«Փաստաբանների պալատի մենաշնորհը պետք է վերացվի: Այսօր ՓՊ-ն վերածվել է լճացած, նեխած կառույցի, որը փաստաբանության թիվ մեկ խնդիրն է: Մրցակցություն է պետք, մի քանի պալատ է պետք, որպեսզի բոլոր փաստաբանները ներգրավվեն»,-հայ եւ օտարերկրացի փաստաբանների մասնակցությամբ այսօրվա համաժողովում աղմկոտ ելույթից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը:
Նա նաեւ մեկնաբանեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի՝ նախկինում հնչեցրածը, թե փաստաբանների վարքագծի կանոնագիրքը տարածվում է նաեւ հանրային հարթակի վրա: Վահե Գրիգորյանը համաձայն չէ. «Կանոնագրքի համաձայն՝ փաստաբանը պատասխան է տալիս միայն իր մասնագիտական գործունեության համար, իսկ նրա անձնական կամ հանրային կյանքը քննարկման ենթակա չէ: Ուստի Արա Զոհրաբյանի նախընտրությամբ կամ ճաշակով չէ, որ լուծվում է այս հարցը»:
Ապա` նա գնահատականներ հնչեցրեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի մասին. «Նրա պես իրավունքից ու տրամաբանությունից կտրված դատողություններ անողները շատ են: Եթե Արա Զոհրաբյանը համոզված է, որ փաստաբանի հանրային կյանքն էլ պետք է կանոնագրքով որոշվի, պետք է փոխի այն պետությունը, որտեղ հիմա ապրում է: Որոշ այլ երկրներում ընդունված է, որ անձնական կյանքը կանոնագրքով է որոշվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ