բառով հերթական զիջումն ենք անում մշակութային տարածքում»:

Հայ երգասացներին կոչ եմ անում,   բանաստեղծել ու երգել «գուսան» հայեցի, հաճելի անվան հովանու ներքո, հակառակ պարագայում ձեր արվեստից թրքության հոտ կգա, ինչպիսի ժանտահոտ, որ այսօր տարածված է մեր կորուսյալ դրախտ հայրենիքում:

Թերևս լեզվաբանության ինստիտուտի, լեզվի տեսչության  մեծարգո, խորագիտակ լեզվաբանները կանդրադառնան այս խնդրին, կարտահայտեն մասնագիտական վերաբերմունք: Գուցե լեզվի տեսչությւունը  գործնական քայլեր ձեռնարկի` կանխելու բնակավայրերին,  ծառայություններին, գործակալություններին, ռեստորաններին, շուկախանութներին հաճախակի տրվող օտարածին անվանումների օրինականացումը ազգային արժանապատվությունը չհարգող  պետական համապատասխան ծառայություւնների կողմից: Թերևս անդրադարձ լինի, առաջարկութուն արվի թուրքական ազգանուններից  թարգմանելու եղանակով ազատվելու, անթիվ-անհամար օտարամուտ անձնանունների կիրառումը կանխելու խնդրին: Չէ որ, պարոնայք, իրոք ամեն բառ մի զինվոր է, մշակույթ, պատմություն, քաղաքականությյուն: Ի վերջո, այսպիսի ապազգային քաղաքականությամբ դեպի ո՞ւր ենք գնում:

Ցավոք, վերջին 30 տարիներին  շատ-շատ բաներ ենք աչքաթող արել, լռության մատնել, անտարբեր ձևացել. լրջորեն չենք անհանգստացել երկրի տնտեսական զարգացման, մեծ չափերի հասնող գործազրկության, աղետալի արտագաղթի, ուրեմն` պետականության անվտանգության, ողջ հանրապետության մասշտաբով սպառնալիք դարձած էկոլոգիական, կենցաղային անվտանգության մասին` և ունենք այն, ինչ ունենք:

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031