«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ հանրահավաքներ է սկսել Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում եւ Երեւանում: Ըստ կազմակերպիչների, հանրահավաքն ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության է:
Այսօր Երեւանում հանրահավաքը մեկնարկել է ժամը 17.00-ին, Ազատության հրապարակում:
ԱԺ նախկին փոխնախագահ, քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանն ընթերցեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակագիրը. «Մենք՝ Հայաստանի ներքոստորագրյալ քաղաքացիներս արձանագրելով, որ անկախ Հայաստանի հանրապետության հռչակումից արցախյան պատերազմի հաղթանակից հետո ՀՀ իշխանությունները ներդնելով ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ սահմանված կարգ, հետեւողականորեն ոչնչացնելով հանրային եւ անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, սիկ արտաքին հարաբերություններում հիմնական ուղղություններում ամբողջովին զիջելով ինքնիշխանությունն օտար ուժերին, արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման վերջնական կործանման շեմին: Արտագաղթը, որպես այդ քաղաքականության հետեւանք, զրկում է Հայաստանին եւ Արցախին ոչ միայն բնականոն զարգացման հեռանկարից, այլեւ նվազագույն անվտանգություն ապահովելու կարողությունից»:
Ըստ հռչակագրի, չնվազող արտագաղթը սպառնալիք է Հայոց պետության գոյության համար, այն նաեւ կարող է հանգեցնել վերջնական հայրենազրկման. «Գիտակցելով, որ իրավիճակն օրհասական է, եւ հիմա է որոշվում ՀՀ-ի եւ Արցախի հետագա գոյության ճակատագիրը: Առանց անվտանգ եւ ինքնիշխան պետության , վտանգվում է հայ ազգի հարատեւումն ընդհանրապես: Նպատակ ունենալով կասեցնելու ՀՀ-ի վերջնական փլուզումը եւ ինքնիշխանության կորուստը, վերացնելու ՀՀ 1990 թվականի անկախության հռչակագրի դրույթների համաձայն, Սահմանադրության բոլոր ակտերը, պայմանագրերը եւ փաստացի դրսեւորումները, վերջ դնելով երկրի գաղութացման բոլոր նկրտումներին, բացառելու Հայաստանի հանրապետության, ներառյալ Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ որեւէ առեւտուր կամ սակարկություն, հաստատելու ազգային համերաշխության գիտակցված եւ ազատ կամարտահայտության վրա հիմնված Սահմանադրական իրավակարգով ինքնիշխան ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, հռչակում ենք «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակումը»:
Ճակատի նպատակն, ըստ հռչակագրի, նոր հայկական ինքնիշխան, իրավական պետության ստեղծումն է՝ համաժողովրդական ջանքերով եւ համախմբմամբ:
Իր ելույթում Ռուբինյանն ասաց, որ քաղաքական հալածանքները շարունակվում են, բանտերը լի են աննախադեպ քանակի քաղբանտարկյալներով. «Դուք նաեւ ականատես եք լինում, թե ինչ շինծու դատական գործեր են գնում եւ պատվեր ստացած դատավորներն ինչպես են հաշվեհարդար լինում երկրի նվիրյալների նկատմամբ»:
Ռուբինյանի խոսքերով՝ ժողովրդի վզին փաթաթեցին նոր Սահմանադրությունը, որն, իբրեւ հանրությունն է հանրաքվեով հաստատել. «Մեր գլխին փաթաթել են նոր նախագահ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանին: Ի դեպ, ՀՀ-ն երեւի բացառիկ է, այս պահին մենք ունենք երկրի 2 նախագահ, 2-ն էլ ժողովրդի կողմից չընտրված, 2-ն էլ ոչ լեգիտիմ»:
Ռուբինյանն ասաց, որ հանրահավաքին անդրադառնալու են քաղբանտարկյալների խնդիրներին, եւ երկրի քաղաքական իրավիճակին. «Անընդունելի է, որ Սերժ Սարգսյանը հավերժացնի իր իշխանությունը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ