Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Հովհաննիսյան. «Սարգսյանն անփոխարինելի է այն ավազակների համար, որոնք զբաղվել են թալանով»

Մարտ 10,2018 21:58

«Այո, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց ես հարցնում եմ՝ ո՞ւմ համար»,-այսօր Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական գործիչ Թամար Հովհաննիսյանը: Նա, Սերժ Սարգսյանի՝ անփոխարինելի լինելու մասին խոսելով, նշեց. «Սարգսյանն անփոխարինելի է այն ավազակների համար, որոնք զբաղվել են թալանով տասնամյակներ շարունակ, հատկապես վերջին 10 տարիներին եւ այն գողոնն իրենց ձեռքերրոմ պահողների համար, որոնց հավասարակշռում է Սերժ Սարգսյանը: Ըստ էության, նա ոչ թե նախագահ եղավ մեր երկրի, հայրենիքի համար, այլ եղավ թալանված գումարների հավասարակշռող: Նա է առանցքը այս համակարգի, որ կեղեքում է մեր հայրենիքը, մեր հայրենիքը դարձրել է խաղաթուղթ, թուղթ, ճմրթել եւ դրել են իրենց գրպանը, մեզ էլ՝ մեր հայրենիքն էլ: Այո, նա է առանցքը այս համակարգի, եւ եթե նրան հեռացնում ես՝ համակարգը փլվում է: Նա է սարդը սարդոստայնի, եթե սարդին հեռացնում ես, ոստայնը քանդվում է»:

Այս տարիներին, ըստ Թամար Հովհաննիսյանի, թալանը եղել է այնքան, որ եթե հետ վերադարձնենք՝ դրանով կարող ենք փակել մեր արտաքին պարտքը (որի տոկոսները կսկսեն շուտով ճռռալով վճարել), կարող ենք դրանով դնել մեր ամուր ու հզոր պետականաության հիմքերը, զինել մեր բանակը, պաշտպանել սահմանը:

Հովհաննիսյանն անդրադառնալով քաղբանտարկյալներին, ասաց՝ 1939 թվականին Ստալինն ի՞նչ արեց գեներալների հետ, ինչպես գլխատեց բանակը. «Նույն բանն արվում է այսօր, որտե՞ղ են մեր նվիրյալ ազատամարտիկները, որտե՞ղ են մեր խելացի, քաղաքական ամուր կեցվածքով  երիտասարդ քաղաքական գործիչները: Բանտերում են: Ընդդիմությունը բանտերում է: Եթե մենք այնքան կամք ունենանք, ամուր լինենք այնքան, որ կարողանանք հեռացնել այս համակարգն իր առանցքով եւ վերադարձնել այն, ինչ տարել են մեզնից ու մեր հայրենիքից, մենք շատ կարճ ժամանակում կարող ենք ստեղծել նոր եւ չքնաղ պետություն»:

Թամար Հովհաննիսյանը հանարահավաքի մասնակիցներին դիմեց՝ «Բոլորս միասին թնդացնենք՝ հեռացեք»:

Հովհաննիսյանն էլ, այլ ելույթ ունեցողներից մեկի հետ, անդրադարձավ, իրենց խոսքերով ասած՝ ռուսական կայսրությանը: Նա հիշեցրեց. «Մոսկվայում հանուն Ռուսաստանի եւ հանուն Պուտինի ցույցի ժամանակ ՌԴ-ի հայերի միության կողմից՝ ամենայն հավանականությամբ վարձատրված հայորդիները, որոնք զուռնա-դհոլով վանկարկում էին՝ հանուն հզոր Ռուսաստանի, հանուն Պուտինի՝ իրենց ձեռքն ունենալով մեր Եռագույն դրոշները, Հայաստանի պետության դրոշը: Ի՞նչ ակնարկ էր, որ մենք մեր ինքնիշխանությունը պիտի կորցնե՞նք, եւ դառնանք ռուսական կայսրության մա՞ս: Ոչ: Չի լինելու նման բան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031