Լրահոս
Օրվա լրահոսը

«80-90 տարեկան մարդը չալիկներով գալիս է ընտրության, ու ես մտածում եմ՝ էսքանի տակից ո՞նց պետք է դուրս գամ». Խաչփառի գյուղապետ

Մարտ 11,2018 14:39

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, 14 համայնքներում համայնքի ղեկավար են ընտրում, ընդ որում, միայն մեկ համայնքում է, որ առաջադրվել է ընդդիմադիր թեկնածու՝ ԲՀԿ-ական:

Մենք զրուցեցինք Խաչփառի գյուղապետ եւ առաջադրված միակ թեկնածու Ղազար Մարտիրոսյանի հետ: Նա ասաց, որ իրենց մոտ շատ հանգիստ մթնոլորտում են ընտրությունները միշտ անցնում որեւէ խախտում չի լինում. «Զարմանում եմ ես ախր, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում ի՞նչ ուղղորդում: «Ելքից» մարդիկ կան, բոլոր կուսակցություններից կան, եկեք տեսեք, ի՞նչ խախտում պիտի լինի»: Դիտարկմանը, որ միակ թեկնածուն եք, դրա համար խախտումներ չեն լինում, մրցակցություն չկա՝ նա արձագանքեց. «Մրցակցությունն ի՞նչ կապ ունի, խի չե՞նք ունեցել հազարավոր ուժեղ թեկնածուներ, ի՞նչ կապ ունի: Ժողովուրդը գալու է, ընտրելու է ում սիրում է, չի ընտրի, եթե չաշխատեն»:

Հարցին՝ Ձեզ սիրո՞ւմ են՝ Մարտիրոսյանը պատասխանեց, որ ինքը ճիշտ է աշխատում, իրեն գնահատում են. «Պետք է ճիշտ աշխատես, ժողովրդին ծառայություն ճիշտ մատուցես: Գալիս են ընտրության, ու միտք եմ անում, 70-80 տարեկան հիվանդ, հաշմանդամ մարդիկ կան, ո՞նց պիտի ես դրա տակից դուրս գամ, ո՞նց պիտի ծառայություն մատուցեմ, ա՛յ դրա մասին եմ մտածում, ոչ թե ուրիշ բանի մասին»:

Հարցին՝ խոստումներ տվե՞լ եք բնակիչներին ընտրվելուց առաջ՝ նա պատասխանեց. «Ի՞նչ խոստում պիտի տամ, սաղ օրը աշխատում եմ: Օրենքով վերապահված լիազորություններս պիտի անեմ, ընտրված օրից ամեն օր խոսում ու ամեն օր աշխատում եմ գիշեր-ցերեկ, խոստումս ո՞րն է»:

Թե ինչո՞ւ են ընդդիմադիրները պասիվ ՏԻՄ ընտրություններում եւ իրենց թեկնածուները չունեն՝ Խաչփառի գյուղապետն այսպես պատասխանեց. «Պասիվ չեն, իրենք իրենց հաշվարկն անում են, եթե ճիշտ ես աշխատում, լավ ես աշխատում՝ չեն առաջադրվում: Եթե ճիշտ չես աշխատում, պրոբլեմներ ես ստեղծում, գալիս են, քննադատում են, ասում են՝ դասարանն ազատիր, պիտի քո տեղը գա մեկ ուրիշը»: Ճշտեցինք՝ այսինքն, հաշվարկ են անում, տեսնում են, որ շանս չունեն անցնելու, չե՞ն առաջադրվում, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Երեւի կասեի շանսը: Հաշվի են առնում իմ անցած ճանապարհը, վերաբերմունքը: Բոլոր դեպքերում, եթե ճիշտ աշխատած չլինես, հազար ու մի խելոք, գրագետ մարդիկ կան, կգան, էլի»:

Ղազար Մարտիրոսյանն ասաց, որ ինքը անսխալական չի, բայց այս տարիների ընթացքում, ինչ աշխատել է, փորձել է շտկել դրանք. «Խաչփառը Շվեյցարիա չի, բայց Խաչփառում չլուծված հարց չկա: Մի հատ եկեք տեսեք ինչքան արված գործ կա, եկեք տեսեք ինչքան խաղաղ մթնոլորտ է: Ես առավոտից մինչեւ գիշերվա ժամը 11-ը աշխատում եմ: Պիտի աշխատես, սիրես աշխատանքը: Էն լավ ուսուցիչը ոնց է լինում, որ գալիս է դասարան, այնքան մատչելի բացատրում է, որ աշակերտները հասկանան, յուրաքանչյուրի աշխատանքը այդպես պետք է լինի»:

Հարցին՝ ժողովուրդը իշխանություններից դժգոհություններ ունի, դուք էլ ՀՀԿ-ական եք, ձեզ չե՞ն քննադատում՝ նա պատասխանեց. «Ախր գիտեք ինչ կա, երկիրը ղեկավարում են կադրեր: Տեղերում կան կադրեր, որ ճիշտ ընտրություն չեն կատարել, ճիշտ չեն արել, էդ ամբողջը սաղ բարդում են ՀՀԿ-ի վրա: Դրա համար այդքան կուսակցական պատկանելության խնդիր չկա: Հիմա եկեք մեր գյուղ ու ասեք, որ այս աշխատանքը պիտի կատարեիր՝ չես կատարել, եկեք տեսնեմ էդ ի՞նչ պիտի անեի: Տեղեր կան, որ հազար ու մի խնդիր կա»:

Մարտիրոսյանն ասաց, որ այս ընտրություններն իր համար քննություն է, ինքն իրեն զգում է՝ ինչպես մի ուսանող, որը դասերի է գնացել եւ տարեվերջին քննություն պիտի տա: Նա ասաց. «Ես տեսնում եմ՝ 70, 80-90 տարեկան մարդը չալիկներով գալիս է ընտրության, ու ես մտածում եմ՝ էսքանի տակից ո՞նց պետք է դուրս գամ: Շարժվում եմ ու միտք եմ անում, ոնց որ Շիրազն է ասում՝ այսքան փոքրիկ մի մորից ո՞նց եմ ծնվել…Մտածում եմ, որ ես այս ժողովրդի արածի համար ո՞նց եմ պատասխան տալու, ո՞նց եմ արածի դիմաց ծառայություն մատուցելու, որ սրտիս պարտքը կատարած լինեմ: Կլինեն, իհարկե, դեմ քվեարողներ, որովհետեւ ես պահանջկոտ եմ նաեւ»

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031