Մարտի 10-ին` գիշերը ժամը 2-ի սահմաններում, վրացական պետհամարանիշներով «ԴԱՖ» մակնիշի խոշոր բեռնատարը միջպետական ավտոճանապարհին՝ Իջեւանի շուկայի դիմաց, բարձրացել է ճանապարհի բետոնե արգելապատնեշը: Պատնեշի սկզբնամասը քանդվել է, սակայն «ֆուռը» չի շրջվել: Թուրքական ընկերությանը պատկանող բեռնատարը Հայաստան է ներկրել ցիտրուսային մրգեր, բեռնատարի ղեկին եղել է ազգությամբ թուրք վարորդ:
Մարտի 10-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ամբարձիչ է բերվել, որը շուրջ 2 ժամվա ընթացքում բեռնատարն իջեցրել է բետոնե արգելապատնեշից: Դեպքի վայրում ծառայություն են իրականացրել, երթեւեկը կարգավորել ճանապարհային ոստիկանության 2 րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատողները`դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ:
Նախկինում այդ նույն հատվածում բետոնե արգելապատնեշին բախվելով` շրջվել էր խոշոր բեռնատար: Իջեւանի շուկայի դիմաց բետոնե արգելապատնեշները տեղադրվել են 2015 թվականին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ