Ինչքան հիշում եմ՝ մեր լրատվամիջոցներն առավելագույնը, որ արել են եւ անում են հիմա, դա սահմանամերձ գյուղերի եւ բնակավայրերի մասին սրտակեղեք նյութեր տալն է: Նրանք պատմում են այն մասին, թե ինչ դառնաղի կյանքով է ապրում հեռավոր գյուղը, վկայակոչել են փաստեր ու թվեր՝ դանդաղ կամ արագ հյուծվող ու սմքող բնակավայրերի վերաբերյալ: Եվ դա ճիշտ է: «Հյուծվող ու սմքող» բառերը այստեղ օգտագործում եմ գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ: «Ծերերիս ո՞ւմ հույսին թողնեմ, թե չէ ես ընտանիքս առած ինչի նո՞ր էի գնացել»: Ավելի դառը խոսքեր դժվար է պատկերացնել: Սովորաբար, քաղաքաբնակները սկզբում զմայլվում են բնության տեսարաններով, իսկ այնուհետեւ փորձում են տեղացիներին գովել, ասելով՝ «այստեղ ապրելը մե՛ծ սխրանք է, իսկակա՛ն հերոսություն»:
Մի սիրուն առակ կա. պատմում են՝ մի օր օվկիանոսի ձուկը որոշեց պարզել, թե որտե՞ղ է այդ օվկիանոսը: Նա հարցրեց կողքի ձկներին, նրանք եւս տեղյակ չէին: Խեղճ ձուկը բազում սոցհարցումներ կազմակերպեց, տեղեկանքներ ճարեց, ինտերնետը փորփրեց, բայց այդպես էլ չիմացավ, թե որտեղ է օվկիանոսը: Ճիշտ այսպես էլ՝ բնության ծոցում ապրողին ոչինչ չես ասի բնության մասին քո հիացական ճիչերով: Նա այդ ամենի շարունակությունն է: Այստեղ որեւէ խնդիր չկա, խնդիրն ուրիշ տեղ է: Մարդկանց սոցիալական նյարդն է վիրավոր ու մղկտում է զօր-գիշեր: Կապանի եւ Մեղրիի գյուղերում ուրախ, կայտառ աղջիկը, պատանին ու երիտասարդն է օրեցօր դառնում «անհետացող տեսակ»: Մինչդեռ 28 տարին փոքր ժամանակահատված չէր թեկուզ որոշ շոշափելի արդյունքներ ունենալու համար:
2015 թվականից սկսած մի բնապահպանական ծրագիր է գործի դրվել, կոչվում է՝ «Հատուկ պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան», որը կյանքի է կոչվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության, զարգացման KfW բանկի ֆինանսական միջոցներով, ունի շուրջ 8,5 միլիոն եվրո արժողություն: Այն նախատեսում է բարելավել Սյունիքի պահպանվող տարածքների պաշարների պահպանությունը ու կառավարումը, կենսաբազմազանության պահպանության վրա ազդեցություն ունեցող պետական կառույցների կարողությունների հզորացումը, միաժամանակ բարելավելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը: Փաստորեն, երկու կենսական բաղադրիչ՝ մեկը սոցիալական, մյուսը՝ բնապահպանական, մեկ ծրագրում: Ծրագրի թիմի ղեկավարն է դոկտոր Հայնո Հերթելը, իր գործին խենթի պես սիրահարված գերմանացի գիտնական, տեղակալը՝ մի սրտացավ բնապահպան՝ Մարտիրոս Նալբանդյանը, իսկ ազգային տնօրենը՝ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Այն գործելու է մինչեւ 2020 թվականը:
Սյունիքի Բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից 32 համայնքներին նախապես հաստատված ծրագրերով հատկացվել է 5000-ական եվրո, 13 գյուղեր եւ բնակավայրեր այսուհետեւ կունենան գիշերային լուսավորություն, առաջիկայում նույնատիպ աշխատանքներ կիրականցվեն մյուս համայնքներում եւս: Կապանի համայնքներում, ինչպես ընդունված է ասել՝ «անտառների վրա ճնշումը թուլացնելու» նպատակով լայն թափով ընթանում են տների պատուհանները փոխելու լայնամասշտաբ աշխատանքներ: Նախատեսվում է նաեւ առաջիկայում օգնել մարդկանց՝ որակյալ եւ խնայողական վառարաններ ձեռք բերելու հարցերում: Հետաքրքիր ձեռնարկ էր նաեւ Մեղրիի Լեհվազ եւ Վարդանիձոր, ինչպես նաեւ՝ Կապանի Սրաշեն եւ Ծավ համայնքներում կազմակերպված գյուղմթերքի ցուցադրությունները, բնապահպանական թեմաներով կարճ գրվածքների եւ բիզնես մտահղացումների մրցույթների համար սահմանված դրամական պարգեւատրումները:
Ծրագրի երկրորդ փուլով ուշադրության առարկա կդառնան արդեն բնակավայրերի մանկապարտեզները եւ այլն: Բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի քառօրյա այցի ընթացքում, որտեղ ընդգրկված էին նաեւ լրագրողներ, մարդիկ շատ բան ունեին ասելու, բայց չէին ասում: Փոխարենը, ասես, մի լավ սպասում, մի հույսի շող էր փայլում նրանց աչքերում, որովհետեւ շատ էին եկել-գնացել, բայց այս անգամ այլ կերպ եղավ: Նախ՝ եկան մեծ բեռնատարները ու բերեցին լուսավորության սյուներն ու լարերը, իսկ հաջորդ օրերին սկսվեցին մոնտաժման գործերը 13 գյուղերում: Լեհվազցին եւ մյուս գյուղերի ապրողները մի օր էլ գիշերն արթնացան ու տեսան իրենց գյուղը ամբողջովին լուսավորված, այն էլ ողջ գիշերվա ընթացքում: Ու երեւի իրենք իրենց այդ պահին ասացին՝ «Երեւի պետությունը վերջապես մեզ հիշել է, մեր տո՞ւն է եկել, հա, էլի, էդպես է, լուսերը վկա»: Ճիշտ նույն կերպ, նրանց տան դռանը մի օր կանգնեց որակյալ եվապատուհաններով բեռնված մեքենան եւ հիմա շատերի տները տաք են՝ առանց շատ փայտ վառելու: Իսկ գյուղմթերքի եւ բիզնես գաղափարների մրցույթների արդյունքներն ամփոփելու եւ դրամական պարգեւները տալու պահին, կողքիս կանգնած մի դառնացած մարդ փնթփնթալով դժգոհեց՝ «հիմա իրենց ուզած մարդկանց կպարգեւատրեն ու կգնան»: Ու հենց նույն պահին էլ հնչեց նրա կնոջ անունը որպես հաղթողի: Սահմանամերձ գյուղ պետք է նաեւ արդարություն տանել:
Ո՞վ կարող է մեզ համոզել, թե 8, 5 միլիոն եվրոն այն գումարն էր, որ պետությունը չուներ՝ թշնամու քթի տակ ապրող իր գյուղին աջակցելու համար եւ դեռ այսօր էլ պիտի շարունակի ապավինել Գերմանիային ու նրա բանկին: Գուցե ժամանա՞կն է, որ մեր պետությունը սահմանամերձ տարածքների հոգսերը հոգալու համար ձեռքը հանի միջազգային կառույցների գրպանից եւ ինքը ստանձնի պատասխանատվությունը: Կամ էլ՝ զուգորդի դրանք՝ առավել մեծ արդյունքներ ունենալու համար:
ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ»
09.03.2018