Պետական կարիքների զոհերը դիմել են Սահմանադրական դատարան
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 1994 թվականի նոյեմբերին հանդես գալով հայտարարությամբ՝ ասել է. «Երեւանի կառուցապատման ծրագրերը, հիմքում ունենալով հակասահմանադրական իրավական ակտեր, ի սկզբանե հղի են եղել անցանկալի հետեւանքներով, որոնք որոշ դեպքերում դարձել են ողբերգական»: Հիշենք. 1994թ. Հյուսիսային պողոտայի առաջին զոհը Պուշկինի 34 հասցեում բնակվող Նորա Եդիգարյանն էր. վտարումից հետո հարեւանները նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նույն օրը նա մահացավ: Վերջերս ՀՀ սահմանադրական դատարանում լսվեց նրա քրոջ՝ Ի. Եդիգարյանի դիմումը: Քույրը վտարումից հետո դեռ բնակվում է վարձով, նրա հարցն ըստ էության չի լուծվել, նրա իրավունքները ըստ էության ոտնահարված են:
Բուզանդի 9 հասցեի բնակիչ Լիլյա Ղազարյանը վտարվել էր իր բնակարանից, եւ նա իր բարեկամներից մեկի տանը կաթվածահար եղավ, ապա «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մահացավ վտարումից երկու օր հետո:
1994-ի նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հացադուլ սկսեցին Ամիրյան 4/18 հասցեի բնակիչ Գագիկ Սարգսյանը, Հովիկ Բագոյանը՝ Բուզանդի 25/16 հասցեից, իսկ Ամիրյան 2/14-ից՝ ազատամարտիկ Սամվել Կլեկչյանը:
«Տուն, բնակարան չունեմ: ՀՀ կառավարության որոշումների, իրավական ակտերի հետեւանքով չեմ ստանում նպաստ եւ կենսաթոշակ, աշխատանքի չեն ընդունում, խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի պարտավորագիրը, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ հոդվածները»,-«Առավոտին» ասում է 1956թ. հոկտեմբերի 23-ից Ամիրյանի 4/18 հասցեում բնակված Գագիկ Սարգսյանը, որը մինչ օրս քնում է բաց երկնքի տակ, իսկ նրա մասին էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հիշեցնում է, երբ որեւէ փաստաթուղթ է ուղարկում հայրենի փոստային բաժանմունքներ:
Գ. Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան:
«Մորս սպանության եւ սեփականությունը յուրացնելու գործով, խախտելով անվճար սեփականաշնորհման իրավական ակտը, յուրացվել է իմ ու մորս սեփականությունը: Սահմանադրական դատարան մուտք էի արել նաեւ այդ գործը, դատական վերջնական ակտի առկայությամբ: Տարօրինակ է, որ դատական վերջնական ակտը գնահատել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը պարտակել էր հանցագործությունների շղթան, գնահատելու համար դատական վերջնական ակտերը, չունենալով նման լիազորություն»,-հայտնել էր Գ.Սարգսյանը:
Գագիկը դատարանին հայտնել էր, որ ընդհանուր իրավասության դատարանները չունենալով իր նկատմամբ «դատական պրոցեսի լիազորություն, ներքաշել են դատական քննարկումների մեջ»:
Ըստ նրա, հանրապետության նախկին նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով պահել են իր բնակարանի օրդերը, արխիվային կազմակերպությունները չեն տրամադրում նրան օրդեր լինելու մասին տեղեկությունը: Ըստ դիմումատուի, ոչ Երեւանի քաղաքապետարանը, ոչ Կենտրոնի թաղապետարանը լիազորություն չունեին Ամիրյան 4/18 բակի մասին տեղեկություն տալու, քանի որ այն պատկանել է «Հայկոոպի» սեփականությանը՝ բակն ըստ էության եղել է գերատեսչական շինություն, հաշվառված է եղել բնակֆոնդի հաշվեկշռում:
Գ. Սարգսյանը նաեւ հայտնել էր, որ իրավական ակտով, սակայն, ոչ իրենց ցանկությամբ են գնահատել իրենց անշարժ գույքը:
Դիմումատուի փաստարկմամբ, միայն գնի մեջ խախտումների պատճառով, իրենց սեփականությունը յուրացնելու արդյունքում պետբյուջե չի մտել քսան միլիարդ դոլարին համարժեք գումար:
Երեք տարի է՝ Գ. Սարգսյանը թոշակ չի ստանում, պետական նպաստ, սոցիալական աջակցություն, ստացիոնար բուժում առողջությունը վերականգնելու համար, զրկված է ամբողջությամբ դատական պաշտպանությունից, ըստ նրա, խախտվել են իր նկատմամբ կատարված ոտնձգությունների պատճառով ՀՀ սահմանադրության, Եվրոպական կոնվենցիայի տասնյակ հոդվածներ, ՄԱԿ-ի դեկլարացիան:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
09.03.2018