Այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, ինչպես նաեւ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու անդամի արտահերթ ընտրություն: 14 համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններ են եւ դրանցից միայն 2 համայնքում՝ Նորամարգում եւ Դեբետում թեկնածուներն ունեն մրցակիցներ:
Դեբետում իրար հետ են մրցում ինքնառաջադրված ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը, Դեբետի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանը եւ ՀՅԴ անդամ, Դեբետի մշակույթի կենտրոնի տնօրեն Արայիկ Սարգսյանը: Իսկ Նորամարգում կա 3 ինքնառաջադրված թեկնածու՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ, ՀՀԿ-ական Արմեն Գեւորգյանը, գյուղի դպրոցի ուսուցիչ, դարձյալ ՀՀԿ-ական Արման Թադեւոսյանը եւ անկուսակցական Արսեն Ղահրամանյանը:
Aravot.am-ը զրուցեց Արարատի մարզի Զորակ համայնքի գործող գյուղապետ եւ համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված միակ թեկնածու Մանուկ Մալոյանի հետ: Թե ինչու այլ թեկնածուներ չեն առաջադրվել՝ նա պատասխանեց. «8 գյուղում թեկնածուներ չկան, միայնակ են: Երեւի մտածել են, որ 2-3 ամիս հետո խոշորացում է գնալու, իզուր խի՞ են անդարդ գլուխը ցավի տակ դնում»:
Հարցին՝ դուք որեւէ խոստում տվե՞լ եք գյուղացիներին, որ ձեզ ընտրեն՝ նա պատասխանեց. «Ի՞նչ խոստում տամ, 94-ից խոսք եմ տալիս, էլի, էդ գործերն էլ անում եմ, հերիք չի՞:
Մանկապարտեզ եմ բացում 3-4 օր հետո, գազ եմ քաշում փողոցում՝ մեկ փողոց, գործեր ենք անում, ցավդ տանեմ, ցերեկային լույսեր ենք անցկացրել: Ինչ խոսք ենք տվել, արել ենք, խի՞ պտի չցանկանան ես ընտրվեմ, ցավդ տանեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ու սենց հրապարակային պատմում եք, որ գյուղապետը ուզում է ձեր ցավը ձեր վրայից տանի՞:
Ի՞նչ կարիք կար, սիրելիս