Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավար Նորայր Մելքոնյանը, նրա որդին ու կինը երեկ իրենց համագյուղացիների կողմից հարձակման են ենթարկվել ցանկապատի վեճի պատճառով: Ըստ գյուղապետի՝ իր դիտողությունը համագյուղացիներին դուր չի եկել, դրա համար էլ սկսվել է միջադեպը.
«Եթե համայնքի ղեկավարն ասում է՝ չի կարելի, իրենք պնդում են ու նման քայլի են գնում, ով է մեղավոր»:
Հիշեցնենք, որ պարզվել է՝ Ողջաբերդ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Սահակ Պապիկյանը և նույն գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Աշոտ Մուշեղյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ հնչեցնելով, ծեծի են ենթարկել Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի 1-ին տան բնակիչ՝ 63-ամյա Նորայր Մելքոնյանին, նրա կնոջը Լիաննա Մելքոնյանին եւ որդուն՝ Նելսոն Մելքոնյանին:
Մեր հարցին, թե ձեր կինն ու որդին մարմնական ինչ վնասվածքներ են ստացել, գյուղապետն ասաց՝ չի կարող ասել, տանը չէ: Կան տեղեկություններ, որ վնասվել է նաեւ գյուղապետի մեքենան: Ըստ գյուղապետի՝ իրենց մեքենան ջարդուփշուր վիճակում տեղափոխվել է բաժանմունք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ