Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ լրագրողների 7-օրյա արկածային եւ անկրկնելի այցը՝ Շարմ էլ Շեյխ

Մարտ 09,2018 17:02

Մարտի 1-8-ը հայաստանյան ԶԼՄ-ների 30 ներկայացուցիչներ ճանաչողական այցով Շարմ էլ Շեյխում էին: Media trip-ը կազմակերպել էր AIR CAIRO ավիաընկերությունը եւ Հայաստանում այդ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը՝ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը:

Եգիպտոսի մասին Հայաստանում բավականին միֆեր են շրջանառվում ու մինչ այնտեղ մեկնելը մեզ զգուշացնում էին՝ ուղտ չնստեք՝ արաբները նստեցնում են ու փախցնում, հետո ասում էին՝ դառնալու եք թրաֆիքինգի զոհ, զգույշ կլինեք, զգուշացնում էին, որ մարդաշատ տեղերից խուսափենք, ահաբեկչություն կա:

Առաջին օրը, երբ Reef Oasis Blue Bay հյուրանոցի աշխատակիցն ուղեկցում էր մեզ համարներ, դեռ անհանգստություն կար, գիշերվա ժամերին արաբ հանդիպելիս մտածում էի կարատեի ինչ շարժում անեմ, եթե հանկարծ փորձեն ինձ փախցնել: Հետո հասկացա, որ Շարմ էլ Շեյխն ամենաանվտանգ վայրերից է՝ անմոռանալի հանգիստ ունենալու համար, իսկ հյուրանոցների աշխատակիցներն ամենաջերմ ու օգնելու պատրաստակամ մարդիկ են:

Ցանկացած հյուրանոց մտնելիս մենք արժանանում էինք հատուկ ընդունելության: Այստեղ հետաքրքիր ավանդույթ կա՝ հյուրանոցների անձնակազմը զբոսաշրջիկներին դիմավորում է ձեռքերը մաքրելու համար ախտահանող սրբիչներով եւ հյութով կամ գինիով՝ լայն ժպիտը դեմքին: Դա նշանակում է՝ բարի գալուստ: Նույնքան գեղեցիկ է հյուրանոցից ճանապարհելը՝ ողջ ղեկավար կազմը դուրս էր եկել փողոց, շարք կազմել եւ ձեռքով հրաժեշտ էին տալիս՝ որպես հարգանքի նշան: «Ձեզ լավ օր եմ մաղթում», «Ձեզ ուրախ երեկո եմ մաղթում», «Գեղեցիկ օր ունենաք», այս մաղթանքները հնչում էին հյուրանոցների աշխատակիցների կողմից՝ ամեն անգամ ընդունարան մտնել, դուրս գալիս, տեղ գնալիս եւ վերադառնալիս: Իսկ եթե ասում էիր՝ «սալամ ալեյքում»՝ ժպտում էին, հարցնում ողջությունը, ամեն կերպ փորձում օգտակար լինել: Քանի որ Շարմ էլ Շեյխում շատ էին ՌԴ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկները, արաբներն արդեն սովորել էին վարժ խոսել ռուսերեն, հաղորդակցվում էին նաեւ անգլերենով:

Եգիպտոսում ամենուրեք արեւելյան ճոխությունը, շռայլությունը աչք էր ծակում՝ շքեղ լողավազաններ, ծովափեր, բազմազան սնունդ, երեկոյան ժամերին կազմակերպվող ժամանցային միջոցառումներ, ծովափերում երգ, պար, խաղային մրցույթներ, բարձր տրամադրություն:

Առաջին օրը անմիջապես Կարմիր ծովի գեղեցիկ ծովափին բացօթյա շքեղ ընթրիք էր կազմակերպվել՝ դիմավորող կողմի հետ: Նրանց հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ լինելով ռազմականացված պետություն, բնակիչները քաղաքականացված չեն: Եգիպտոսն ունի 104 մլն բնակչություն, բայց կոնկրետ Շարմ էլ Շեյխում որեւէ գրանցված բնակիչ չկա: Սա եգիպտացիների համար, կարելի է ասել, խոպան է՝ կանանց թողնում են իրենց տանն ու գալիս աշխատելու: Առհասարակ սպասարկման ոլորտում որեւէ արաբ կին չհանդիպեցինք, մատուցողները, հավաքարարները, բոլորը տղամարդիկ էին, իսկ այն կանայք, որոնք աշխատում էին՝ որպես մենեջեր, ղեկավար կազմում էին եւ հիմնականում ռուս սլավոնացի:

Երկրորդ օրն այցելեցինք Շարմ էլ Շեյխի տեսարժան վայրերը, եղանք մզկիթում, Ղպտի ուղղափառ եկեղեցում, որտեղ սպասավորը հետաքրքիր մատուցմամբ ներկայացրեց, թե ինչ է իրենց համար հավատը, ինչպես է քրիստոնեությունը Եգիպտոս մտել, բացատրեց եկեղեցու հրաշք սրբապատկերների նախապատմությունը եւ որ ամենակարեւորն է՝ սովորեցրեց հավատալ հրաշքների:

Կարճ ժամանակ անց հասկացանք, որ իսկապես հրաշքներ լինում են, Շարմ էլ Շեյխում հնարավոր է առանց վարել իմանալու Սաֆարի տուրի մասնակցել եւ անապատում մոտոցիկլով ադրենալինի մեծ չափաբաժին ստանալ, առանց լողալ իմանալու՝ դայվինգ անել, սուզալողից վերադառնալ անկրկնելի տպավորություններով: Կարմիր ծովի տակ գտնվող մեկը մեկից սիրուն քարերի, գունազարդ ձկների աշխարհը ստիպում է քեզ մոռանալ ցամաքային կյանքը եւ վայելել հրաշք ձկների սերը: Ի դեպ, դայվինգի ժամանակ հանդիպեցինք կորալյան խութերում բնակվող «թիթեռ ձկներին», որոնք սիրային զույգ են հիշեցնում, շրջում են զույգերով, երբ մեկը ոչնչանում է, զույգը ինքնազոհվում է իր հետ միասին:

Անռիվա-Տուրը կազմակերպել էր նաեւ հետաքրքիր եւ անմոռանալի նավարկություն՝ Կարմիր ծովում: «Fantazia Cruise» նավի վրա ճաշը, հրաշալի տեսարանները այնքան տպավորիչ էին, արբեցնող ու լիցքաթափող:

Լրագրողների խումբն այցելեց նաեւ «Taj Mahal» բացօթյա դիսկոտեկ, այստեղ տարբեր ազգերի ներկայացուցիչ զբոսաշրջիկներ ինքնամոռաց պարում էին, հանկարծ նետվում դիսկոտեկում գտնվող լողավազանի մեջ, թարմանում եւ նորից շարունակում պարել:

Շարմ էլ Շեյխի ամենաշքեղ հյուրանոցներից էր «Savoy»-ը, որը շատ մոտ էր «Սոհո» հրապարակին: Սոհոյում երեկոյան ժամերին 15 րոպեով գունավոր ու երգող շատրվաններն էին միանում, որն իր շուրջ էր հավաքում հրապարակի բոլոր տուրիստներին: «Savoy»-ի լողավազաններում՝ տարբեր խորության, տարբեր ջերմաստիճանի, սովորեցինք վարպետորեն լողալ, սկզբում աշխատակիցները վախից նետեցին փրկարար օղակները, ուշադիր հետեւում էին, որ չխեղդվենք: Կարճ ժամանակ անց ստեղծեցինք հայ լրագրողների սինխրոն լողի հավաքական, որը պարզապես փայլեց:

6-րդ оրը մասնակցեցինք «Հազար ու մի գիշերներ» պորտապարերի շքեղ շոու ծրագրին:

Իսկ թե «Հազար ու մի գիշերներում» օձերի համարի ժամանակ ինչ եղավ, «Barcelo Tiran» հյուրանոցում հայերն ինչ արեցին եւ Բեդվինների գյուղում ինչպես ծածանվեց հայոց Եռագույնը՝ կներկայացնենք հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031