«Եվրոպական Պլանավորման Խորհրդաժողով 2018. առանց սահմանների Եվրոպա» երիտասարդական խորհրդաժողովի մասնակից փորձագետները վստահեցրին՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը գործիք է ՀՀ-ում գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար:
«Երևանի Եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպության՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆինանսական աջակցությամբ և Հայաստանում ամերիկյան համալսարանի տեխնիկական գործակցությամբ անցկացվող խորհրդաժողովին մասնակցելու համար ՀՀ են ժամանել երիտասարդական քաղաքականության 220 մասնագետներ եվրոպական 25 երկրից:
Քննարկման ընթացքում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս ընթացքի մասին, հայտարարեց՝ մենք պետք է ավելին պահանջենք քաղաքացիական հասարակությունից և պատգամավորներից. «Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը գործիքներ է տալիս Հայաստանին գոյություն ունեցող խնդիրների լուծման համար: Այնպես չէ, որ ԵՄ-ն լուծելու է մեր բոլոր խնդիրները: Մենք պետք է պատասխանատվություն վերցնենք մեզ վրա ԵՄ-ի տրամադրած գործիքներն օգտագործելով` լուծել մեզ հուզող խնդիրները: Եվ առաջացած խնդիրների համար ամենևին էլ պետք չէ մեղադրել Ռուսաստանին»:
Ըստ պարոն Կիրակոսյանի՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը միայն Հայաստանի հաղթանակը չէր. «Այս համաձայնագրի ստորագրումը Բրյուսելում ՀՀ-ի վստահությունը վերականգնելու լավագույն հնարավորություն է: Սա հաղթանակ է ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար»:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովան վստահեցրեց՝ բարեփոխումների գործընթացը ժամանակատար է, արդյունքները մեկ գիշերվա մեջ չեն երևում. «Մենք քաջալերում ենք անդամ երկրների կառավարություններին, մոտիվացնում նրանց, որպեսզի բարեփոխումներ իրագործեն: ՀՀ-ում մենք այդ գործընթացը սկսել ենք դեռ 2004 թվականից: Բայց արդյունքները մեկ օրում կամ գիշերում չեն երևում, դա երկարատև գործընթաց է: Դա կախված է նաև անդամ երկրների տրամադրվածությունից և պատրաստակամությունից: Օրինակ՝ Մոլդովայում կոռուպցիոն սկանդալի պատճառով մենք կասեցրինք ֆինանսավորումը»:
Անդրեա Խալուպովան շեշտեց՝ ԵՄ-ն ինտեգրացիոն մի կառույց է բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են զարգանալ և բարեփոխումներ իրագործել: Ըստ Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատուի՝ իրենք յուրաքանչյուր գործընկերոջ հետ համագործակցում են՝ հաշվի առնելով այդ երկրի յուրահատկությունները:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն էլ կարևորեց անդամ երկրների քաղաքացիների շրջանում եվրոպական լեզուների տարածումը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր եվրոպացի պետք է իմանա գոնե երկու օտար լեզու. «Եվրամիությունը բաց է բոլոր երկրների և ամբողջ աշխարհի համար: Յուրաքանչյուր եվրոպացի պետք է իմանա գոնե երկու օտար եվրոպական լեզու: Սա եվրոպական անհատականության մի մասն է»:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վստահեցրեց՝ ՀՀ-ի՝ ԵՄ անդամ դառնալը վերջնական նպատակ չէ. «Ինչպես գիտեք՝ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ն: Ուստի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն իրականում ավելի շատ եվրոպական սկզբունքների որդեգրմանն է ուղղված: Առանց այս համաձայնագրի ստորագրման, առանց ԵՄ անդամ լինելու Հայաստանը եվրոպական սկզբունքների կրողն էր, դրանք հոգեհարազատ են մեր քաղաքացիներին: Մենք այս արժեքները կիսում ենք՝ ԵՄ անդամ չլինելով հանդերձ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ