Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտիրոսյան. «Ժամանակավոր կառավարությունը նախաձեռնելու է նոր Սահմանադրություն»

Մարտ 10,2018 19:25

«Հայաստանում փոփոխությունները պետք է լինեն համակարգային, որովհետեւ մեզ մոտ բոլոր դժգոհությունները բոլոր ոլորտների առնչությամբ, դրանք համակարգային են»,-այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց՝ ՀՀ-ում չկա մի ոլորտ, որ ասեն՝ այս ոլորտը քիչ, թե շատ, առողջ է. «Չկա: Դատաիրավական համակարգից սկսած՝ կրթության համակարգից վերջացրած: Երեւան քաղաքի ավագանիից սկսած՝ որեւէ գյուղի ավագանով վերջացած»:

Մարտիրոսյանը անդրադարձավ տարբեր ոլորտների խնդիրներին, այդ թվում տնտեսության՝ փոքր ու միջին ձեռնարկության խնդիրներին, նկատելով՝ տարիներ շարունակ այնպիսի քաղաքականություն վարվեց, որ ՓՄՁ դաշտը շատ փոքրացավ: «Ասում են՝ ՀՀԿ-ն իրավունք ունի վարչապետի թեկնածու առաջադրել, որովհետեւ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Եվ սա ասում են նաեւ չակերտավոր ընդդիմադիր գործիչները: Լավ, իշխանությունը սա ասի, հասկանալի է: Բայց ինչպե՞ս են դա ասում ընդդիմադիրները, երբ նույնիսկ միջազգային կառույցները հաստատել են, որ Հայաստանում տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածաբար բաժանում, եթե եղել է վարչական ռեսուրսի անօրինական շահագործում, եթե քարոզարշավի ժամանակ եղել են ճնշումներ: Մենք նաեւ գիտենք, որ Հայաստանում այնքան մարդ չկա, որ 1,5 միլիոն մարդ քվեարկությանը մասնակցի: Բայց այս կետերից յուրաքանչյուրը բավարար են, որպեսզի ընտրությունները չեղյալ հայտարարվեն, ուր մնաց թե ասեն՝ ՀՀԿ-ն ժողովրդի ձայնը շահել է, իրենք էլ պետք է վարչապետ նշանակեն»:

Մարտիրոսյանն ասաց, որ այսօր ՀՀ-ում չկա քաղաքական դաշտ, կուսակցությունները գոյատեւում են. «Հանրապետականը կուսակցություն չէ, դա քրեաօլիգարխիկ, ադմինիստրատիվ ռեսուրսի մեկտեղում է: Կուսակցություն կլինի, եթե իշխանությունը թողնեն, եւ տեսնենք, թե քանի հոգի են մնում կուսակցությունում: Մնացած կուսակցություններն էլ, քանի որ չկա անկախ ֆինանսավորում, տեղեկատվական դաշտը փակ է, Բաղրամյան 26-ից է 99.9% ով կառավարվում, սրանք այն պայմաններն են, որ թույլ չեն տալիս կուսակցություններին զարգանալ: Ընտրական համակարգն էլ սարքեցին ապակուսակցական»:

Մարտիրոսյանն ասաց, որ իրենց նպատակն առաջին հերթին վերականգնել քաղաքացու իշխանությունը, իշխանությունը ձեւավորվում է քաղաքացու ընտրությամբ, մինչդեռ այսօր քաղաքացուց խլել են ընտրության իրավունքը.«Մենք պետք է քաղաքացիներին այդ իրավունքները վերադարձնելու: Մենք վերադարձնելու ենք ազատ տնտեսական դաշտը, առանց որի զարգացումն անհնար է»:

Ըստ Մարտիրոսյանի՝ ժամանակավոր կառավարությունը, որը պետք է ձեւավորվի, կարճաժամկետ պետք է լինի, նրա գործությունը պետք է լինի 3 գործընթացի ընդունմամբ՝ նոր Սահմանադրություն, որի հիմքում կլինի հանրային ռեսուրսի բաշխումը հասարակությանը, 2-րդը պետք է լինի Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը հնարավորություն կտա խաղի արդար կանոններ սահմանել ընտրություններում, 3-րդը՝ կուսակցությունների մասին նոր օրենք, որով կուսակցությունները հանդես կգան քաղաքացիների կամքն արտահայտելու համար. սա է մեր պատկերացրածը: Սահմանադրության ընդունման հետ կապված մեզ մոտ 2 մոտեցում կա, որոնցից մեկն իմ առաջարկն է՝ սահմանադիր ժողովի միջոցով, ժողովի անդամները հաջորդ ընտրություններին չպետք է լինեն պատգամավորության թեկնածու, կամ գործադիրի որեւէ պաշտոնի: Մենք, ըստ էության, կարողանալու ենք ասել Հայաստանում առողջ կառավարման համակարգ ներդնելով՝ նոր ստեղծված քաղաքական ուժերին կամ վերագրանցված ուժերին ասել՝ հիմա դուք հասարակության հետ արդեն աշխատեք, ձեր գաղափարական մոտեցումներն ասեք եւ հասարակությունն ինքը ընտրի, թե ինչպիսի գաղափարական, աշխարհայացքային ուղղությամբ է ուզում առաջ շարժվել»:

Մարտիրոսյանի խոսքերով՝ այս ամենն է, որ իրենք առաջարկում են, եւ դրանք կարող են առողջացնել հասարակությունն ու պետությունը, կառավարման համակարգը:

«Միասնություն է պետք: «Ժառանգությունն» ինչպես միշտ, այս անգամ էլ իր կուսակցական դրոշը վայր դրեց եւ ասաց՝ ստեղծվել է մի հարթակ՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատ: Սա վերկուսակցական մարմին է, այն բաց կառույց է: Ցանկացած քաղաքացի, մտավորական, քաղաքական գործիչ կարող է լինել անդամ, համակիր, գործընկեր: Պատճառ մի բռնեք, թե մենք չենք առաջարկել, մենք փակ ենք: Չկա այդպիսի բան: Սիրելի ժողովուրդ, պայքարը դժվար է, բայց պայքար չտանել մենք չենք կարող»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ եթե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին, իր իսկ ձեւակերպմամբ՝ նստում է, եւ որոշակի ժամանակ շարունակում է որոշակի ժամանակ պաշտոնավարել, ակնհայտորեն Հայաստանից առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ կարտագաղթի:

«Չենք վհատվում, պայքարելու ենք, ինչպես այս տարիների ընթացքում պայքարել ենք, եւ հույս ունենք, որ մի բան կստացվի»,-այս խոսքերով ավարտեց Արմեն Մարտիրոսյանն իր ելույթը:

Նկատենք, որ հանրահավաքին ներկա են իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, «Ելք» դաշինքի անդամները: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ ներկա կգտնվի հանրահավաքին, բայց ելույթ ունենալ չի նախատեսում:

Հիշեցնենք՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ հանրահավաքներ է սկսել Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում եւ Երեւանում: Ըստ կազմակերպիչների, հանրահավաքն ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    կարո՞ղ էք բարեհաճիլ ձեր ընթերցողներին տեղեկացնել թէ քանի՞ անձեր են մասնակցում «Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության» «հանրահաւաքներին», օտար երկիրներում…

    տա՞սը… քսա՞ն…

    նաեւ, որպէս լրագրող հաճեցէք ստուգել թէ այդ անձերի քանի՞ հատը հայաստանցիներ են… իսկ մնացեալների քանի՞հատը երբեւիցէ Հայաստան այցելած են…

    այլապէս, այդ շողշողուն անուններով եւ խորհրդաւոր ներկայացումներով, կարդացողը այն պատրանքը պիտի ունենայ թէ միջազգային համահայկական ինչ-որ մե՜՜՜ծ շարժում մը կայ

    գալով Պարոն Մարտիրոսյանին, հետաքրքիր է նշելը որ զինք բանտէն դուրս հանեցին, Յուլիս 2016-ի ապստամբութեան փորձէն ետք…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031