Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեր՝ առանց սահմանների. «Ասպարեզ»

Մարտ 10,2018 10:39

«Ասպարեզ». Բաքւում «աւանդաբար» են արձագանգել Արցախի Հանրապետութեան ԱԺ յայտարարութեանը։

Ադրբեջանում վաղուց արդէն «աւանդոյթ» է ձեւաւորուել սուիններով ընդունել Արցախի Հանրապետութեան ցանկացած արտաքին քաղաքական քայլ: Ընդ որում՝ անել դա չափազանց ագրեսիւ ու նոյնչափ կոպիտ ձեւով, հաշուի չնստելով ո՛չ փաստերի, ո՛չ տարրական տրամաբանութեան, ո՛չ ողջամտութեան հետ: Նման պաթոլոգիական (ախտաբանական-Խմբ.), խելացնորութեան աստիճանի նեարդայնութեան պատճառը բաւականին պարզ է՝ Բաքւում գիտակցում են, որ ԼՂՀի մեկուսացմանն ու վարկաբեկմանն ուղղուած տարիներով վարուող պետական քաղաքականութիւնը, որի համար ոչ քիչ դիւանագիտական ջանքեր ու ֆինանսական միջոցներ են ծախսւում, ցանկալի արդիւնք չի տալիս, իսկ աւելի ճշգրիտ՝ ձախողւում է:

Դրանում հերթական անգամ համոզուեցինք այն բանից յետոյ, երբ Մարտի 2ին ԵԱՀԿում մեր հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան նախաձեռնութեամբ որպէս պաշտօնական փաստաթուղթ տարածուեց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի յայտարարութիւնը՝ Սումգայիթում հայազգի բնակչութեան զանգուածային կոտորածի 30րդ տարելիցի կապակցութեամբ: Ինչպէս սովորաբար լինում է, դրան հետեւեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ոչ անյայտ ղեկավար Հիքմեթ Հաջիեւի արձագանգը, ով ադրբեջանական քարոզչութեան լաւագոյն աւանդոյթներով մատուցեց կեղծիքի ու փաստերի խեղաթիւրմամբ շղաղուած մեկնաբանութիւն, ընդ որում, օգտագործելով հնադարեան ձեւակերպումներ, որոնք վկայում են նրա քաղաքական տգիտութեան մասին: Կարծում ենք, Հիքմեթի հերթական տխմարութիւնն արժանի է, որ այն հանգամանալից վերլուծութեան ենթարկենք:

Սկսենք նրանից, որ ադրբեջանական ԱԳՆ խօսնակը վրդովել է այն բանից, որ Արցախի Ազգային ժողովի յայտարարութիւնը տարածուել է ԵԱՀԿում Հայաստանի մշտական ներկայացուցչութեան օգնութեամբ: Յիշեցնենք, սա նորմալ պրակտիկա (բնական սովորութիւն-Խմբ.) է, որը բխում է երկու հայկական հանրապետութիւնների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների համագործակցութեան մասին Յուշագրից եւ արդէն առաջին տարին չէ, որ այն կիրառւում է: Նշենք, որ այդ համագործակցութեան շրջանակներում ԼՂՀ ԱԳՆ միայն 2017թ. ընթացքում որպէս պաշտօնական մօտ տասը փաստաթղթեր է տարածել միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւններում՝ ՄԱԿում, ԵԱՀԿում, ԵԽԽՎում եւ այլն: Բայց դա աշխատանքի ձեւ է միայն, որն, այնուամենայնիւ, այնքան ուժգին չի զայրացնում Հաջիեւին, որքան փաստաթղթի՝ տուեալ դէպքում Սումգայիթում հայերի Ցեղասպանութեան մասին Արցախի խորհրդարանի յայտարարութեան բովանդակութիւնը: Ու նրա ողջ ցասկոտ երկարաշունչ ճառը միտուած է միայն մէկ բանի՝ քօղարկել, աղաւաղուած ձեւով ներկայացնել 30ամեայ վաղեմութեան սարսափելի ողբերգութեան մասին իրական ճշմարտութիւնը, երբ նպատակաուղղուած, ադրբեջանական իշխանութիւնների կողմից մշակուած ծրագրով ոչնչացւում էր Սումգայիթի հայկական բնակչութիւնը:

Պէտք է ասել՝ Հիքմեթը, իր բարձրաստիճան խաւարամիտ, ռասիստ (ցեղապաշտ-Խմբ.) պետերի օրինակով, լկտիութեան ու անամօթութեան պակաս չունի: Ինչե՛ր արժէ նրա այն արտայայտութիւնը միայն, թէ «Հայաստանը չի կարող որեւէ մի փաստ ներկայացնել»: Մինչդեռ փաստերն այդ մէկը չեն, ոչ էլ երկուսը, այլ՝ հարիւրաւոր, որոնք կազմում են այսպէս կոչուած «սումգայիթեան թղթապանակը», ինչի մասին Ադրբեջանում չեն կարող չիմանալ: ԽՍՀՄ Գերագոյն եւ այլ ատեանների դատարանների դատավարութեան նիւթերը, դատարաններ, որոնցով մէկ Գորբաչովի կամքով ցրուել էին Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերեալ քրէական գործերը, ամենայն համոզչութեամբ ապացուցում են ինչպէս այդ յանցագործութեան լիակատար համապատասխանութիւնը «ցեղասպանութիւն» բնորոշմանը, այնպէս էլ դրանում Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան մեղսակցութիւնը:

Այդուհանդերձ, հակառակ անհերքելի փաստերի, պաշտօնական Բաքուն ողջ այս 30 տարիների ընթացքում շարունակում է ստել: Ահա եւ այս անգամ Հաջիեւը նշել է, որ «Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը եւ ԱԳՆ սումգայիթեան դէպքերի առնչութեամբ հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ լայն հասարակայնութեանը տեղեկացնելով տեղի ունեցածի բուն էութեան մասին, մասնաւորապէս՝ այն, որ դա եղել է ԽՍՀՄ պետանվտանգութեան կոմիտէի եւ Հայաստանի յատուկ ծառայութիւնների նպատակաուղղուած սադրանք»: Ընթերցողի ուշադրութիւնը հրաւիրենք ուշագրաւ մի հանգամանքի վրայ: Մի քանի տարի առաջ ադրբեջանական մամուլը տարածել էր հաղորդագրութիւն, որի համաձայն «Նախկին ԽՍՀՄ պետանվտանգութեան կոմիտէն եւ դատախազութիւնն անց են կացրել հետաքննութիւն, որի ընթացքում բացայայտուել են բազմաթիւ փաստեր, որոնք անվիճելիօրէն ու համոզիչ կերպով ապացուցում են, որ սումգայիթեան իրադարձութիւնների իրական կազմակերպիչները հայերն իրենք էին»: Ինչպէս կարելի է նկատել՝ երկու դէպքերում էլ շօշափւում է Պետանվտանգութեան կոմիտէն, բայց եթէ առաջին մէջբերման մէջ այն հանդէս է գալիս մեղադրեալի դերում, ապա երկրորդ դէպքում՝ մեղադրողի: Այդ դէպքում ո՞վ է ստում: Համաձայնենք՝ ազերպրոպի համար տհաճ բացթողում՝ սումգայիթեան ձեւով կացնային ոճով: Սուտն այստեղ սահմաններ չի ճանաչում:

Ի տարբերութիւն նման մերկապարանոց, փաստարկներից զուրկ մեղադրանքների, մենք կը ներկայացնենք իրական, այլ ոչ մտացածին վկայութիւն, որը պատկանում է ԽՍՀՄ դատախազութեան քննչական խմբի աւագ քննիչ Վ. Ռեւային. «Սումգայիթում գործնականում ցեղասպանութիւն է եղել, երբ մարդուն սպաննում են միայն այլ ազգի պատկանելու պատճառով»: Ասենք աւելին՝ ադրբեջանցիներն իրենք հաստատել են, որ «սումգայիթը» կազմակերպուել էր Ադրբեջանի իշխանութիւնների ու իրականացուել իրենց ցեղակիցների կողմից: Այսպէս, Ադրբեջանի կոմկուսի Սումգայիթի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Ջ. Մուսլիմզադէն, ով առաջինն էր նրանցից, ովքեր ամբոխին ջարդերի էին կոչում, աւելի ուշ տեղի ունեցածի մէջ հրապարակայնօրէն մեղադրեց Ադրբեջանի գերագոյն իշխանութիւններին: Իր հերթին, այն ժամանակ Ադրբեջանի դատախազի պաշտօնը զբաղեցնող Ի. Իսմայիլովը ողբերգութիւնից 15 տարի անց յայտարարել էր, որ մեղաւորները, ովքեր մարդկանց հրահրել են ջարդեր իրականացնել Սումգայիթում, այսօր նստած են Միլլի մեջլիսում: Ու ադրբեջանցիներին պատկանող նման բացայայտումները քիչ չեն:

Փաստերը յամառ բան են: Դրանցից էլ հէնց վախենում է Բաքուի իշխանութիւնը, որն անձնատուր է լինում ամէն տեսակ ստորութիւնների, որպէսզի բոլոր խարդախ միջոցներով թաքցնի այդ փաստերի ճշմարտացիութիւնը:

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031