Միշտ նորը փնտրող ժուռնալիստիկան ու հինն ուսումնասիրող հնագիտությունը իրենց տեղն են գտել Մարիամ Սարիբեկյանի կյանքում: Նախկինում մի շարք լրատվականներում, ներկայումս Շիրակի երկրագիտական թանգարանում, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում աշխատող Մարիամը գիտի՝ հասարակության կարծիքն ու կարծրատիպերը չեն կարող խանգարել մարդուն զբաղվել սիրած գործով: Պեղումների դաշտում հայտնվելու, հանդիպած դժվարությունների ու դրանց հաղթահարման շուրջ էլ զրուցեցինք Մարիամի հետ:
– Ինչպե՞ս ընդունեցիր հնագետ դառնալու որոշումը:
– Դպրոցական տարիքում պատմություն շատ էի սիրում ու ընդհանրապես հումանիտար առարկաները միակ բանն էին, որ կարողանում էի սովորել: Որոշեցի ընդունվել պատմության ֆակուլտետ, բայց առաջին կուրսից զգացի, որ հայտնվել եմ սխալ տեղում ու սխալ ժամանակ ու համալսարանական կրթությունը մեջս սպանեց պատմության նկատմամբ ամբողջ սերս։ Հասկացա, որ պիտի այլ, ավելի հետաքրքիր ու դեռեւս անհայտ մի բան գտնեմ ու զբաղվեմ։ Էդ ժամանակ էր, որ հանդիպեցի ապագա ղեկավարիս, ով հնագետ էր։ Բացարձակ ոչինչ չգիտեի հնագիտության մասին, չգիտեի էլ, որ նման մասնագիտություն կա աշխարհում, բայց էդ մարդն էնքան հաճույքով ու սիրով էր խոսում հնագիտության մասին, որ, կարելի է ասել, ես էլ սիրահարվեցի, համ իրեն, համ էլ հնագիտությանը: Էդ ժամանակ ինձ սկսեց հետաքրքրել մարդը, թե որտեղ ու ոնց է ինքը առաջացել, ոնց են եղել մարդու կյանքն ու զբաղմունքները հազարավոր տարիներ առաջ ու էդ հետաքրքրություններս բավարարելու համար էլ որոշեցի հնագետ դառնալ:
– Մի բան է գրքերում կարդալ, դասախոսներից, ապագա ղեկավարից լսել հին ժամանակներում ապրած մարդու ու իր կյանքի մասին, մի ուրիշ բան՝ լինել դաշտում, այդ ամենը բացահայտելուն շատ մոտ: Ո՞րն էր առաջին աշխատանքային փորձդ հնագիտության ոլորտում:
-Իրականում բացարձակ տարբեր են պատկերացումներն ու իրականությունը։ Քանի որ դեռ սովորում էի պատմության ֆակուլտետում, շատ քիչ էր շփումս հնագիտության հետ ու էն, ինչ սովորել ու կարդացել էի, սեփական նախաձեռնությամբ էր ու ղեկավարիս հետ շփումների շնորհիվ։ 3 տարի առաջ եմ առաջին անգամ հայտնվել դաշտում։ Ես ընդհանրապես շատ համառ ու պնդաճակատ մարդ չեմ, բայց մի բան հաստատ գիտեի, որ ուզում եմ գնալ պեղումների ու հնագետ դառնալ։ Ուստի մի օր որոշեցի գնալ թանգարան ու հնագետներից մեկի հետ հանդիպել, խնդրել պեղումների համար։ Գնացի, ահավոր ամաչում էի, որովհետեւ փոքրամարմին, նիհար ու հյուծված տեսք ունեի ու բոլորը վստահ էին, որ ոչ մի պեղումների դաշտում էլ չեմ հայտնվի ու ոչ մի հնագետ ինձ չի վերցնի իր արշավախումբ։ Բայց ես մտա թանգարան ու ուղղակի խնդրեցի, որ գալիք պեղումների ժամանակ ինձ էլ կանչեն, որ պատրաստ եմ ցանկացած պայմանի ու նույնիսկ կամավոր կգնամ։ Չգիտեմ, թե որտեղից էի մեջս էդքան պատրաստակամություն ու վստահություն գտել, որ կարող եմ, որովհետեւ դուրս գալուց հետո ինքս էլ էի զարմացել, թե ոնց եմ ես՝ ամաչկոտ ու հազիվ կմկմալով համարձակվել խնդրել, որ ինձ տանեն պեղումների։ Իհարկե, պատկերացնում էի, թե ուր եմ գնում, ինձ բոլորը բացատրում էին, որ թույլ եմ ու ուղիղ դեմքիս ասում, որ 2 օրից ավելի չեմ դիմանա, ֆիզիկականս չի ների։ Որոշ ժամանակ անց կանչեցին թանգարան ու ասացին, որ կարող եմ գնալ արշավախմբի հետ ու եթե հետո ուզենամ մասնակցել, արդեն կարող եմ գնալ պեղումներին։ Առաջին անգամ, երբ հայտնվեցի դաշտում, շուրջս քարերի կույտեր էին, ինչ-որ անհասկանալի շարքեր ու պատեր: Չէի հասկանում, թե ուր եմ, ոնց, ինչի համար։ Մի քանի օր հետո մենակ սկսեցի հասկանալ, որ էդ քարերը հեչ էլ սովորական կույտեր չեն։
Ի դեպ, արշավախմբիս անդամները նույնիսկ խաղադրույքներ են արած եղել, թե քանի օր կդիմանամ, հետո են պատմել:
– Ո՞նց եք հասկանում, որ առաջին հայացքից սովորական քարի կամ հողակույտի տակ պատմություն կա, որ հենց էդտեղ պեղումներ անցկացնեք:
– Դե ամեն մասնագիտություն իր գաղտնիքներն ունի: Սկզբում ես էլ չէի պատկերացնում, թե ոնց են մարդիկ քարի շարքին նայում ու հասկանում, որ դա, օրինակ՝ ճանապարհ է, կամ քարերի ձեւից ու գույնից հասկանում, թե որ դարաշրջանի պատեր են։ Բայց երբ ամեն օր էդ ամենի մեջ ես, քարերի շարքերը, պատերը, հողի գույներն ու շերտերը աչքդ սկսում է շատ արագ տարբերել։ Օրինակ, առաջին անգամ մի բնակատեղիում էի պեղում, ղեկավարս ասում էր՝ տեսա՞ր, հողի շերտը փոխվեց, նայում էի՝ ոչ մի փոփոխություն, լրիվ նույն հողն էր, հաջորդ տարի էդ նույն բնակատեղիում արդեն ոչ թե մեկ, այլ մի քանի շերտեր էի ինքս առանձնացնում ու տարբերում։ Սկզբում բոլոր պատերի շարվածքները նույնն են, հետո սկսում ես արդեն վաղ բրոնզեդարյան պատի շարվածքը հազարի միջից էլ տարբերել: Ամեն ինչ սովորելու վրա է։
– Պեղումներիդ առաջին օրերի մասին պատմելուց գրել ես. «Օրվա մեջ էնքան հող էինք թափում, որ կապտուկներով գալիս էի տուն. մամաս ապստամբում էր, ասում էր` էլ մի գնա, ոտքի վրա չես կարողանում կանգնել: Հաջորդ օրն առավոտյան ես էլի դաշտում էի»: Համառությունդ հաղթե՞ց մայրիկի ցանկությանը: Հիմա ծնողներիդ վերաբերմունքը մասնագիտությանդ նկատմամբ ինչպիսի՞ն է:
– Հիմա փոխվել է դեպի լավը, որովհետեւ ես էլ եմ փոխվել ու էն սկզբնական կապտուկներս ու հոգնածությունս շատ չի լինում պեղումներից հետո: Սկզբում սպառվում էի, ուժերս ճիշտ չէի օգտագործում։ Հիմա ֆիզիկապես բավականին կոփված եմ ու պատրաստ. կապտուկներ շատ քիչ եմ ունենում, հոգնածությունս շատ չի: Նաեւ հիմա ավելի շատ որպես գիտնական եմ գնում պեղումներին, ոչ թե բանվոր, որն ուղղակի ֆիզիկական աշխատանք է անում: Կարծում եմ, որ ծնողներս արդեն համակերպվել են հնագետ լինելուս գաղափարի հետ, ավելին՝ իրենք էլ են հետաքրքրվում, ցանկություն հայտնում մեկ-մեկ գալ, պեղումները նայել:
– Դեռ կան որոշ կարծրատիպեր «աղջկա մասնագիտություն, տղայի մասնագիտություն» թեմայով: Աղջկա` գիտությամբ զբաղվելն անգամ մարդկանց որոշ խմբի մոտ քննադատությունների առիթ է դառնում: Նման խնդրի բախվե՞լ ես:
– Հա, անպայման։ Երբ նոր էի սկսում գնալ, եղած հիմնական մասնագետները տղամարդիկ էին, բայց բախտս բերեց երեւի, որ առաջին արշավախմբիս ղեկավարը ինքնուրույն, կայացած կին էր ու շատ լավ օրինակ ինձ համար: Սկզբում շրջապատումս ու նույնիսկ բարեկամներս ասում էին, որ «աղջկա մասնագիտություն» չեմ ընտրել, ապագա չեմ ունենա էդ մասնագիտությունով, բայց կարծում եմ՝ հենց նման օրինակներով էլ պիտի կոտրվի էդ կարծրատիպը ու մարդիկ զբաղվեն նրանով, ինչ սիրում են:
Զրուցեց
ԱՐՈՒՍՅԱԿ ԿԱՊՈՒԿՉՅԱՆԸ
«Առավոտ»
09.03.2018