Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով, ըստ մասնագետների, աշխատանքային թրաֆիքինգի համար մեծ հնարավորություններ են բացվում: Նախագծով այնպիսի փոփոխություններ են առաջարկում, որով օրենքի ուժով գործատուին հնարավորություն է տրվում շահագործել աշխատողին:
Նախագծի մշակող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս նախագծով վերացնում է արտաժամյա աշխատանքի համար լրավճարների շեմը, վնասակար աշխատանքների ցանկն ու դրանց համար գործող օրենքով սահմանված հավելավճարների շեմը:
Օրինակ՝ նախագծով առաջարկվում է օրենսգրքի հոդված 183-ը շարադրել հետեւյալ կերպ՝ «Աշխատանքի վարձատրությունը աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի իջեցնելու անհնարինության դեպքում՝ 1. Այն աշխատողներին, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի, կարող է վճարվել հավելում կողմերի համաձայնությամբ որոշված չափով, որը պետք է ամրագրվի աշխատանքային եւ (կամ) կոլեկտիվ պայմանագրերում: 2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքերում պետական կառավարչական հիմնարկների եւ համայնքային կառավարչական հիմնարկների, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողներին վճարվող հավելման չափը սահմանում է ՀՀ կառավարությունը»:
«Առավոտի» հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ասում է՝ կյանքի եւ առողջության համար վնասակար աշխատանքի դեպքում գործող օրենքով աշխատավարձի 50%-ի չափով հավելավճար է սահմանված, եւ սահմանված է նման աշխատանքների ցանկը: Հիմա, ինչպես Տիգրանյանն է նկատում, նախագծով առաջարկում են վնասակար աշխատանքների ցուցակը վերացնել եւ թողնել գործատուի եւ աշխատողի միջեւ կարգավորվի այս խնդիրը. «Այսինքն՝ գործատուն եւ աշխատողը պետք է որոշեն, թե որքան պետք է գործատուն վճարի հավելավճար, ստորին շեմ պետությունը չի սահմանում: Իրենց հիմնավորումն այն է, որ այս շեմն ու ցանկը հանում են ու ասում են՝ թող գործատուն աշխատավայրը դարձնի անվնաս, ու ինքը որոշի՝ եթե չի կարողանում չեզոքացնել վնասներն աշխատավայրում, գործատուն ու աշխատողը որոշեն՝ քանի տոկոս հավելում սահմանել»:
Տիգրանյանը նաեւ այս դրույթի վերաբերյալ նախագծի մշակողներին առաջարկություններ է կատարել (որոնք մերժվել են) եւ նաեւ նշել. «Անընդունելի եւ խտրական կարգավորումներ են, քանի որ, բացի պետական եւ մասնավոր հատվածի աշխատողների համար տարբերակված կարգավորումներից, պարունակում են աշխատանքի շահագործման մեծ ռիսկեր»: Տիգրանյանը 183 հոդվածի վերը նշված փոփոխության վերաբերյալ նկատում է. «Այսպիսի կարգավորումների հետ կապված նախագծի հիմնավորումներում շեշտադրված է ԱՄԿ (Աշխատանքի միջազգային կազմակերպության) 87 կոնվենցիայի պահանջների կատարումը՝ որպես արհմիությունների դերի բարձրացմանն ուղղված քայլ։ Սակայն սրանով արհմիությունները ոչ միայն չեն հզորանա, այլեւ որեւէ պայման թելադրելու իրավունք չեն ունենա, քանի որ վնասակարության համար հավելում սահմանելը, ըստ նախագծի, իմպերատիվ պահանջ չէ, այլ հայեցողություն։ Եթե գործատուն որոշի, որ որեւէ հավելում չի սահմանում, ապա աշխատողը նրան պարտադրել չի կարող եւ որեւէ իրավական լծակ չունի գործատուի որոշման վրա ազդելու համար»:
Նախագծով նույն տիպի կարգավորում է առաջարկվում նաեւ գիշերային եւ արտաժամյա աշխատանքի դեպքում, այսինքն՝ ներկայումս պետության կողմից սահմանված 30% եւ 50% հավելավճարները վերացնել՝ դրանք թողնելով գործատուի «քմահաճույքին» եւ հայեցողությանը: Ավելի կոնկրետ՝ առաջարկվում է, որ այս հավելավճարների շեմը որոշեն գործատուն եւ աշխատողը: Մինչդեռ պետական հատվածի աշխատողների համար գիշերային, վնասակար եւ արտաժամյա աշխատանքների հավելավճարը, ըստ նախագծի, սահմանում է պետությունը: Այս առնչությամբ էլ Տիգրանյանն ասում է. «Վնասակարության եւ արտաժամյա ու գիշերային աշխատանքի վարձատրության հետ կապված կարգավորումներում պետական եւ մասնավոր հատվածի աշխատողների համար տարբերակված մոտեցում է ցուցաբերված։ Սա ակնհայտ խտրականության եւս մեկ դրսեւորում է։ Պետությունը չեզոք վարքագիծ դրսեւորելու փոխարեն՝ որպես կարգավորման հնարավոր տարբերակ պետք է սահմանի թույլատրելի նվազագույն շեմը (պետական եւ համայնքային հիմնարկների աշխատողների համար այն կարող է լինել առավելագույնը), որից ցածր գործատուն եւ աշխատողը սահմանելու իրավունք չունեն, եւ բանակցեն այդ շեմից սկսած»։ Ըստ Տիգրանյանի՝ այս փոփոխություններով գործատուն կարող է կամայական որոշում կայացնել, ասել՝ հավելավճարդ 1 լումա է, աշխատողն ասի՝ 2, ու հենց աշխատողը չհամաձայնի, պայմանագիրը կարող է լուծել գործատուն, արդյունքում անձը կկորցնի աշխատանքը:
Տիգրանյանն ասում է՝ արտաժամյա աշխատանքի վերաբերյալ ներկայիս գործող օրենքով չի կարելի տարվա մեջ 180 ժամից ավելի աշխատել, եւ կա հստակ 6 դեպք, որի դեպքում կարելի է արտաժամյա աշխատել: Այս փոփոխություններով հնարավոր է, որ քաղաքացին ստիպված օրական 8 ժամից ավելի աշխատի, սակայն գործատուն ասի՝ նա համաձայնել է: Ասենք՝ եթե գործատուն ասի՝ մի 2 ժամ ավելի մնա աշխատի, աշխատողը չի առարկի, որովհետեւ աշխատանք կորցնելու խնդիր կա: Ու թե որքան հավելում կտա՝ սա թողնված է գործատու-աշխատող հարաբերություններին:
«Առաջարկվող փոփոխությամբ անտեսվում են օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված բացառիկ դեպքերը, եւ թույլատրելի է դառնում կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի կատարումը, տարեկան կտրվածքով առանց ժամային սահմանափակման: Այսպիսի կարգավորմամբ մեծանում է գործատուի կողմից աշխատանքի շահագործման ռիսկը, քանի որ տարվա ընթացքում ցանկացած ժամաքանակով կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքի եւ միշտ պատճառաբանել, որ դա եղել է կողմերի համաձայնությամբ, քանի որ նախատեսված չէ համաձայնությունը գրավոր տալու ձեւը»,- նկատում է Տիգրանյանը: Նա նաեւ ասում է՝ այս պայմաններում, երբ չկան հզոր արհմիություններ, չկան աշխատանքի տեսչություն եւ հսկող մարմին, գործատուին ազատ են թողնում օրենքով անելու այն, ինչ հիմա կա աշխատանքային հարաբերություններում, որտեղ հիմնականում աշխատողները տուժում են: Մեր այն դիտարկմանը, որ նախագծի մշակողները վստահեցնում են, թե նախագիծը քննարկվել եւ համաձայնեցվել է աշխատանքի միջազգային կազմակերպության հետ, Տիգրանյանը հակադարձում է հեղինակներին՝ ԱՄԿ ներկայացուցչի հետ քննարկումների ժամանակ վերջինս բացասական կարծիք է տվել արտաժամյա եւ վնասակար աշխատանքների վերաբերյալ առաջարկվող փոփոխություններին. «ԱՄԿ գրասենյակը 50% շեմի վերաբերյալ ասել է՝ սա գործում է զարգացած եւ առաջադեմ շատ երկրներում, լավ կլինի Հայաստանը չհրաժարվի դրանից»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
09.03.2018