Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյան. «Ժամանակավոր կառավարության անելիքներն են՝ անցկացնել արդար ընտրություններ, ազատվել ազգադավ համակարգից»

Մարտ 10,2018 18:31

Ազատության հրապարակում մեկնարկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքի ընթացքում ճակատի անդամ Պետրոս Մակեյանը ներկայացրեց իրենց անելիքները, որոնք նախատեսում են իրականացնել առաջիկա 30-40 օրվա ընթացքում:

«Մենք գիտենք, որ այս վարչախումբը 1998 թվից սկսած ժողովրդի քվեով իշխանությունը չի վերցրել, միշտ զավթել է կամ հեղաշրջումների կամ ընտրությունները կեղծելով, ժողովրդին կոտորելով: Սա սկսվեց 1998 թվականից, երբ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը օգտվելով ժողովրդի դժգոհությունից այդ ժամանակվա իշխանությունների հանդեպ, օգտագործելով Վազգեն Սարգսյանի ֆենոմենը՝ իրականացրեցին հեղաշրջում»-ասաց Մակեյանը:

Նրա խոսքերով՝ հոկտեմբերի 27-ի սպանդի շահառուն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են. «Սերժ Սարգսյանը պատասխանատու է հոկտեմբերի 27-ի չկանխման եւ չբացահայտման համար՝ որպես Ազգային անվտանգության ղեկավար»:

Եվ ամեն անգամ ընտրությունները կեղծելով, ըստ Մակեյանի, իշխանությունը ժողովրդին սպանդի ենթարկելով, արդարանում էին. «Սրանք գալիս են իշխանության Ղարաբաղը հանձնելու համար: Եվ անմարդկային կոտորած էին իրականացնում մայրաքաղաքում: Ինչի արտացոլանքն է նաեւ 2008-ի մարտի 1-ը, որը ռազմական հեղաշրջում էր՝ բանակի ներգրավմամբ, մենք ունենալով Ղարաբաղի հարց, օդից կախված պատերազմ, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Երեւանի կենտրոնը դարձրեցին ռազմադաշտ: Եվ ով է խոսում Ղարաբաղը հանձնելու մասին, 800 հեկտարը հանձնեց,եւ պատրաստ է եւս 5 շրջան հանձնել»:

Մակեյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը մտադիր է իր իշխանությունը պահպանել՝ Սահմանադրական փոփոխությամբ, եւ առաջիկայում՝ ապրիլին վարչապետի ընտրությունն է. «Մենք պարտավոր ենք կանխելու այդ գործընթացը: Հակառակ դեպքում տասնամյակներով մենք կունենանք նույն խնդիրները, նույն ստի շարանները, նույն թալանը: Այս ամենի կանխելու միակ ճանապարհը՝ այս հրապարակը պետք է լինի լեփ-լեցուն: Ժողովուրդը պետք է ապրիլի 9-ից դուրս գա հրապարակ՝ բոլոր խոշոր քաղաքներում եւ պարտադրի իր կառավարության կազմն՝ իր վարչապետով հաստատելու ժամանակավոր անցումային կառավարություն»:

Մակեյանն ասաց, որ այս հարցը ամիսներ շարունակ քննարկվել է ճակատի քաղխորհրդում, եւ ժամանակավոր կառավարության հիմնական անելիքներից են՝ պետք է համաներում հայտարարվի, ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, բեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները, պետությունից թալանած միջոցները պետք է ներդրվեն բանակի վերազինմանը. «Նրանք, ովքեր կհամագործակցեն ժամանակավոր կառավարության հետ՝ ապագայում մեղմացուցիչ հանգամանք կկիրառվի: Նրանք, ովքեր չեն համագործակցի՝ կուլակաթափ կարվեն, ինչին դեմ է Սերժ Սարգսյանը: Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները պետք է 2 անգամ նվազեն: Ժամանակավոր կառավարության հիմնական խնդիրը՝ անցկացնել ազատ, արդար ընտրություններ՝ ժողովրդի քվեով: Այս խնդիրների լուծման համար պետք է հրապարակը լեփ-լեցուն լինի, 7 օր միասին կանգնում ենք եւ ազատվում ենք այս ազգադավ համակարգից»:

Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ հանրահավաքներ է սկսել Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում եւ Երեւանում: Ըստ կազմակերպիչների, հանրահավաքն ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031