Մարտի 11-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ կանցկացվեն ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում: Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվեն ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:
Այս մարզերում գործելու են 21 տեղամասային ընտրական կենտրոններ:
ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ ՀՀԿ-ի և 2-ը` ԲՀԿ-ի կողմից:
Առաջադրված թեկնածուների շարքում գերակշռում են ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Հատուկենտ համայնքներում առաջադրվել են անկուսակցական կամ այլ կուսակցության ներկայացուցիչներ: Արարատի Եղեգնավան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է անկուսակցական Հովսեփ Ղազարյանը: Նա առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Արարատի մարզի Նորամարգ համայնքում ինքնաառաջադրվել է անկուսակցական Արսեն Ղահրամանյանը: Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում առաջադրվել է ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը, Լոռու Դեբետ համայնքում՝ անկուսակցական Աշոտ Ղազարյանը: Այս համայնքում առաջադրվել է նաև ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը: Կոտայքի մարզի Հացավան համայնքում ևս առաջադրվել է ԲՀԿ-ական թեկնածու՝ Շավարշ Սարգսյանը: ՀՅԴ-ն միայն մեկ թեկնածու է առաջադրել՝ Լոռու Դեբետ համայնքում՝ Դեբետի մշակույթի կենտրոնի տնօրեն Արայիկ Սարգսյանը: Ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին ոչ մի համայնքում թեկնածու չի առաջադրել:
ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն» ՀԿ-ն՝ 57 դիտորդներով և «Համահայկական երիտասարդական ասոցիացիան»՝ 58 դիտորդներով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ