Aravot.am-ն այսօր Դավիթ Պիպոյանից, որը ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավարն է, հետաքրքրվեց` ինչպե՞ս սպառողները ճիշտ կողմնորոշվեն ո՞ր տնտեսվարողի արտադրանքն է անվտանգ: Մեր այն հարցին, թե վերջերս հաճախ ենք տեսնում, որ ԶԼՄ-ն ներկայացնում է փորձաքննության արդյունքները` այս կամ այն սննդի վտանգավոր լինելու մասին, իսկ լիազոր պետական մարմինը` ՍԱՊԾ-ն հերքում` վկայակոչելով իր կատարած հետազոտության արդյունքները, Դավիթ Պիպոյանը պատասխանեց` եթե տվյալ տնտեսվարողի անունը հայտնվել է ցուցակում` պետք է հրաժարվել նրա արտադրանքից:
«Անկախ նրանից որ աղբյուրից է գալիս այդ տեղեկատվությունը պետք է զերծ մնալ տվյալ սննդամթերքի սպառումից: Եթե առաջինը արձագանքել է ԶԼՄ-ն, հետո նոր միայն պետական վերահսկողություն է իրականացվել, ակնհայտ է, որ չի կարող նույն պատկերը ստացվել, որովհետեւ, որեւէ տնտեսվարող սուբյեկտ միամիտ չէ, որ իր անունը հայտնվի մամուլում, մեկ շաբաթ անունը ծեծվի, եւ ինքը շարունակի դարձյալ նույն խախտումներն անել»:
Մանրամասները` տեսանյութում
Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը ներկայացնելով սննդամթերքի անվտանգության ռիսկերը նաեւ նշեց, որ հասարակության մեջ իրազեկման ցածր մակարդակը բացասական ազդեցություն է թողնում եւ խնդիրներ է առաջացնում: Նա, վկայակոչելով ուսումնասիրության արդյունքները նկատեց, որ վերջին երկու տարիների ընթացքում Երեւանում մթերքի ձեռքբերման հիմնական չափորոշիչը գինն է. «Սննդակարգի ձեւավորման հարցում մեծ դեր ունի հենց գինը: Երեւանի բնակիչների սննդակարգը տարվա ընթացքում թռիչքային փոփոխություններ է կրում՝ հաշվի առնելով, որ սեզոնային բնույթով պայմանավորված ձմեռային ամիսներին մի շարք մթերքներ շատ թանկ են»:
Ըստ նրա, 2015, 2016, 2017 թվականներին երեւանցիներն ավելի շատ կարմիր միս են օգտագործել, քան սպիտակ՝ հավի միս, սակայն թանկացումներից հետո 250 տոկոսով ավելացել է թռչնամսի սպառումը: Պարոն Պիպոյանի դիտարկմամբ, մեր երկրում, հատկապես ամռան ամիսներին, թարմ պտուղ բանջարեղենի սպառումը կազմում է բարձր տոկոս, ինչի արդյունքում թունաքիմիկատների ռիսկն ավելի բարձր է:
Ինչ վերաբերում է տնտեսվարողների արտադրանքին վստահել-չվստահելուն, ապա սննդագիտության դոկտորը գտնում է, որ եթե տնտեսվարողը չի ներդրել անվտանգության համակարգ, ապա չի կարող մշտապես անվտանգ սննդամթերք երաշխավորել:
Պարոն Պիպոյանը վստահեցնում է, որ անվտանգության համակարգ ներդնելով գործարարն իր եկամուտները կավելացնի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ