«Դա անպատասխանատու հայտարարություն է եւ բացահայտ սուտ: Խոսքի ազատությունից օգտվելիս մեր փաստաբանները պետք է իրենց պատասխանատու զգան: Ընտրվել եմ փաստաբանների կողմից եւ հաշվետու եմ նրանց առաջ: Մենք բաց ենք մեր գործընկերների առաջ՝ ցանկացած քննարկում ծավալելու համար»,-հայ եւ օտարերկրացի փաստաբանների համաժողովում այսօր անդրադառնալով փաստաբան Վահե Գրիգորյանի մեղադրանքներին, թե ՀՀ փաստաբանների պալատը գործիք է իշխանության ձեռքում, ասաց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:
«Փաստաբանների պալատում 1900 փաստաբան ունենք: Բնական է, որ 35 կամ ավելի փաստաբաններ այլ կարծիք կունենան»,-նկատեց նա:
Արա Զոհրաբյանը մատնանշեց տարակարծության պատճառները. «Նախ, ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի հետ որոշակի հակասություններ կան: Պատճառն այն է, որ ՓՊ-ում 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ֆինանսական կորուստ ենք ունեցել: Քրեական գործն այժմ դատարանում է»:
Մյուս խնդիրը, ըստ Արա Զոհրաբյանի, փաստաբանների մի խմբի գաղափարական հակասություններն են. «Ես, եւ փաստաբանների մեծամասնությունը գտնում ենք, որ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը տարածվում է նաեւ հանրային կյանքի վրա: Իսկ փաստաբանների մի մասն այդպես չի կարծում ու համարում է, որ հանրային հարթակներում կարող է վիրավորական արտահայտություններ հնչեցնել»:
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի դիտարկմանը, թե քաղաքական ենթատեքստով քրեական գործերով հանդես եկող փաստաբանների հանդեպ խտրական կարգապահական վարույթներ են հարուցվում ՓՊ կողմից, Արա Զոհրաբյանն ընդգծեց. «Դատական սանկցիան պարտադիր հիմք է՝ փաստաբանի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու համար: Դեպքեր ենք ունենում, երբ փաստաբաններն ուղղակի լքում են նիստերի դահլիճը, ըստ այդմ՝ դատավորը կիրառում է սանկցիա եւ ուղարկում է Փաստաբանների պալատի խորհրդին: Մենք համոզված ենք, որ փաստաբանն իրավունք չունի լքել նիստերի դահլիճը՝ առանց դատավորի թույլտվության»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ