ՀՀԿ-ն, եթե ուզում է, որ իրեն հավատանք այնպես, ինչպես վերջին բոլոր ընտրություններից առաջ ենք հավատում, ապա պետք է հայտարարի, որ մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է ու հիմա համոզում ենք նրան, կամ որոնում ենք նրան, կամ նա մտածում է… Ի դեպ, սա էլ է հնարավոր, որքան էլ դժվար պատկերացնելի լինի: Օրինակ՝ ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը. մարդուն առաջարկեցին դառնալ ՀՀ նախագահ, նա էլ ժամանակ խնդրեց, որ մտածի: Արդյունքում համաձայնեց, այնպես որ զարմանալի է, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն վատ զգում՝ ասելով, որ Սերժ Սարգսյանին արվել է առաջարկություն, նա էլ մտածում է:
Չնայած չի բացառվում, որ այստեղ մի նուրբ բան կա: Սերժ Սարգսյանին շատ հնարավոր է, միայն ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելը չի բավարարում: Այսինքն՝ նա ուզում է, որ ՀՀԿ-ից բացի իրեն ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեն նաեւ մյուսները կամ գոնե մյուսների մեծամասնությունը, որպեսզի երբ ժամանակը գա, իսկ այդ ժամանակը հաստատ կգա, նա հանգիստ ասի, որ ինքը քաղաքական լայն կոնսոլիդացիայի արդյունքում է վարչապետ ընտրվել, այլ կերպ՝ ազգային միաբանության վարչապետ է, հետեւաբար կարող է եւ հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկել եւ, օրինակ, Ամասիայում, ենթադրենք պանրի փոքրիկ արտադրամաս բացել՝ 2 աշխատողով, ներառյալ տնօրենն ու վարորդը:
Բայց նույնիսկ այս պարագայում ՀՀԿ-ն կարող է հայտարարել, որ մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ուղղակի կան հարակից հարցեր, որոնց շուրջ այս ընթացքում լուրջ քննարկումներ են գնում, օրինակ արժե՞ արդյոք սպիտակ նավակը դնել a3, եթե սեւերի զինվորը b4-ում կանգնած է:
Ամեն դեպքում, անկեղծ լինում են ուժեղները: Ի դեպ, ՀՀԿ կանանց խորհրդի սեմինարին Սերժ Սարգսյանը դիմել է ՀՀԿ-ական կանանց ու ասել՝ «Մեր ուժն անկեղծության մեջ է»:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում