Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաքը, որն, ըստ կազմակերպիչների, ընդդեմ ռեժիմի հավերժացման է, հանուն քաղբանտարկյալների ազատության եւ հանուն Հայաստան պետության: Այս նախաձեռնության նպատակը, ինչպես կազմակերպիչներն են վստահեցնում, իշխանափոխութունն է, սահմանադրական կարգի հաստատումը, ազատ արդար ընտրությունների անցկացումը:
Հանրահավաքի ժամանակ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր ելույթում հիշեցրեց Եվրոպայի խորհրդի կողմից սահմանած քաղբանտարկյալ եզրույթը.. «Հիմնական բնութագրիչն է՝ քաղաքական հետապնդում եւ քաղաքական բանտարկյալ է համարվում անձը, որն իր կարծիքի եւ համոզումների համար ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվել»:
Սաքունցի խոսքերով՝ «Այսօր այն մարդիկ, ովքեր ենթարկվում են ապօրինի հետապնդման՝ Ժիրայր Սեֆիլյան, Շանթ Հարությունյան եւ ընկերներ, Անդրիաս Ղուկասյան, Կարո Եղնուկյան, Գեւորգ Սաֆարյան եւ այլք, մարդիկ են, որոնք հանիրավի հետապնդվում են իրենց հայացքների համար, ընդ որում բացարձակապես քրեորեն հետապնդելի որեւէ գործողություն չեն կատարել: Ավելին, այն մարդիկ, որոնք քրեական հանցագործություններ են կատարել ու գտնվում են ազատության մեջ, պետք է տեղերով փոխվեն նրանց հետ: Եվ մեր խնդիրն այն է, որ Հայաստանի հանրապետությունը, որը պարտավորվում է Եվրամիության հետ համաձայնագիր իրականացնել, ցավոք, քաղաքական բանտարկյալները կամ քաղաքական հետապնդման զոհերը նույնպես տարանջատում է ըստ քաղաքական պատկանելիության»: Ըստ Սաքունցի՝ ՀՀ-ն չի կարող որեւէ հավակնություն ունենալ, որ իրական ու բովանդակային փոփոխություններ կարող է կատարել, եթե կան քաղբանտարկյալներ:
Իրավապաշտպանի խոսքերով՝ քաղբանտարկյալ դիտարկել, ըստ քաղաքական նպատակահարմարության, սա ամենաարատավոր եւ ամենաջլատիչ երեւույթն է:
Սաքունցը նաեւ հիշեցրեց՝ քաղաքական կուսակցությունների անդամներից շատերը նախկինում եղել են քաղբանտարկյալներ, սակայն նրանք այսօր կարծես անտեսում են քաղաքական բանտարկյալների ներկայիս գոյությունը: Նա ամոթանք տվեց բոլոր այն գործիչներին, ովքեր հերքում են, թե երկրում քաղբանտարկյալներ կան: Նա հայտարարեց՝ թող որեւէ մեկը հույս չունենա, թե ինքը հավերժ լինելու է իշխանության մեջ:
«Հայաստանի հանրապետության հիմնական հիվանդությունը՝ քաղցկեղը, որի վրա հիմնված է իշխանության ապօրինի գործողությունների գոյությունը՝ կոռուպցիան է: Մենք պետք է մեր հանրային օրակարգում նաեւ հստակ ամրագրենք կոռուպցիայի դեմ պայքարը, որովհետեւ կոռուպցիայից են սնվում իշխանությունները, ուստի հասարակական կամ քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենում այլընտրանքային եկամուտների կամ աջակցության: Հիշենք՝ ինչ եղավ Խաչատուր Սուքիասյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ ինչ եղավ»,- ասաց Սաքունցը՝ նկատելով՝ կոռուպցիան է այն հիմնական պատճառը, որը սահմանափակում է տնտեսական ազատությունը. «Հետեւաբար, մեր պահանջը ոչ միայն ապօրինի իշխանության շարունակականության ընդհատումն է, այլ հիմնական խնդիրը պետք է լինի հասնել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մղմանը, որի զոհերն ենք յուրաքանչյուրս»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ