«Ամեն օր էլ պետք է պատրաստ լինենք: Միամիտ չի կարելի լինել: Կարող են սկսել, կարող են եւ չսկսել»,-«Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» այսօր ռազմամարտական ուսուցման ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսմանը, ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: «Որքան հզոր լինենք, այնքան մեզանից կհեռացնենք Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունները: Վերջինիս կողմից պատերազմական գործողությունները բացառված չեն»,-համոզմունք հայտնեց Սրբազան հայրը:
Նա նշեց, որ առաջնագծի ամրապնդման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվել. «Վերջին դիվերսիոն գործողությունները, որոնք փորձեց իրագործել Ադրբեջանը, մերոնց կողմից կասեցվեցին, որովհետեւ առաջնագիծը հագեցած է տեսախցիկներով»:
Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահեցրեց, որ վերջին շրջանում առաջնագծում իսկապես մեծ քրտինք է թափվել. ինքն անձամբ է պարբերաբար այցելում առաջնագիծ եւ համոզվում դրանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարում՝ Պարգեւ սրբազանը եւ Կոմանդոսը