Լրահոս
Օրվա լրահոսը

Մշտապես ուշացող ընդդիմություն

Մարտ 11,2018 12:00

Վերջերս ընդդիմադիր որոշ կուսակցություններ ու խմբեր հավաքվել էին, և դա, կարող եմ ասել, բացառիկ երևույթ էր, որովհետև չեմ հիշում, թե վերջին անգամ մեկ էլ երբ էին ընդդիմադիրներն իրար գլխի հավաքվել՝ միասնական որևէ նպատակով: Այս հավաքի նպատակը հետևյալն էր. համախմբվել մինչև ապրիլ՝ ներկայիս իշխանությունների վերարտադրման գործընթացը կանխելու նպատակով:

Հետաքրքիր է, որ ընդդիմադիրները որոշել են համախմբվել հիմա և պայքարել, որպեսզի խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ն չկարողանա իրագործել իր նպատակները, մինչդեռ շատ ավելի բնական ու տրամաբանական կլիներ, եթե ընդդիմադիր ուժերը համախմբվեին Ազգային ժողովի ընտրություններից առաջ և պայքարեին, որպեսզի ՀՀԿ-ն այսօր Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն չունենար:

Կասեք՝ Հայաստանում շատ դժվար, նույնիսկ անհույս է պայքարի միջոցով հասնել գոնե համեմատաբար արդար ընտրությունների: Համաձայնելու դեպքում անգամ կասեմ, որ շատ ավելի դժվար և նույնիսկ անհնար է արդեն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի դեմ պայքարելն ու հաղթելը, և էս ասածս հաստատելու համար պիտի հիշելով հիշեցնեմ, որ Ազգային ժողովի վերջին ընտրությունների նախընտրական շրջանում ավելի պակաս թվով կուսակցություններ միավորվեցին, քան նշածս էս հավաքի ժամանակ, որի ընթացքում ընդդիմադիրները որոշել են պայքարել, որպեսզի ապրիլին ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը չվերարտադրվեն:

Ի գիտություն տվյալ ընդդիմադիրների՝ պիտի կարծիք հայտնեմ, որ, փաստորեն, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն արդեն իսկ վերարտադրվել են, ընդ որում՝ ոչ միայն իրենք են վերարտադրվել, այլև վերարտադրել են նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին՝ որպես Հայաստանի 4-րդ նախագահ: Ո՞ւր էին այս ընդդիմադիր ուժերը, երբ Ազգային ժողովի վերջին ընտրություններից առաջ ՕՐՕ դաշինքը համախոհներ էր փնտրում, որպեսզի կանխի ՀՀԿ-ի վերարտադրությունը:

Ո՞ւր էին այս ընդդիմադիրները «Սասնա ծռերի» հետ կապված իրադարձությունների ժամանակ: Ասվածը վերաբերում է գրեթե բոլորին՝ բացառությամբ «Ելքի»:
«Ելքը», ի տարբերություն մյուսների, մշտապես իր տեղում էր՝ թե՛ «Սասնա ծռերի» դեպքում և թե՛ Ազգային ժողովի վերջին ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում: Այսօր էլ «Ելքն» իր տեղն ունի, և պատահական չէ, որ ՀՀԿ-ի վերարտադրությունն այսօր կանխել փորձող ընդդիմադիրներն իրենց տեղը փնտրում են «Ելքի» մերձակայքում. խոսքը հիմնականում վերաբերում է նրանց, ովքեր ավելի կարևոր ու ավելի վճռական օրերին հայտարարում էին, որ «Ելքը» իշխանական պրոյեկտ է:

Ինչ վերաբերում է «Ելքին», վերջինս հիշաչարությամբ չի տառապում և, փաստորեն, իր էսօրվա վիճակից միանգամայն գոհ է, չնայած, եթե ընդդիմադիր խրոխտ ելույթներով գնահատելու լինենք, վերստին «Ելքն» է առաջատարը: Կարճ ասած, «Ելքը» մեր քաղաքական տեսադաշտում միանգամայն նորություն է ոչ միայն իր ընդդիմադիր խրոխտ ելույթներով, այլև իր քաղաքական գրագիտությամբ, ընդ որում՝ «Ելքի» քաղաքական գրագիտությունը ժամանակ առ ժամանակ նրբորեն ի հայտ է գալիս նաև դաշինքի ներսի կուսակցությունների հարաբերություններում:

Կարճ ասած, նրանք, ովքեր «Ելքն» իշխանական պրոյեկտ էին համարում, հիմա, փաստորեն, ընդունում են ընդդիմադիր դաշտում «Ելքի» լիդերությունն ու բացառիկությունը և պատրաստ են պայքարել «Ելք» ընդդիմադիր դաշինքի դրոշի ներքո: Մի խոսքով, ժամանակները փոխվում են, և հընթացս փոխվում են նաև ընդդիմադիր ուժերի գնահատականներն ու մտածողությունը, և չնայած գրեթե բոլոր ընդդիմադիրներն են համարում, որ Հայաստանում անհնարին են Ազգային ժողովի ազատ և արդար ընտրությունները, իրականում չեմ հիշում, որ երբևէ Ազգային ժողովի ընտրություններից առաջ մեր ընդդիմադիրները համախմբվեին՝ իշխանական ուժերի վերարտադրությունը կանխելու նպատակով: Թերևս 1996 թվականը բացառություն էր, և կարելի է ասել, որ հենց այդ տարի էլ սկիզբ դրվեց այն մտայնությանը, որ Հայաստանում անհնարին է իշխանափոխություն իրականացնել ազատ և արդար ընտրությունների միջոցով:
Եվ սա արդեն փորձում ենք անվիճելի ճշմարտություն և իրականություն համարել, առանց մտածելու, որ էդ ամենի պատճառն ու մեղավորն ինքներս ենք, և եթե 96-ից էդպես սկսվել ու էդպես է շարունակվում, կնշանակի, որ ինքներս էդ ուղղությամբ չենք մտահոգվում և առանձնապես լրջորեն չենք վերաբերվում էդ հարցին, այլապես կհամախմբվեինք և մեր ուժերը կկենտրոնացնեինք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջանում:
Ասածս հիմնականում վերաբերում է ընդդիմադիր ուժերին, որոնք մեզանում, արդեն որպես օրենք, անհամեմատ ավելի ակտիվություն են հանդես բերում ընտրություններից հետո, քան նախընտրական շրջանում, երբ շատ ավելի հնարավոր ու պատկերացնելի է իշխող ուժին հաղթելը: Համախմբվածության դեպքում, իհարկե: Մինչդեռ նախընտրական շրջանում անջատ-անջատ և նույնիսկ իրար դեմ են գործում՝ ակնհայտորեն ավելացնելով իշխանության հաղթանակի հնարավորությունները:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031