Լրահոս
Օրվա լրահոսը

Ատրպատականի հայոց առաջնորդը ընդունեց ճարտարապետ Վարուժան Առաքելեանին

Մարտ 10,2018 16:47

Ատրպատական, ազգային առաջնորդարան – Շաբաթ, 10 Մարտ 2018-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը հանրայայտ ճարտարապետ եւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային իշխանութեան վաղեմի անդամներից Վարուժան Առաքելեանի այցելութիւնը: Առաջնորդ Սրբազանը միանգամ եւս շնորհաւորեց Վ. Առաքելեանին, նրա յոբելեանի առիթով, որը մեծաշուք հանդիսութեամբ նշւեց անցած Փետրւար ամսի 16-ին Թեհրանում, Հ.Մ.Ա.Կ.ի կենտրոնական վարչութեան կազմակերպութեամբ:

Նոյն առիթով Ատրպատականի առաջնորդ Սրբազանը բանաւոր պատճառով չէր կարողացել ներկայ գտնւել, սակայն իր Գնահատաց Գիրը ուղարկել էր, մեծարեալ յոբելեարի բազմերախտ ծառայութիւնները ընդգծելով, յատկապէս Ատրպատականի հայոց թեմի պատմական կոթողների եւ անկրկնելի վանքերի հանդէպ Վարուժան Առաքելեանի ցուցաբերած նախանձախնդրութիւնը վեր հանելով: Վ. Առաքելեան իր շնորհակալութիւնը յայտնեց ուշադրութեան համար: Յայտնենք, որ սոյն Գնահատանաց Գիրը տպւել էր հանդիսութեան առիթով «Արարատ»ի հրատարակաց «Հաւաքածոյ Ճրտպ. Վարուժան Առաքելեանի աշխատութիւններից» հատորի բ. մասում, ուղերձների շարքում:

Գնահատանաց Գիրում, առաջնորդ Սրբազանը յատկապէս գրել էր. «Հայկական ճարտարապետութեան եւ դրա պատմութեան ոտնաձայնին ունկնդիր, Ձեր երիտասարդ տարիքից այցի գնացիք Իրանում եւ յատկապէս Ատրպատականի հայոց մեր թեմում վաղ դարերից բուսած նւիրական կոթողներին: Դուք սիրեցիք դրանց եւ դրանք սիրեցին Ձեզ:

«Եւ ծնւեց փոխադարձ ու անպայմանաւոր սէրը որպէս վարար գետ, աճեց Ձեր հոգում եւ գործնապէս պտղաւորւեց անցած երկարաձիգ տասնամեակների ընթացքում, երբ անշունչ քարերին քայլող ոտքեր տւեցիք, Ձեր հոգու հետ շաղախելով իւրաքանչիւր կոթողի պատմութիւնը՝ թեւեր սարքեցիք նրանց համար, եւ մեր սրբազան տաճարները դէպի երկինք խոյացրիք, բոլորին վարակելով դրանց նկատմամբ Ձեր հոգածու հետաքրքրութեամբ:

«Իսկ այսօր, Դուք Իրանում հայկական ճարտարապետութիւնն իսկ էք, որ դեռ քայլում է, պատիւ բերելով սոյն երկրում ապրող հայութեան: Ատրպատականի անկրկնելի գոհարները՝ Սբ. Թադէոս Առաքեալի վանքը, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, եւ մանաւանդ ջրամոյն լինելուց փրկւած Ծոր-Ծորը, քարեղէն լեզուներով պիտի փառաւորեն Ձեր անունը առ յաւէտ, գովերգելով Ձեր մատների սիրազեղ հպումը, որը իրենց քարեղէն մաշկի վրայ բազմիցս զգացին նրանք:

«Ձեր այս շինարար ճանապարհորդութիւններից շատերում Ձեզ ընկերացաւ Ձեր ազնւափայլ տիկինը՝ Օժիկը, վայելելով երբեմն սոյն արկածախնդրութիւնների ցանկալի հաճոյքը եդեմական: Ուրեմն սարից-սար, վանքից-վանք, մէկ կոթողից միւսը, Դուք թռչեցիք զոյգ թեւերով, եւ այսօր վաստակաշատ զոյգի հոգեկան բաւարարութեամբ էք վերյիշում վստահաբար Ձեր անցած հարուստ փորձառութեան տարիները:

«Հայկական ճարտարապետութեան եւ ի մասնաւորի Ատրպատականի հայոց թեմի սրբազան կոթողներին ընծայած անգնահատելի ծառայութիւնների համար, երախտագիտական վառ ապրումներով շնորհաւորում ենք Ձեզ, մեր թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ողջ կառոյցների անունից:

«Թող Աստւած պողպատեայ առողջութեամբ օժտի Ձեզ, որպէսզի Իր փառքի տաճարների անաղարտ պահպանումի համար, անմնացորդ սիրով ընդերկար շարունակէք Ձեր մեծարժէք խորհրդատուութիւնը, օրինակելի օրինակ մնալով նոր սերնդի մեր զաւակներին»:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ վերյիշելու թեմի անցեալը, հայ եկեղեցու պատմութեան անցքերը, հետեւողական իր պրպտումների արդիւնքը, վանքերի եւ այլ կոթողների վերանորոգութիւնների յառաջատւական փուլերը, ինչպէս նաեւ դրանց կապւած հեռանկարներ: Միշտ երիտասարդական աւիւնով, աւելի քան ութսունամեայ ճարտարապետը այս առիթով պատմեց նաեւ Հին Ջուղայի զոյգ խաչքարերը Հովւի մատուռից Թաւրիզ փոխադրելու աշխատանքի մասին, որն իրականացրել էր 1963 թւին: Սրբազան հայրը շարունակելով նոյն խաչքարերի տեղափոխութեան պատմութիւնը, յայտնեց, որ 2012 թւին, երբ նոր էր եկել Ատրպատական, Ղալայի Սբ. Աստւածածին եկեղեցու շրջափակում տեղադրւած նոյն խաչքարերը փոխադրել էր տւել եւ զետեղել Ազգային առաջնորդարանի շքամուտքին:

Առաջնորդ Սրբազանը այս առիթով դարձեալ բարձր գնահատեց վաստակաւոր ճարտարապետի անմնացորդ սիրով կատարած ներդրումը Ատրպատականի հայոց թեմին, քաջառողջութիւն մաղթելով նրան:

Ազգային առաջնորդարան Ատրպատականի հայոց թեմի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031