Մեզնից շատերն են Մաշտոցի պողոտայում նկատել կապույտ գեղեցկուհուն, սակայն քչերն են ծանոթ մզկիթի պատմությանն ու ներկայիս անցուդարձին: Առաջին բանը, որ նկատում ենք մզկիթ մտնելիս, ցուցանակն է, որտեղ հստակ նշված է հագուստ կրելու կարելիներն ու չի կարելիները։ Գլխավոր նախապայմանը մարմինը հնարավորինս ծածկելն է (այստեղ պետք է շարժվել իսլամի կաննոններով)։
700 քառ.մ տարածքով մզկիթը կառուցվել է 1765 թվականին` Հուսեյն Ալի խանի նախաձեռնությամբ: Այն Կովկասում ամենամեծն է, վեր է խոյանում երկու մզկիթ, դրանցից մեկը (որն ավելի մեծ է) կապույտ է և հենց այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ, իսկ մյուսը, որն ավելի փոքր է, կրում է Հուսեյնի Ալիի անունը: Այս երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով: Ունի մեկ մինարեթ՝24 մ բարձրությամբ։ Տարածքում են գտնվում գրադարանը, կոնֆերանսների և հանդիսությունների սրահը, մզկիթի լուսանկարների ցուցահանդեսը, շաբեսթանը (աղոթատեղին), բժշկական սենյակները, մզկիթի տնօրինության և իմամի գրասենյակը, դասասենյակները և ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը։
Այստեղ դասավանդում են ռուսերեն, պարսկերեն և հայերեն։ Երկու ամսվա գումարը հինգ հազար դրամ է, հիմնականում հայեր են սովորում, ովքեր ցանկանում են ավելի բարելավել գիտելիքները և դրանք կիրառել աշխատանքում։
Բավականին հարուստ երեք գրադարաններում կարող եք գտնել հայերեն, ռուսերեն ու պարսկերեն գրքեր։
Օրվա մեջ մի քանի անգամ հնչում են արաբական երգեր՝ 3-4 րոպե տևողությամբ։ Հարցին, թե ինչու այդքան քիչ, աշխատակիցը նշեց, որ շուրջը բնակելի շենքեր են, և ընդունելի չէ արաբական երաժշտությունը։
Ամեն հինգշաբթի իսլամ դավանողները հավաքվում են ընդհանուր աղոթքի՝ նամազի։ Պարտադիր է շաբեսթան մտնելուց առաջ հանել կոշիկները, իսկ կանայք գլխաշոր կապեն։ Կանայք և տղամարդիկ աղոթում են առանձին։ Մզկիթի աշխատակցուհի, զբոսավար, ուսուցչուհի, տիկին Լենա Հակոբյանը նշում է, որ պարսկական մզկիթը պահպանվել է Եղիշե Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի:
Խորհրդային տարիներին շենքը ծառայել է որպես Երևանի թանգարան: Կառույցի նախկին նշանակությունը վերականգնվել է 16 տարի առաջ` Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ: Հայաստանի պատմամշակութային վայր դարձած մզկիթը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է, 25 տարի առաջ վերանորոգվել է ու իր մահմեդական գեղեցկությամբ դարձել Երևանի մի փոքրիկ մասնիկը։ Հայկական կողմը ջանում է կառույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառել:
Լիլիա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Պարսկական մզկիթում արաբական երգեր ինչու՞ են հնչում…
Ղուրանը գրվել է արաբերենով: Բոլոր մուսուլմանական երկրներում, լինի դա Թուրքիան, Պակիստանը թե Ինդոնեզիան, ազանը կանչվում է արաբերենով:
Ըստ մուսուլմանների, եթե ցանկանում ես Ղուրանի ոչ միայն տառն ու բառը, այլև ոգին հասկանալ, այն հարկավոր է կարդալ հենց արաբերենով: