Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում գյուղատնտեսության արտադրանքը նվազել է, իսկ վարչապետը գոհ է

Մարտ 09,2018 16:51

2017 թ. Տավուշի մարզում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ՝ 2016 թ. 41.3 մլրդ դրամի դիմաց: Նվազումը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքով, պայմանավորված է 2017 թ. ցրտահարությամբ եւ կարկտահարությամբ, ինչպես նաեւ ցանքաշրջանառության ծավալի կրճատմամբ: 2017 թվականին, 2016 թ.-ի համեմատ,  մարզում 5000 հա պակաս է ցանվել: Տավուշի մարզում կա ընդամենը 6300 հա ոռոգովի հողատարածք, որից 2017 թ. ոռոգելի է եղել 4757 հա-ն:

Դիլիջանում փետրվարի 24-ին կայացած, 2017 թ. Տավուշի մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին եւ 2018 թ. անելիքներին նվիրված, վարչապետ Կարեն Կարապետյանի վարած խորհրդակցության ժամանակ մարզպետ Հ. Աբովյանը  կառավարության ղեկավարին զեկուցել է, որ 2017թ. Տավուշում գյուղատնտեսական արտադրանքի մթերման հետ կապված խնդիր չի եղել, ջրամատակարարման հետ կապված հարցերի դեպքում ջուր օգտագործողների ընկերությունը ժամանակին արձագանքել է, թեպետ մարզում ոռոգման խնդիր կա: Իրականում Նոյեմբերյանի տարածաշրջանի, Դեբեդի հովտի այգեգործները 2017թ.-ին  չեն կարողացել մթերել կարկտահարությունից ապրանքային տեսքը կորցրած միրգը, հիմնականում`դեղձը: Նոյեմբերյանի պահածոների արտադրամասերից ոչ մեկը այգեգործներից դեղձ չի ընդունել: Վերջիններս ստիպված են եղել հավաքված դեղձից տնական եղանակով օղի թորել:

Մարզպետը վարչապետին հայտնել է, որ  Տավուշի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են ջերմոցային, չորանոցային եւ սառնարանային տնտեսությունների, այգիների եւ վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր, 2018 թ. մարզում կանխատեսվում է հիմնել 350 հա ինտենսիվ այգիներ:  Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2016 թ. մարզում հիմնվել են 25.3 հա, 2017 թ.-ին՝ 69.7 հա պտղատու եւ ելակի ինտենսիվ այգիներ: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Վարչապետը, գոհունակություն հայտնելով գյուղատնտեսության ոլորտում Տավուշի մարզում արձանագրված առաջընթացից, նշել է, որ այս տարի հեռանկարում պետք է ունենալ շատ ավելի բարձր աճի ապահովումը՝ հաշվի առնելով առկա միտումները»:

Ներկայումս Տավուշի մարզում աշնանացանը կազմում է 3416 հա, որը նախորդ տարիների աշնանացանի ցուցանիշից խիստ պակաս է, հանվել է հացահատիկի սերմացուի, դիզելային վառելիքի եւ պարարտանյութի գների պետական սուբսիդավորումը: Տավուշում միայն Նոյեմբերյանի տարածաշրջանի մի հատվածում է տեղադրված հակակարկտային համակարգ, որն էլ արդյունավետ չէ, այգիները չի պաշտպանում կարկտից: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրություն չի գործում, ինչի հետեւանքով Տավուշի մարզի շատ ֆերմերներ չեն կարողացել մարել  վերցրած վարկերը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031