Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նշանակում «չլինել ռաբիս»

Մարտ 10,2018 10:00

Ես հայկական սերիալներ չեմ նայում եւ, հետեւաբար, Դիանա Գրիգորյանի սցենարներին ծանոթ չեմ: Ենթադրում եմ՝ նա ոչ Շեքսպիրն է, ոչ էլ Բեռնարդ Շոուն: Բայց հաստատ կան հազարավոր մարդիկ, որոնք նրա սցենարով նկարահանված սերիալները նայում եւ հավանում են: Ամբողջ աշխարհում սերիալները, որպես կանոն, զուտ կոմերցիոն նախագծեր են, տեւում են ճիշտ այնքան, որքան ունեն սպառող: Հետեւաբար, եթե որեւէ հեռուստաընկերություն սցենար գրելու համար վարձում է Դիանային, Պողոսին կամ Ջոնին, ապա ակնկալում է, որ նրանց գրած սյուժեները սպառող կունենան: Ի դեպ, Դիանան Հայաստանում «սերիալային» միակ սցենարիստը չէ՝ կան եւս տասնյակ մարդիկ, որոնք զբաղվում են նույն գործով: Բայց այդ մարդկանց անունները հասարակությանը հայտնի չեն՝ հավանաբար այն պատճառով, որ նրանք բարձրաշխարհիկ կյանք չեն վարում եւ ֆեյսբուքում թունոտ մեկնաբանությունների չեն արժանանում:

Ենթադրում եմ նաեւ, որ հայկական սերիալներն իրենց որակով զիջում են, ասենք, Netflix-ի արտադրությանը, եւ դա բնական է՝ տարբեր են լսարանի մասշտաբները, համեմատելի չէ Հայաստանի եւ զարգացած երկրների տնտեսության եւ, որպես հետեւանք, գովազդային շուկաների վիճակը: (Ճիշտ նույն պատճառով «Առավոտը» երբեք «Նյու Յորք թայմզ» չի դառնա, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանում չպիտի թերթեր լույս տեսնեն: Մենք այն ենք, ինչ կանք, եւ պետք է աշխատենք մեզ տրված հնարավորությունների սահմաններում): Պատկերավոր ասած՝ Netflix-ի սցենարիստներն աշխատում են «Մերսեդես» ֆիրմայում, իսկ Դիանան եւ այդ արտադրամասի մյուս հայաստանյան արհեստավորները՝ «Երազ» գործարանում: Արժե՞ արդյոք նրանց պետական պարգեւներ տալ: Թերեւս, ոչ, որովհետեւ խոսքը զուտ կոմերցիոն հոսքագծի մի օղակում աշխատող մարդկանց մասին է: Բայց ինձ համար ավելի կարեւոր է այն ձեւը, այն հնչերանգը, որով խոսվում է այս խնդրի մասին:

Եթե մարդիկ պայքարում են անճաշակության եւ ռաբիսի դեմ, ապա, կարծում եմ, իրենք չպետք է լինեն անճաշակ եւ ռաբիս՝ սկսած տարրական բաներից, օրինակ՝ չօգտագործեն կնոջ հասցեին գռեհիկ արտահայտություններ: Իսկ ի՞նչ է նշանակում ընդհանրապես՝ «չլինել ռաբիս»: Իմ կարծիքով՝ նշանակում է չլինել մանրախնդիր, չփորձել ինքնահաստատվել՝ ուրիշին ցավ պատճառելով, լինել ներողամիտ եւ լայնախոհ: Իսկ ամենակարեւորը՝ ամեն մի դատարկ պատճառով դարդերի մեջ չընկնել, առավել եւս՝ համազգային ողբ չկապել: Առանց առիթի ողբալը, իմ կարծիքով, ռաբիսության գագաթնակետն է:
Մովսես Խորենացու ողբի հիմքերը լուրջ էին: Նա ողբում էր իր ժամանակի հասարակության բարքերի անկման առթիվ, ոչ թե այն պատճառով, որ թագավորը պարգեւատրել է գուսաններից մեկին:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. manvel says:

    Պարզապես ուզում ենք,որ կոչումը ում շնորհում են արժանի լինի դրան այլապես Մովսես Խորենացի կոչումն է արժեզրկվում..

  2. Գոհար says:

    Ո՛ղբ է, բա ի՞նչ է։ Կարելի էր միանգամից ներկայացնել Նոբելյան մրցանակի ։

  3. Avag says:

    հավանում եմ / like / 🙂

  4. SHUSHANNA TEVANYAN says:

    Միանշանակ համաձայն եմ, որ Դիանա Գրիգորյանի սցենարները շատ մարդկանց սրտով են: Սակայն այդ մարդկանց կողքին կան և հազարավորները, ովքեր կգնահատեին պատմական կամ հայկական ամենօրյա կյանքը ներկայացնող սերիալներ: Եվ ես համոզված եմ, որ հայ հասարակության մեջ կան երիտասարդ տաղանդավոր սցենարիստներ, ուղղակի անհրաժեշտ է նրանց դուրս բերել ու հնարավորություն տալ: Իմ տատիկը մեծ հաճույքով դիտում էր Դիանայի սցենարների հիման վրա նկարահանված սերիալները, սակայն երբ ես համակարգչով սկսեցի պատմական օտարերկրյա սերիալներ դիտել, նա հոժարաբար միացավ ինձ: Կարճ ասած, ինչ հասարակությանը մատուցես, այն էլ ստիպված կսկսի սիրել:

  5. gib.gibindus says:

    Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, … բոլորիս հայտնի բառեր են Մովսես Խորենացու “Ողբ”-ից: Վշտի խորությունը նման պաթոսով և լեզվի գեղեցկությամբ արտահայտելը դժվար է թերագնահատել, հատկապես հաշվի առնելով կոլեկտիվ ողբի հանդեպ մեր ունեցած հատուկ վերաբերմունքը: Սովորաբար ազդված լինելով առաջին բառերի “սիմֆոնիա”-ից, մոռանում ենք նախադասության վերջին մասը: Այն հնչում է այսպես …կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն: Ինչը ժամանակակից հայերենով հնչում է որպես …հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031