Լրահոս
Օրվա լրահոսը

2008 թվականի պոտենցիալը չկա

Մարտ 10,2018 14:30

Մանե Թանդիլյանը` իշխանափոխության մասին

Քննարկումները` ինչպե՞ս չթողնել, որ Սերժ Սարգսյանը շարունակի իր պաշտոնավարումն արդեն Հայաստանի վարչապետի պաշտոնում, «Ելք» խորհրդարանական խմբակցությունում դեռ չեն ավարտվել: Որոշում էլ, բնականաբար, դեռ չկա: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Հիշեցնենք. նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Արդեն ապրիլի 17-ին խորհրդարանը պետք է վարչապետ նշանակի: Մեծ է հավանականությունը, իսկ «Ելք»-ում գրեթե վստահ են, որ իշխող Հանրապետական կուսակցությունը, որն ունի վարչապետ առաջադրելու մենաշնորհ, կառաջարկի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ-ում էլ դեռ վարչապետի սեփական թեկնածուի շուրջ քննարկումները չեն սկսվել: Կուսակցության ղեկավար մարմնի անդամներն են պնդում: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, հակադրվելով սեփական կուսակցությանը, պնդում է, որ Սերժ Սարգսյանից բացի՝ այլ թեկնածու ՀՀԿ-ն չունի:

Որ պետք է թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, «Ելք»-ում վստահ են: Քննարկման հարցը հետեւյալն է` ինչպե՞ս դա անել: Այս հարցի շուրջ խմբակցությունում արդեն երկու շաբաթից ավելի է՝ մտածում են: Մինչ այդ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր. «Գործողությունների նախնական պլանը քննարկեցի ընտանիքիս հետ։ Հավանության արժանացավ։ Պատրաստ են ինձ վերստին գործուղել Ազատության հրապարակ»: Դրանից հետո հրապարակումներ եղան, որ քննարկումները խմբակցությունում շատ թեժ են եղել: Խոսակցություններ կային անգամ, որ քաշքշուկ էլ է եղել: Ի դեպ, ուշագրավ էր, որ այդ ամենից հետո խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խորհրդարանի ոչ հերթական, ոչ արտահերթ նիստերին չմասնակցեց: Նա բաց թողեց անգամ ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը:

Հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ գործուղվի Ազատության հրապարակ` հետաքրքրվեցինք Մանե Թանդիլյանից` նկատելով, որ նման խոսակցություններ արդեն կան: «Դա էլ ձեւաչափ է»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ քննարկվող տարբերակները մի քանիսն են, այդ թվում նաեւ վարչապետի թեկնածուի առաջադրում: Բայց քանի դեռ խմբակցությունում վերջնական ձեւավորված մոտեցում չկա, նա ձեռնպահ է մնում դետալների մեջ մտնելուց եւ մեկնաբանություններ անելուց:
Մարտի 10-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանրահավաք է անելու: «Ելք»-ի անդամները կմիանա՞ն դրան, թե՞ ոչ՝ դա էլ հայտնի չէ: Ըստ Մանե Թանդիլյանի, միասնական մասնակցության որոշում միգուցե չլինի, բայց անհատներ հնարավոր է մասնակցեն:

Նկատեցինք` «Ելք»-ի գերխնդիրն է թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, եւ հետաքրքրվեցինք` կարծում եք, եթե վարչապետի պաշտոնում մնա Կարեն Կարապետյանը կամ մեկ այլ անձ լինի, դրանով Հայաստանում խնդիրները կլուծվե՞ն: Մանե Թանդիլյանը չհամաձայնեց, որ իրենց գերնպատակը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը տապալելն է: Ասաց՝ «Ելք»-ն ունի տարբեր նպատակներ` մինչեւ ապրիլ, ապրիլից հետո եւ ՀՀ-ի զարգացման հետ կապված: Ուղղակի «Ելք»-ում կա համաձայնություն, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումն ընդունելի չէ. «Սա է, որ մենք համարում ենք ՀՀ-ի զարգացման համար հույժ վտանգավոր իրավիճակ: Դա է, որ մեզ համար ընդունելի չէ: Այդ իրողության հետ առերեսվելն անցանկալի է, դա ժողովրդավարության ետընթաց է»:

Օրեր առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց` եթե լինի այնպիսի կոնսոլիդացիա, ինչպիսին եղավ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ինքը երաշխավորում է` այդ գործընթացը կավարտվի իշխանափոխությամբ: Մանե Թանդիլյանից հետաքրքրվեցինք` հավանական համարո՞ւմ է նման կոնսոլիդացիան հիմա, «Ելք»-ը կամ Նիկոլ Փաշինյանն ունե՞ն այդքան հնարավորություն նման մոբիլիզացիա ապահովելու համար: «Խոսքը նրա մասին է, որ եթե լինի նման մոբիլիզացիա: Այսինքն՝ եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց»,- հստակեցրեց մեր զրուցակիցը` հավելելով, որ խոսքը «Ելք»-ի ռեսուրսի կամ մոբիլիզացիա կազմակերպելու հնարավորության մասին չէ: «Եթե հարյուր հազարավոր մարդիկ իշխանափոխության պահանջով դուրս գան փողոց, նրանք անպայման հաջողության կհասնեն նաեւ մեր առաջնորդությամբ: Սա է մեսիջը: Այսինքն՝ եթե հարյուր հազարավոր մարդիկ այդ պահանջով դուրս են գալիս փողոց, դա արդեն իշխանափոխության լուրջ հայտ է: Կա՞ այսօր Հայաստանում նման իրողություն, նման հնարավորություն: Իմ կարծիքով՝ այդ պոտենցիալն արդեն չկա: Բայց ես չէի ցանկանա որեւէ քաղաքացու փոխարեն որոշում կայացնել: Իհարկե, եթե ՀՀ քաղաքացիները որեւէ հարցի շուրջ որեւէ ժամանակ` ապրիլից առաջ, ապրիլից հետո, հավաքվեն Ազատության հրապարակում, բնական է, որ դա կարող է տեղի ունենալ: Մենք մինչեւ վերջ պատրաստ ենք լինել ժողովրդի կողքին»,- ասաց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք` եթե հանրությունը հարյուր հազարներով փողոց դուրս չգա, «Ելք»-ն ունի՞ ճանապարհային քարտեզ: Մանե Թանդիլյանը կարծում է, որ «Ելք»-ի խորհրդարան ընտրվելն արդեն ճանապարհային քարտեզի մաս է կազմում. «Մարդիկ պետք է կարողանան հասկանալ, որ ընտրության օրն են որոշում կայացնում: Այդ օրն այդքան թերագնահատել եւ չարժեւորել, կարծում եմ՝ չի բխում որեւէ մեկի շահերից, հատկապես ՀՀ քաղաքացու: Այդ գիտակցումով պետք է ապրել, ամեն օր այն ամրապնդել: «Ելք»-ն իր գործունեությամբ ցույց է տալիս, որ ինքն այն ընտրությունն է, որը պետք է կատարի ՀՀ քաղաքացին, եթե ուզում է ապրել այլ որակի Հայաստանում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

09.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031